
3. - Եբրայական տասը անունները, որոնցով Սուրբ Գրքում մատնանշվում է Աստված (Հերոնիմոս Ստրիդոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Մինչ մեկնում էի 90-րդ Սաղմոսը՝ կանգ առնելով այն համարի վրա, որտեղ ասվում է. «Ով բնակվում է Բարձրյալի պաշտպանության ներքո, նա կհանգչի Երկնքի Աստծո հովանու տակ» (Սղմ 90, 1), բացատրել էի, որ հրեաների մոտ «Երկնքի Աստծո» փոխարեն դրված է Շադդայ եզրույթը, որն Ակյուղասը թարգմանել է «իկանոն», և որը մենք կարող ենք մեկնաբանել որպես «հզոր և ամեն ինչ կատարելու կարող»։ Սա այն տասը անուններից մեկն է, որոնցով նրանք կոչում են Աստծուն։
Դու, քո հայտնի ջանասիրությամբ, հե՛նց այդ պահին խնդրեցիր ինձնից՝ տրամադրել այդ բոլոր անունները՝ համապատասխան թարգմանությամբ։ Եվ ահա՛ ես կատարում եմ քո խնդրանքը։
Աստծո առաջին անունը «Էլ» է, որը Յոթանասնիցը[1] թարգմանել է «Աստված», մինչդեռ Ակյուղասը – ով դրա ստուգաբանությունն է արտահայտում – թարգմանում է «իսկուրոն», այսինքն՝ հզոր։
Այնուհետև գալիս են «Էլոհիմ» և «Էլոէ» անունները, որոնք նույնպես նշանակում են Աստված։
Չորրորդը «Սաբաոթ»ն է, որը Յոթանասնիցը թարգմանել է «զորությունների», իսկ Ակյուղասը՝ «զորքերի»։
«Էլիոն»ը հինգերորդն է, որը մեր համար համարժեք է «Բարձրյալ»ին։
Վեցերորդը «Էսէր յէյէ»ն է. այն գտնվում է Ելից գրքում. «Նա, որ Է, ուղարկեց ինձ» (Ելց 3, 14)։
«Ադոնայ»ը յոթերորդ անունն է, և մենք այն ընդհանրապես թարգմանում ենք «Տեր»։
Ութերորդը «Իա»ն է. այն վերագրվում է միայն Աստծուն և հանդիպում է «Ալելուիա» բառի վերջին վանկում։
Իններորդը կազմված է չորս տառից (քառագիր)։ Այն համարվում էր անեկֆոնետոն, այսինքն՝ անարտասանելի[2], և գրվում է հետևյալ տառերով. իոդ, հե, վաու, հե: Սակայն ոմանք չեն վերծանել այն՝ նշանների նմանության պատճառով. և երբ այն գտել են հունարեն գրքերում, սովորաբար այն կարդացել են ...[3]։
Տասներորդն այն մեկն է, որի մասին խոսվեց սկզբում՝ Շադդայ, որը Եզեկիելի տեքստում չի թարգմանվում։ Հարկավոր է իմանալ, սակայն, որ Էլոհիմը անորոշ թվով է, քանի որ կարող է մատնանշել թե՛ միակ Աստծուն, թե՛ բազում աստվածների, ճիշտ այնպես, ինչպես Շամայիմ բառով մատնանշվում են «երկինքները» կամ «երկինքը»։ Հե՛նց այդ պատճառով է, որ թարգմանիչները հաճախ չեն գործածում միևնույն արտահայտությունը։ Նման մի օրինակ կարող ենք գտնել մեր լեզվում. Աթենք, Թեբե, Սալոնա[4]։ [...]
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420), « Նամակներ », Ա, 25 (Մարկելլային).