
3. - Աստծո դրական և ժխտական ստորոգելիները (Բարսեղ Կեսարացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Չկա մի անուն, որն ընդգրկելով Աստծո ողջ բնությունը՝ միայնակ բավարար լինի այն արտահայտելու համար: Բազմաթիվ տարբեր անուններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական իմաստը, միմյանց միացած՝ կարողանում են տալ մեզ Նրա մասին մի գաղափար, թեև շատ աղոտ ու չափազանց փոքրիկ, եթե համեմատենք աստվածային կատարելությունների ամբողջության հետ, բայց այնուամենայնիվ՝ մեր համար բավարար:
Այն անունների մեջ, որոնք վերագրվում են Աստծուն, ոմանք հատկությունների անուններ են, որոնք պատկանում են Աստծուն, ուրիշներ, մինչդեռ, մատնանշում են այնպիսի բաներ, որոնք նրա մեջ չկան: Այս երկու միջոցներով մենք կազմում ենք Աստծո մի որոշակի պատկեր՝ ժխտելով այն, ինչը որ Նրան պատշաճ չէ, և հաստատելով այն, ինչը որ Նրան հատուկ է:
Այսպիսով, երբ մենք ասում ենք, որ Աստված անապականելի է, դա նույնն է, ինչ ասենք ինքներս մեզ կամ նրանց, ովքեր մեզ լսում են. «Մի՛ կարծիր, թե Աստված ենթակա է ապականության»: Եվ երբ ասում ենք, որ Նա անտեսանելի է. «Մի՛ պատկերացրու, թե Աստված կարող է հասանելի լինել տեսողության զգայարանի միջոցով»: Երբ ասում ենք, որ անմահ է, կամենում ենք ասել. «Մի՛ կարծիր, թե մահը կարող է վրա հասնել Աստծո համար»: Եվ նմանապես, երբ ասում ենք, որ Նա անծին է, մենք ասում ենք. «Մի՛ մտածիր, թե Աստծո գոյությունը կախված է ինչ որ մի պատճառից կամ սկզբունքից»:
Եվ առհասարակ, այս եզրույթներից յուրաքանչյուրը մեզ զգուշացնում է, որ չպետք է թույլ տանք մեզ տարվել անպատշաճ մտքերով՝ ամեն անգամ, երբ ինչ որ մի ենթադրություն ենք անում Աստծո վերաբերյալ: Հետևաբար, Աստծո բնորոշ հատկությունները ճանաչելու համար մենք պետք է խուսափենք, Աստծո մասին դատողություններ անելիս, թողնելուց, որ մեր միտքը տարվի դեպի այնպիսի բաներ, որոնք պատշաճ չեն Աստծուն, որպեսզի այնպես չպատահի, որ մարդիկ Աստծուն պատկերացնեն որպես ապականելի, կամ տեսանելի, կամ ծնունդ առած էակներից մեկը: Եզրակացնելով, այս բոլոր արգելող անուններով ժխտվում է այն, ինչը որ օտար է Աստծուն. մեր միտքը, զանազանելով, մերժում է այն հասկացությունները, որոնք պատշաճ չեն Նրան:
Մյուս կողմից, մենք ասում ենք, որ Աստված բարի է, արդար, արարիչ, դատավոր, և նման ա՛յլ բաներ: Ինչպես վերոասացյալ եզրույթները մատնանշում էին Աստծուն օտար հատկությունների ժխտումը կամ բացակայությունը, այնպես էլ սրանք մատնանշում են այն հատկանիշների հաստատումն ու ներկայությունը, որոնք հատուկ են Աստծուն և որոնք խորհրդածությունը պատշաճ կերպով բացահայտում է Նրա մեջ:
Այսպիսով, անվանումների այս երկու տեսակների միջոցով մենք տեղեկանում ենք այն մասին, ինչը որ պատկանում է Աստծուն: «Անծին» եզրույթը մատնանշում է այն, ինչը որ Աստծո մեջ չկա. այն նշանակում է, որ Աստված ծնված չէ: Մենք չենք վիճարկում, որ այս փաստը կոչվի զրկում, կամ արգելք, կամ ժխտում, կամ նման մի ա՛յլ բան. բայց մեզ թվում է, թե բավարար չափով ցուցաբերեցինք մեր ասածներով, որ «անծին» բառը մատնանշում է այն որակներից մեկը, որոնք Աստծո մեջ չկան: [...]
Սբ. Բարսեղ Կեսարացի (329-379), « Ընդդեմ Էունոմիոսի », 1, 10.