
2. - Նյութական աչքերն անօգուտ են Աստծուն տեսնելու համար (Կյուրեղ Երուսաղեմացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Իսկապես անհնարին է ճանաչել Աստծուն մարմնի աչքերով, քանի որ այն, ինչը որ մարմնական չէ, չի կարող ընկալվել նյութական հայացքի կողմից։ Հաշվի առնենք նաև, որ Աստծո Միածին Որդին Ինքն է հաստատում մեզ դա` ասելով. «Ոչ ոք երբեք չի տեսել Աստծուն» (Հվհ 1, 18)։ Եվ ուրեմն, նույնիսկ եթե այն, ինչ գրված է Եզեկիելի գրքում, ինչ որ մեկը հասկանում է դա այն իմաստով, որ Մարգարեն գրեթե տեսել է Աստծուն, թող որ ուշադիր լսի այն, ինչը որ հաստատում է Սուրբ Գիրքը։ Մարգարեն տեսավ «Տիրոջ փառքի նմանությունը» (Եզկ 2, 1). ո՛չ անձամբ Տիրոջը, այլ` միմիայն մի «նմանություն Նրա փառքի», հետևաբար` և ո՛չ իսկ Նրա ճշմարիտ փառքն այնպիսին, ինչպիսին որ կա իրականում։ Եվ սակայն, չնայած որ տեսել էր աստվածային փառքի երևույթը միայն, և ո՛չ իսկ ճշմարիտ փառքը, Մարգարեն գետնին փռվեց ահից։ Ուստի, եթե Աստծո փառքի մի պարզ նմանության դիմաց գտնվելը այդ կերպ զարհուրեցնում և ապշեցնում էր անգամ Մարգարեներին, երբ ինչ որ մեկը համարձակվեր սեփական հայացքը սևեռել Ինքնին Աստծո վրա, կկորցներ կյանքը։ Հենց Սուրբ Գիրքն է վկայում մեզ դրա մասին. «Ոչ ոք չի կարող տեսնել իմ երեսը և ողջ մնալ» (Ելց 33, 20)։
Այս պատճառով Աստված, Իր անսահման բարության համաձայն, տարածեց երկինքը[1] իբրև քող, որով թաքցրեց Իր Աստվածությունը, որպեսզի մենք չմեռնենք։ Սա իմ կարծիքը չէ, այլ` Մարգարեն ինքն է հաստատում. «Եթե բացեիր երկնքի դարպասները, Քո ահը կտիրեր լեռների վրա, այնպես` որ կոչնչանային» (Ես 64, 1)։ Ուրեմն ինչո՞ւ է զարմացնում քեզ փաստը, որ Եզեկիելն ինքը, աստվածային փառքի մի պարզ նմանությունը տեսնելիս [անգամ] փռվեց գետնին։
Երբ Աստծո ծառա Գաբրիելը երևաց Դանիելին, նա իսկույն ապշահար մնաց, և նման տեսարանի դիմաց` ինքն էլ գետնին փռվեց։ Եվ Մարգարեն չհամարձակվեց նաև պատասխանել, մինչև որ հրեշտակը չփոխեց իր կերպարանքը մարդու որդու տեսքի (հմմտ. Դնլ 8, 17; 10, 15-16)։ Եթե Գաբրիելի տեսքը դողալ էր տալիս Մարգարեներին, այն դեպքում, եթե Աստված անձամբ երևար նրանց Իր Էության համաձայն, մի՞թե բոլորը չէին մեռնի։
Մարմնական աչքերին, հետևաբար, տրված չէ Աստվածային Բնությունը ուղղակի կերպով տեսնելու կարողությունը. այնուամենայնիվ, աստվածային գործերի միջոցով ի վիճակի ենք գաղափար կազմելու Նրա զորության մասին, նույն ինքն Սողոմոնի խոսքի համաձայն. «Արդարև, արարածների մեծափառությունից և գեղեցկությունից տրված է մեզ ճանաչել, պատշաճ համամասնություններով, նրանց Արարչին» (հմմտ. Իմս 13, 5)։ Հաշվի առնենք, որ նա չի պնդում, թե արարածներից մեկնելով անպայման կարելի է հասնել նրանց Արարչի պատշաճ ընկալմանը, այլ` մանավանդ թե, ավելացնում է «պատշաճ համամասնություններով»։ Եվ ուրեմն, Աստված այնքան ավելի վսեմաշուք կերևա յուրաքանչյուրի համար, որքան ավելի վեհ եղած կլինի արարածներին ուղղված հիացմունքով լի դիտարկումը, որին հասած կլինի մարդը։ Երբ, իրոք, տվյալ մարդն իր հոգին բարձրացրած կլինի հայեցողության[2] ամենաբարձր գագաթների վրա, Աստծո վերաբերյալ ևս կկազմի մի առավել խորը ճանաչողություն։
Ուզո՞ւմ ես իմանալ, որ անհնարին է ճանաչել Աստծո էությունը։ Դա են հաստատում այն երեք պատանիները, որոնք հնոցի մեջ գովաբանում էին Աստծուն. «Օրհնյա՜լ ես Դու, որ քննում ես անդունդները, և բազմում ես քերովբեների վրա» (Դնլ 3, 55)։ Ասա՛ ինձ, եթե կարող ես. ինչպիսի՞ն է քերովբեների կազմվածքը։ Եվ միայն այդ ժամանակ փորձիր զատորոշել Նրան, Ով բազմում է նրանց վրա։ Եզեկիել Մարգարեն, որքան որ հնարավոր էր, ուրվագծեց նրանց նկարագրությունը, ասելով. «Յուրաքանչյուրը չորս դեմք ուներ. մեկը` մարդու, մյուսը` առյուծի, երրորդը` արծվի, վերջինը` եզան» (Եզկ 1, 6). «և յուրաքանչյուրը վեց թև» (Ես 6, 2). «և ամենուրեք աչքեր» (Հյտ 7, 8). «և նրանցից յուրաքանչյուրի ներքևում չորս մասի բաժանված անիվներ» (Եզկ 10, 12)։ Այնուամենայնիվ, սակայն, այս մարգարեական նկարագրությամբ հանդերձ, տակավին ի վիճակի չենք նրանց վերաբերյալ ճշգրիտ գաղափար կազմելու։ Եթե, իրոք, մեզ ի զորու չենք զգում զատորոշելու գահը, որը Մարգարեն հենց նոր նկարագրեց, ինչպե՞ս կարող ենք երբևէ ըմբռնել Նրան, Ով բազմում է այդ գահի վրա. անտեսանելի ու անճառելի Աստծուն։
Իսկապես անհնարին է հստակ կերպով հասկանալ, թե ի՛նչ է Աստված[3]։ Երբ, սակայն, դիտարկում ենք Նրա գործերը, մեր համար հնարավոր է դառնում Նրան ուղղված գովաբանություններ վերառաքելը։ [...]
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-386), « Մկրտական ուսուցումներ », 9, 1-3.