
4. - Աստված ճշմարտություն է (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Այս Աստծուն, եթե ջանում ենք խորհել Նրա մասին այն չափով, որքանով որ Նա մեզ շնորհում և թույլ է տալիս, չպատկերացնենք տարածության հետ հպման մեջ, տարածությունն ընդգրկող, որպես երեք մարմնից կազմված մի տեսակ էակ: Նրա մեջ չպետք է երևակայենք միակցված մասերի որևէ միություն, ինչպես այն եռամարմին Գերիոնի[1] պարագայում է, որի մասին խոսում են հեքիաթները. որևէ պատկեր, որի համաձայն՝ երեքն ավելի մեծ կլինեին, քան միայն մեկը, [կամ] մեկն ավելի փոքր, քան երկուսը, վանենք մեր հոգուց առանց վարանելու. այսպիսով, արդարև, մենք մերժում ենք որևէ մարմնավոր տարր: Հոգևոր կարգում մենք չպետք է կարծենք, թե Աստված է այն ամենը, ինչը որ մեզ ներկայանում է որպես փոփոխության ենթակա:
Փոքր գիտելիք չէ, երբ այս անդունդից բարձրանալով դեպի այն գագաթը՝ շունչ ենք քաշում և կարողանում ենք ճանաչել, թե ի՛նչ չէ Աստված, նախքան իմանալը, թե Նա ի՛նչ է: Նա հաստատապես ո՛չ երկիր է, ո՛չ երկինք. ոչինչ, որ նման կլինի երկրին կամ երկնքին, ոչինչ, որ հավասար կլինի այն ամենին, ինչը որ տեսնում ենք երկնքում, և ոչինչ, որ հավասար կլինի այն ամենին, ինչը որ չենք տեսնում երկնքում, բայց գուցեև այնտեղ գտնվում է: Դու կարող ես երևակայությամբ ավելացնել արևի լույսը որքան որ դա քեզ հնարավոր է՝ թե՛ ծավալով, թե՛ պայծառությամբ, հազարապատիկ ավելի կամ անսահմանորեն, բայց նույնիսկ դա չի լինի Աստված: Եվ եթե պատկերացնեինք հրեշտակներին՝ որպես մաքուր հոգիներ, որոնք կենդանացնում են երկնային մարմինները, շարժում և ուղղորդում են դրանք Աստծուն ծառայող կամքի համաձայն. նույնիսկ եթե այս հրեշտակները, որոնք հազար-հազարավոր են, միավորվեին՝ կազմելու համար մեկ միակ էակ, Աստված նման չէր լինի այդպիսի որևէ բանի: Եվ նույնը կվերաբերեր նաև այն դեպքին, եթե հասնեինք պատկերացնելու այդ հոգիներին առանց մարմինների, ինչը որ բավականին դժվար է մեր մարմնավոր մտածողության համար:
Հասկացի՛ր, ուրեմն, եթե կարող ես, ո՜վ հոգի, որ այսքա՜ն ծանրացած ես ապականության ենթակա մարմնով և բեռնավորված ես երկրային բազմատեսակ ու զանազան մտքերով. հասկացի՛ր, եթե կարող ես, որ Աստված Ճշմարտություն է: Արդարև, գրված է, որ Աստված լույս է (1Հվհ 1, 5), ո՛չ թե այն լույսը, որը տեսնում են մեր աչքերը, այլ՝ այն, որը տեսնում է սիրտը, երբ լսում է. Ճշմարտությունն է: Մի՛ ջանա իմանալ, թե ի՛նչ է ճշմարտությունը, որովհետև անմիջապես կմիջամտեն մարմնավոր պատկերների մշուշն ու ուրվականների ամպերը և կխռովեն այն վճիտ պարզությունը, որն առաջին ակնթարթին փայլեց հայացքիդ առաջ, երբ քեզ ասացի. Ճշմարտություն: Մնա՛, եթե կարող ես, քեզ շլացնող այս արագընթաց փայլատակման սկզբնական պարզության մեջ, երբ ասվում է. Ճշմարտություն: Բայց չես կարող. դու նորից վայր ես ընկնում դեպի այս սովորական և երկրային իրողությունները: Այդ ո՞ր ծանրությունն է, ուրեմն, հարցնում եմ քեզ, որ ստիպում է քեզ վայր ընկնել, եթե ո՛չ՝ այն պղծությունների ծանրությունը, որոնք քեզ վարակել են կրքի մածուցիկությամբ և պանդխտությանդ մոլորություններով: [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Երրորդության մասին », 8, 2.
[1] Հունական դիցաբանության մեջ՝ Քրիսաորի և Կալիրոեի որդին, որն ուներ որովայնից միացած երեք մարմին: Դանթեն նրան ներկայացնում է որպես խարդախության խորհրդանշան (Աստվածային Կատակերգություն, «Դժոխք», ԺԶ. և ԺԷ.)։