3. - Աստծուց հեռու գտնվելը կուրացնում է հոգին (Թեոֆիլոս Անտիոքացի) – Գրադարան – Mashtoz.org

3. - Աստծուց հեռու գտնվելը կուրացնում է հոգին (Թեոֆիլոս Անտիոքացի)

[...] Եթե դու ասեիր. «Ցույց տուր ինձ քո Աստծուն» (հմմտ. Սղմ 42, 4.11; 79, 10), ես կասեի քեզ. «Ցույց տուր ինձ քե՛զ որպես մարդ, և ես ցույց կտամ քեզ իմ Աստծուն»։ Ցույց տուր, ուստի, թե մտքիդ աչքերը տեսնո՞ւմ են, և թե սրտիդ ականջները լսո՞ւմ են։

Իրոք, ինչպես որ մարմնական աչքերն ընկալում են այս երկրի վրա շարժվող առարկաները, նկատելով տարբերությունները մեկի և մյուսի, լույսի և խավարի, սպիտակի և սևի, տգեղի և գեղեցիկի, ներդաշնակի ու աններդաշնակի, համաչափի ու տձևի, (և համանման կերպով պետք է ասենք այն բաների վերաբերյալ, որոնք լսվում են ականջների կողմից. սուր կամ թավ կամ ներդաշնակ ձայներ), տարբեր կերպ չէ, որ սրտի ականջները և մտքի աչքերը կարող են տեսնել Աստծուն։ Իրոք, Աստված կարող է տեսնվել միայն նրանց կողմից, ովքեր ի վիճակի են տեսնել Նրան. նրանց կողմից, այսինքն, որոնց հոգու աչքերը լիովին բաց են։

Իսկապես, թեև բոլորն էլ աչքեր ունեն, որոշ մարդկանց աչքերը երբեմն պատված են խավարով, և հետևաբար` ընդունակ չեն տեսնելու արևի լույսը։ Եթե կույրերն ի վիճակի չեն որևիցէ մի բան տեսնելու, սա չի նշանակում, թե արևի լույսը չի փայլում. պատճառը հարկավոր է նկատել միայն ու միայն նրանց կուրության մեջ։ Միևնույն ձևով, քո հոգու աչքերն էլ կուրացած են մեղքերիդ ազդեցությամբ, և այն չար արարքների, որ գործում ես։

Մարդու հոգին պետք է մաքուր լինի ջինջ հայելու նման։ Երբ հազիվ թե ժանգ է ձևավորվում հայելու վրա[1], մարդու դեմքը չի կարողանում արտացոլվել այնտեղ. նմանապես, մեղքով մթագնած մարդը չի կարող տեսնել Աստծուն։

Ցո՛ւյց տուր, ուրեմն, ինքդ քեզ. [ցո՛ւյց տուր,] որ պոռնկացող չես, կամ սանձարձակ, գող, կամ ավազակ, կամ թալանող, սոդոմական, կամ անպատկառ, կամ չարախոս, կամ զայրացկոտ. ցո՛ւյց տուր, որ նախանձող չես, կամ ամբարտավան, կամ գոռոզ, բռնի, կամ ագահ, կամ ծնողներիդ հանդեպ ըմբոստ. [ցո՛ւյց տուր,] որ չես վաճառում քո զավակներին[2]։ Հիրավի, Աստված չի հայտնվում նրանց, ովքեր այս կերպ են վարվում, եթե նախապես չեն մաքրվում բոլոր արատներից։

Բոլոր այս բաները խավար են տարածում քո մեջ, այնպես` ինչպես, երբ աչքերդ փառով են պատվում, տեսողությունդ անընդունակ է դառնում տեսնելու արևի լույսը։ Միևնույն ձևով, մեղքերդ էլ շուրջբոլորդ խավար են տարածում, այնպես` որ դու այլևս չկարողանաս ճանաչել Աստծուն։ [...]

 

Սբ. Թեոֆիլոս Անտիոքացի (? - 183/185), « Նամակ Աուտոլիկոսին », 1, 2.

 
[1] Հին ժամանակներում գործածվում էին մետաղական հայելիներ, որոնք, եթե միշտ չէին փայլեցվում, ժանգոտում էին և այլևս չէին կարողանում ծառայել որպես հայելի։
[2] Հայրապետը հիշատակում է հեթանոսական աշխարհի սոսկալի կանոնակարգերից մեկը. անչափահաս երեխաները համարվում էին ընտանիքի հոր սեփականությունը, ով կյանքի ու մահվան իրավունք ուներ նրանց վրա, կարող էր և՛ մահվան վճիռ արձակել նրանց դեմ, և՛ վաճառել ստրկության։ Այդ կանոնակարգերը փոխվեցին քրիստոնեական հասարակարգերում։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։