4. - Ամենասուրբ Երրորդության բնությունը և գործունեությունը (Մեսրոպ Մաշտոց) – Գրադարան – Mashtoz.org

4. - Ամենասուրբ Երրորդության բնությունը և գործունեությունը (Մեսրոպ Մաշտոց)

Մի է Ամենասուրբ Երրորդության բնությունը և էությունը[1]։ Եվ Իրենն է Իր ինքնությունը, և ո՛չ թե՝ մի ուրիշ գոյությունից [վերցված]։

Հայրն [Իր մեջ] ունի անսկիզբ Որդու և անսկիզբ Հոգու սկզբնապատճառները. Նա անծին իսկություն է և անսկիզբ էություն, անսահման մշտնջենավորություն և անփոփոխելի ճշմարտություն, կյանք և բոլոր կենդանի էակների կենդանարար։

Որդու Հայրն է և Հոգու աղբյուրը. Աստված է և տեսանելի ու անտեսանելի արարածների Արարիչը։ Ասվում է Որդու «պատճառ», որովհետև ծնում է Նրան, և ասվում է Սուրբ Հոգու «պատճառ», որովհետև Նրա աղբյուրն է։ Ինքն՝ անծին Էությունը, ծնեց անսկիզբ [Որդուն]. անսահման Մշտնջենավորը՝ ծնեց անփոփոխ Ճշմարտությանը. կենարար Կյանքը՝ ծնեց կենսատու Կյանքին. կենդանի էակների Լույսը՝ ծնեց կենդանի Լույսին. Բարին` ծնեց Բարերարին. Արարիչը՝ ծնեց բոլոր տեսանելի և անտեսանելի արարածների Արարչին։

Նա երկինքներին և երկնային զորություններին, երկրին և նրանում գտնվող արարածներին հաստատություն պարգևողն է։ Լի է և կատարյալ, և լիացնում է ամեն ինչ ամենքի մեջ (հմմտ. Եփս 1, 23), առանց Ինքը պակասելու. ո՛չ նորոգվում է և ո՛չ էլ հնանում. ո՛չ լցվում է և ո՛չ էլ պակասում. միշտ նույնն է Իր լիության ու անբավության մեջ։ Ոչինչ ոչ մի տեղից չի մտնում Նրա անբավ և անհաս և անսահման և ամենակատար բնության մեջ, կամ գումարվում դրան։

[Մարդկային] միտքը հասու չէ Նրան. հրեշտակներին էլ հասու չէ, թեպետև նրանք շա՜տ ավելի սուր բանականություն ունեն, քան մարդը։ Բայց ո՛ր ուղղությամբ որ ակնարկում է Արարչի կամքը, այդ ուղղությամբ էլ ծառայում են Նրան երկնայիններն ու երկրայինները։ Քանի որ, ինչպես երկինքները և նրանց բոլոր զարդերը հաստատված են Աստծո Խոսքով, և բոլոր զորությունները՝ [Նրա] Հոգիով, նույնպես և երկիրը՝ լեռներով ու դաշտերով, ծովերով և գետերով և աղբյուրներով, և անտառախիտ ծառերով։

Եվ չկա՛ ա՛յլ Արարիչ, բայց միայն Ամենասուրբ Երրորդությունը՝ ամենազոր Տերությունը, հստակ և պարզ ամենակալ Զորությունը, որն ասաց և [արարածները] եղան, հրամայեց և [բոլորը] հաստատվեցին (հմմտ. Սղմ 148, 5). որ բնակվում է երկինքների Երկնքում և խնամում է բոլոր արարածներին. որ կանխագիտությամբ և անբավ իմաստությամբ սնում է[2] երկնավորներին և երկրավորներին. և բոլորի համար կյանք է և կենդանարար. և ամեն ինչում անբավ է և անհաս և անճառ։

Նա սեր է՝ կենդանի երանություններով լցված. անմատույց լույս է, ահեղ և զարմանալի։ Գիտությունը և իմաստությունը Նրանից են ստուգություն ստանում։ Կենդանի է և կենդանարար, ողորմած է և շնորհներով բարերար, երկայնամիտ է և [ամեն հիվանդություն] դարմանող։ Սրբերի համար, որ մերձենում են Իրեն, Ինքն է սրբությունը, որ սրբությամբ ու արդարությամբ միշտ լուսավորում է բանական բնությունները։ Եվ ամեն ինչում ճշմարտություն է, թե՛ մեզ հանդիմանելիս և թե՛ մեղավորներին խրատելիս, որպեսզի կարողանանք խուսափել այն բարկությունից, որ թափվելու է ամբարիշտների վրա։ Բայց նաև հորդորում է բարիքների խոստումներով, որպեսզի արժանավոր լինենք հավիտենական երանության[3] պսակին ու փառքին։ Քանի որ հանգստարար նավահանգիստ է նրանց համար, ովքեր ճիգ են գործադրում՝ ամբողջական խնամքով նվիրվելու համար Իր սուրբ սիրույն, որն անպատմելի երանություններով վայելք է պարգևում հոգով առաքինի դարձածներին։ Քանի որ անքննելի են [Նրա] մեծությունները, անսկիզբ՝ Էությունը, Նրա անսահմանությունն ու անբավությունը մեծապես վեր են իմանալի որևէ հարթությունից. և [միաժամանակ՝] Նա խնամքով և ուշադրությամբ է պատում բոլոր արարածներին։ Ճանաչում է սրտերի խորհուրդները և քննում է երիկամները, և կենդանարար Հոգու օրենքով դեպի անմահության անմոռանալի ուրախությունները, դեպի անդադար խնդությունները, դեպի անպատմելի ու աննկարագրելի բարիքներն է առաջնորդում նրանց, ովքեր ժառանգում են Աստծո Արքայությունը։

Արդ, անսահմանելի Մշտնջենավորի բոլոր այս ազատ ու ինքնակամ գործերը[4] [ուղղված են] արարածների փրկությանը[5], Իր արարչության բարերարության համաձայն, քանի որ Նա պարգևում է կյանքը՝ Իր հոգատարությամբ. Նա, որ անբավ է ու անքննելի։ [Անգամ] հոգևորների[6] իմաստությունը բավական չէ՝ հասու լինելու համար Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այլ՝ Իր գործերից ու Իր [պարգևած] երախտիքներից է, որ անմարմինների ու մարմնավորների կողմից ներիմացությամբ ճանաչվում է մի Աստվածությունն [ու] ամենազոր Տերությունը։ Քանի որ, ինչպես ճառագայթները և լույսը և ջերմությունը վերագրվում են միակ արեգակին և ո՛չ ուրիշների, և ինչպես միայն մեկ բնություն են համարվում աղբյուրը և ջուրը և գետը, այդպես նաև` միտքը և խոսքը և հոգին ճանաչվում են մարդու մեջ. նույնպես և այստեղ՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու մի բնությունն ու աստվածությունն է հարկավոր ճանաչել։ Արեգակն, արդարև, առանց լույսի և ջերմության չէ. և ո՛չ էլ աղբյուրն՝ առանց ջրի ու բխման. և ո՛չ էլ միտքը՝ առանց խոսքի և հոգու։ Այդպես էլ` Հայրը երբեք չի եղել առանց Որդու և Սուրբ Հոգու։

 

Սբ. Մեսրոպ Մաշտոց (361/362-440)[7], « Հաճախապատում Առաջին Ճառ ».

[1] Բնագրում բառացի՝ գոյությունը։
[2] Բնագրում բառացի՝ մատակարարում է։
[3] Բնագրում բառացի՝ ամենաշահության։
[4] Բնագրում. «արհեստք ինքնաբոյսք»։
[5] Բնագրում բառացի՝ դարմանմանը։
[6] Այսինքն՝ մարդկանց և հրեշտակների։
[7] Ճառի հեղինակը Սրբոց Թարգմանչաց դպրոցի ներկայացուցիչներից մեկն է՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցը կամ իր աշակերտներից մեկը 5-րդ դարում, թեև Հաճախապատում Ճառերը ավանդաբար վերագրվում են Սբ. Գրիգոր Լուսավորչին (257-331/332), ինչը քիչ հավանական է։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։