3. - Արարչի և հայտնության միությունը (Իրենեուս Լուգդունացի) – Գրադարան – Mashtoz.org

3. - Արարչի և հայտնության միությունը (Իրենեուս Լուգդունացի)

[...] Եթե Արարիչը – և միայն սա՛ է ճիշտ – ինքնուրույն է տնօրինել և կատարելագործել բոլոր գոյությունները, քանի որ Նրա կամքի մեջ է բովանդակված բոլոր գոյությունների էությունը, ապա պարզ է, որ Նա է ամեն ինչի ճշմարիտ, ամենակալ Արարիչ Աստվածը, բոլոր տեսանելի ու անտեսանելի, զգալի և ո՛չ զգալի, երկնային ու երկրային իրականությունների Հայրը և Ստեղծողը: Իր զորության խոսքով Նա ամեն ինչ կազմում է, և ամեն ինչ կարգավորել է Իր իմաստությամբ. ամեն ինչ բովանդակում է, և ոչնչի կողմից բովանդակված չէ. արտադրողը, հիմնադիրը, հայտնագործողը, Արարիչը և Տերն է ամեն ինչի. Նրանից դուրս և Նրանից վեր չկա ո՛չ մի ա՛յլ Աստված։ [...]

Միայն մեկն է, ուրեմն, Արարիչ Աստվածը, Ով վեր է բոլոր Պետություններից ու Իշխանություններից, Տերություններից ու Զորություններից(1). Նա Հայր է, Աստված, Հիմնադիր, Արարիչ և Հեղինակ. Նա ինքնուրույն ստեղծեց բոլոր գոյությունները, այսինքն՝ Իր Խոսքի և Իր Իմաստության միջոցով, երկինքն ու երկիրը, ծովերը և այն ամենը, ինչ նրանց մեջ է: Նա արդար է և բարի. արարեց մարդուն, տնկեց դրախտը, կառուցեց աշխարհը, ուղարկեց ջրհեղեղը և փրկեց Նոյին: Նա Աբրահամի Աստվածն է, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը. ողջերի Աստվածը, որ կանխավ ավետվել էր Օրենքի, խոստացվել` Մարգարեների, հայտնվել` Քրիստոսի, քարոզվել` Առաքյալների, հավատք ստացել` Եկեղեցու կողմից: Նա մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրն է. Նրա` Իր Բանի(2) և Իր Որդու միջոցով, Նա հայտնվում և բացահայտվում է բոլոր նրանց, ովքեր լսում են Նրան. արդարև, Նրան ճանաչում են միայն նրանք, ում Որդին հայտնում է: Որդին, Ով հավիտենապես գոյակից է Հորը, Նրան շարունակաբար հայտնում է Հրեշտակներին, Հրեշտակապետերին, Իշխանություններին, և բոլոր նրանց, ում Աստված կամենում է հայտնվել: [...]

 

Սբ. Իրենեուս Լուգդունացի (130-202), « Ընդդեմ հերետիկոսությունների », 2, 30.9.

(1) Թվարկվածները հրեշտակային դասերի անուններն են։
(2) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։