
4. - Արարչի վեհությունն ու պայծառությունը (Եփրեմ Ասորի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Բոլոր բանական էակների Արարիչը վեր է ամեն տեսակ բանականությունից: Մարդը չի կարող քննել Նրան, և ո՛չ էլ հրեշտակները կարող են Նրան ըմբռնել: Արարածն ի վիճակի չէ, իր սրատեսությամբ, խոսել իր Արարչի մասին. մանավանդ թե, չի կարող նույնիսկ ասել, թե ինքն ինչպե՛ս է ձևավորվել: Արդ, եթե չի կարողանում հասկանալ իր իսկ սեփական ծագումը, ինչպե՞ս կարող է ի վիճակի լինել հասկանալու իր Արարչին: Բանականությունը չի կարող հասնել իրեն Ստեղծողի բարձրությանը. այդ բարձրությունից շա՜տ ավելի ցած է մնում որևէ հետազոտողի փնտրտուքը: Սրանք ջանում են նմանություններ գտնել Նրա համար, Ով նույնանում է միայն Մեկի հետ: Նրանք բոլորը տկարանում են իրենց գիտության մեջ. միայն Նա է ճանաչում Ինքն Իրեն: Նրա սկիզբը նույնը չէ, ինչ արարված էակներինը, այնպես` որ սրանք կարողանան քննել Նրան որպես իրենց նմանի: Նրա տոհմը նույնը չէ, ինչ հողից ձևավորված էակներինը, այնպես` որ մարդը կարողանա հայտարարություններ կատարել Նրա էության մասին: Նույնիսկ հրեշտակային պահապանների հետ Նա որևէ կերպ արյունակից չէ, այնպես` որ նրանք կարողանան քննել Նրան որպես իրենցից մեկին: Քերովբեների ընկերակիցը չէ, որովհետև նրանք իրենց ուսերի վրա կրում են Նրան որպես իրենց Տիրոջը: Չի թևածում սերովբեների հետ, որովհետև Իր գահը [Հոր] աջ կողմում է: Չի պատկանում սպասավորող հրեշտակների դասին, որովհետև նրանք ծառայում են Իրեն, ինչպես Իր Հորը: Բոլոր երկնային զորությունները Իրենից են հրամաններ ստանում և չեն կարող նայել Հորը՝ առանց հաշվի առնելու Անդրանիկի իշխանությունը(1). առանց Նրա, նրանք իրենց արարման ժամանակ չէին ստեղծվի անգամ:
Աչքն ի վիճակի է ընդունելու լույսը, և դրա շնորհիվ ամբողջ մարմինը լուսավորվում է նրանով: Ականջը հարմար է ձայնին, և դրա շնորհիվ բոլոր անդամներն ընկալում են նրա երանգը: Բերանը ճաշակում է կերակուրները, և նրանով ու նրա միջոցով ամբողջ մարմինը սնվում է դրանցով: Այդպես էլ հրեշտակային պահապանները նայում են Հորը՝ Որդու միջոցով, Ով ծագում է Նրա ծոցից: Նրա միջոցով են լսում Նրա ձայնը, և Նրանից են ստանում Նրա պարգևները: Բայց չկա ո՛չ մի ա՛յլ միջնորդ՝ նրանց օգնելու կամ դրան վարժեցնելու համար: Զգայարանները միմյանց կարիքն ունեն, և կախված են միմյանցից: Արարածները նույնպես կախված են միմյանցից, որովհետև կազմում են գրեթե մեկ մարմին: Նույնիսկ ամենաբարձրակարգ էակները հրամաններ են ստանում իրենց նմաններից, որովհետև հրամայում են և հրամանները փոխանցում են ըստ իրենց նվիրապետական աստիճանի: Բայց բոլորը – նրանք, ում մասին խոսեցի, և նրանք, ում չհիշատակեցի – հրամաններ են ստանում միակ Անդրանիկից: Նրանից են կախված բոլոր արարածները, և Նա միացած է Հորը: Ինչպե՞ս ես, ուրեմն, հավակնում հասկանալ Միածնին, Ով միացած է Աստվածային Հայրությանը: Եթե դու կարողանայիր հասկանալ Հորը, Նրա մեջ և Նրա մոտ կգտնեիր նաև Որդուն: Նա Նրա բերանում է, երբ Հայրը հրամայում է, և Նրա բազկի մեջ է, երբ Հայրը գործում է: Որդու միջոցով է, ուրեմն, Նա գործում, և Որդու միջոցով է Նա հրամայում: Միայն Նրանք երկուսն են փոխադարձաբար ճանաչում միմյանց: Որդին Հոր ծոցում է, երբ Հայրը սիրում է, և Նրա աջ կողմում է, երբ Նա փառքով շողում է գահի վրա: Հայրը նայում է Նրան և սիրում:
Հոր պայծառությունը չափազանց մեծ է Նրա ծառաների համար: Հրեշտակային պահապաններն ի վիճակի չեն սևեռելու իրենց հայացքները Նրա վրա: Դրանում քեզ կարող է համոզել Մովսեսը, ով լուսավորվեց Նրա կողմից: Եթե, արդարև, ժողովուրդը չէր կարողանում սևեռուն կերպով նայել Մովսեսին՝ մի սովորական մարդու (հմմտ. Ելց 34, 29...), ո՞վ կարող է հայել Աստծո էությունը: Միայն Մեկը, Ով Նրանից է ծագում, կարող է սևեռուն կերպով նայել Նրան: Գերասքանչ է Հոր պայծառությունը: Միայն Մեկն է նայում Մեկին, միայն Մեկը կարող է Իր հայացքը սևեռել Մեկի վրա, և Մեկի միջոցով բոլոր արարածները կարող են տեսնել Նրան: Իր բարությամբ` Նա ներում է, և Իր արդարությամբ՝ պատժում. Ինքն Իր որոշմամբ է ներում և Ինքն Իր որոշմամբ է պատժում. Նա Ինքն է Իր փոխհատուցման չափը: Դա անում է Իր զայրույթով, երբ բարկանում է, և Իր գթությամբ, երբ ներում է: Իր բնությամբ` հայտնում է, և Իր գիտությամբ` ուսուցանում: Ինքնուրույն կերպով է ուսուցանում, և ինքնուրույն կերպով` հարստացնում: Նրա իմաստությունը Նրա արարածների մոտ է: Ինքնուրույն կերպով է օգնում կարիքավորներին Իր գանձարանի բարիքներով: Ինքնուրույն կերպով է հարությունից հետո թագադրում նրան, ով պայքարում է Իր համար: Նա լիովին թաքնված է Ինքն Իր մեջ. ո՞վ կարող է քննել Նրան: Հրեշտակները Նրան պաշտում են լռության մեջ, սերովբեները բարձրաձայն երգում են իրենց «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ»ը, քերովբեները երկյուղով կրում են Նրան իրենց ուսերին, անիվները պտտվում են լույսի փայլատակման մեջ: Բոլորը հեռվից, տեսանելի Որդու միջոցով, պաշտում են ծածկյալ Հորը:
Եթե խոսքը վերաբերվեր մի ա՛յլ բնության, և Որդին կարողանար քննել այն, չէր կարողանա լիովին ճանաչել այն ինքնուրույն կերպով, որովհետև ճանաչվում է միայն այն, ինչը սեփական է: Եվ եթե այս բնությունը, թեպետև Նրանից զատված, կարողանար ըմբռնել Նրան, կա՛մ Նրան հավասար կլիներ, կա՛մ Նրա հետ ծնված: Եվ եթե գոյություն ունենար մի ա՛յլ բնություն ևս, որը միայն կարողանար ճանաչել Նրան, դա կարող էր տեղի ունենալ կա՛մ հեռվից, եթե այն Նրան օտար լիներ, կա՛մ մոտիկից, եթե ունենար Նրա հետ նույն ծագումը: Եթե այս բնությունը, ուրեմն, հավասար լիներ Նրան, կլիներ Մեկը և միայն ա՛յլ անուն կկրեր. բայց եթե հավասար չլիներ Նրան, այդ դեպքում արարչագործությունը չափազանց տկար կլիներ, սերովբեներն ու հրեշտակային պահապանները՝ անբավարար: Իսկ մյուս բնությունը, եթե երբևէ գոյություն ունենար, Նրան օտար և առավել հեռու կլիներ: Ո՜վ փոքրիկ մարդ` հողի փոշուց ձևավորված, ինչպիսի՞ բարձունքի ես նայում: Ո՛չ միայն որքան երկինքը, քեզնից գերազանցորեն վեր է Երկնքի Տերը: Երկնքի բարձրությունը չափելի է, բայց նրա Արարիչն ամենևին չափելի չէ: Ամեն արարված բան չափելի է, բայց նրա Արարիչն ամենևին չափելի չէ: Մի արարված բան կարող է մյուս բոլոր արարածներից ավելի մեծ չափեր ունենալ. բայց Արարիչն Իր բոլոր արարածներից զատ է մնում մի անմատչելի բարձրությամբ: Արարածներն ընկերակից են միմյանց, նույնիսկ եթե վիթխարի կերպով հեռու են միմյանցից. բայց Արարիչն Իր բնությամբ վեր է Իր բոլոր արարածներից: Միայն Մեկն է Նրան մոտիկ. Նրա միջոցով է Նա ստեղծել ամեն ինչ: Ո՛չ մի ծառա Նրան մոտիկ չէ, մինչդեռ Իր Որդին Նրան մոտագույն է: Ո՛չ մի հավասարակից չի նստում Նրա կողքին. Նրա Միածինն է միայն Նրա աջ կողմում: [...]
Սբ. Եփրեմ Ասորի (306-373), « Հավատքի մասին », 1, 1-5.
(1) Բնագրում բառացի` կայսրությունը։