
3. - Ամենասուրբ Երրորդությունը (Ամբրոսիուս Մեդիոլանումացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Թող որ մարդկային ծննդաբերության հիշեցումը քեզ մոլորության մեջ չգցի՝ քեզ կարծել տալով, թե Նա առաջինը չէ, քանի որ Որդին է: Հավատարիմ մնա [Սրբազան] Գրություններին, և չես սխալվի: Որդին կոչվում է առաջինը: Կարդում ենք նաև, որ Հայրը միակն է. Նա «միակն է, որ անմահությունն ունի և բնակվում է անմատչելի լույսի մեջ» (1Տմ 6, 16), այնպես` ինչպես կարդում ենք. « [...] և միակ անմահ Աստծուն [...] » (1Տմ 1, 17): Բայց ո՛չ Հորից առաջ որևէ մեկը կա, ո՛չ էլ Նա միայնակ է՝ առանց Որդու: Եթե մերժում ես մեկը, չես հաստատում մյուսը. հետևիր երկուսին էլ և զորացրու հավատքդ երկուսի հանդեպ էլ: Նա չասաց. «Ես առաջինն եմ և գալիս եմ հետո», այլ` ասաց. «Ես Եմ առաջինը և վերջինը» (Հյտ 1, 8.17):
Որդին առաջինն է և, հետևաբար, հավիտենակից է Հորը. արդարև, Նա ունի Հայր, Ում հետ հավիտենական է: Ես համարձակվում եմ ասել, որ Որդին առաջինն է, բայց միայնակ չէ, և այսպես արտահայտվելով՝ խոսում եմ ուղղամտորեն և հավատքի համաձայն: Ինչո՞ւ եք սրում [ձեր] անբարիշտ ականջները, ո՜վ հերետիկոսներ: Դուք ընկել եք ձեր իսկ լարած թակարդը: Որդին առաջինն է և միայնակ չէ. առաջինն է, որովհետև միշտ Հոր հետ է, և միայնակ չէ, որովհետև երբեք առանց Հոր չէ: Սա ես չեմ ասում, Նա Ի՛նքն է ասել. «Եվ ես միայնակ չեմ, որովհետև Հայրն իմ հետ է» (Հվհ 16, 32):
Հայրը միակն է, որովհետև կա միայն մեկ Աստված. Հայրը միակն է, որովհետև կա միայն մեկ աստվածությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու, և այն, ինչը որ եզակի է, միակ է:
Հայրը միակ է, միակ է Միածին Որդին, և միակ է նաև Սուրբ Հոգին, որովհետև Հայրը Որդին չէ, ո՛չ էլ Որդին Հայրն է, և ո՛չ էլ Սուրբ Հոգին Որդին է: Մի Անձ է Հայրը, մի ուրիշ [Անձ] է Որդին, և մի ուրիշ [Անձ է] Սուրբ Հոգին: Արդարև, մենք կարդում ենք. «Ես կխնդրեմ Հորից, և Նա ձեզ մի ուրիշ Մխիթարիչ կտա» (Հվհ 14, 16):
Հայրը միակ է, որովհետև չկա ա՛յլ Աստված, Ումից ամեն ինչ բխում է. Որդին միակ է, որովհետև չկա ա՛յլ Տեր, Որի միջոցով ամեն ինչ գոյություն ունի: Միակ լինելը Աստվածության հատկանիշն է. մինչդեռ ծնունդը փաստում է, որ կա Հայրը և Որդին, այնպես` որ երբեք Որդին առանց Հոր չլինի, և Հայրը չթվա, թե առանց Որդու է:
Հետևաբար, Հայրը միայնակ չէ, որովհետև միակ անմահը չէ. միակը չէ, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որովհետև «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միակ Որդուց, որ Հոր ծոցում է» (Հվհ 1, 18), և որ նստած է Նրա աջ կողմում: Բայց ինչ որ մեկը համարձակվում է ասել, թե Նրա համար անմատչելի է այն լույսը, որտեղ բնակվում է Հայրը: Մի՞թե այդ լույսը Հորից ավելի վեր է: Այդ լույսն անմատչելի՞ է Նրա համար, Ով մուտք ունի Հոր մոտ:
Իրականում, Նա Ինքն է ճշմարիտ լույսը, հավիտենական լույսի հեղինակը, որի մասին ասված է. «Այն էր ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալիս է այս աշխարհ» (Հվհ 1, 9): Տե՛ս, ուրեմն, թե արդյոք սա չէ՞ այն անմատչելի լույսը, որի մեջ բնակվում է Հայրը և բնակվում է նաև Որդին, որովհետև Հայրը Որդու մեջ է, և Որդին՝ Հոր մեջ:
Ուրեմն, Տերը հիրավի մեծ է. ընդարձակ կերպով տարածվում է Աստծո զորությունը, աստվածային էության մեծությունը ձգվում է անչափելի կերպով: Երրորդությունը սահմաններ չի ճանաչում, սահմանագծեր չունի, չի կարող չափվել, չափսեր չունի. ո՛չ մի տարածություն չի կարող պարփակել Նրան, ո՛չ մի միտք՝ ընդգրկել, ո՛չ մի հաշվարկ՝ գնահատել, ո՛չ մի դարաշրջան՝ փոփոխել: [...]
Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (339/340-397), « Մեկնություն Ղուկասի Ավետարանի », 2, 12-13.