4. - Որտե՛ղ է սկսվում և որտե՛ղ ավարտվում Աստծո շուրջ ճանաչողությունը (Գրիգոր Նազիանզացի) – Գրադարան – Mashtoz.org

4. - Որտե՛ղ է սկսվում և որտե՛ղ ավարտվում Աստծո շուրջ ճանաչողությունը (Գրիգոր Նազիանզացի)

[...] Աստված միշտ եղել է, է և լինելու է։ Այսինքն, ավելի լավ արտահայտվելու համար, միշտ է։ Իսկապես, «եղել է» և «լինելու է» բայաձևերը պատկանում են ժամանակի մեր հասկացողությանը, և մեր վաղանցուկ բնությանը։ Աստված, ընդհակառակը, Նա է, Ով միշտ է։ Հաշվի առնենք նաև, որ հենց Ինքն է այսպես ներկայանում, երբ լեռան վրա արտասանում է Մովսեսին ուղղված խոսքը (հմմտ. Ելց 3, 14)։

Նա, հիրավի, Իր մեջ ամփոփում է այն ամեն ինչը, որ գոյություն ունի, առանց Իր կողմից սահմանափակված լինելու որևէ սկզբի և որևէ վերջի կողմից. լինելության մի անծայրածիր ու անվերջանալի ծով, ժամանակի ու տարածքի որևէ հասկացողությունից անդին։ Մարդկային միտքը կարող է միայն ուրվագծել մի մոտավոր պատկեր, որն անկասկածելիորեն անհամապատասխան կլինի և ո՛չ ճշգրիտ, ընկալելով ո՛չ թե այն, ինչը որ գտնվում է Նրա ներսում, այլ` այն, ինչը որ շրջապատում է Նրան։ Այս կերպ հավաքելով, մեկը մյուսի ետևից, տպավորությունները, որ ստացվում են Նրանից, հասնում ենք ճշմարտության մի նմանակման, որը ձեռքներիցս փախչում ու անհետանում է շատ ավելի առաջ, քան կհասցնեինք տիրապետություն հաստատել նրա վրա և հասկանալ, աչքերի առաջ փայլատակող կայծակի արագությամբ լուսավորելով և մաքրագործելով մեր ամենաազնվագույն մասը(*)։

Իմ կարծիքով, Նա մեզ հրապուրում է դեպի Ինքը այն չափով, որքանով որ ի վիճակի ենք ընկալելու Իրեն (հիրավի, այն, ինչը որ բացարձակ կերպով չի կարող հասկացվել, ոչ ոք չի ցանկանում և չի փորձում հասնել դրան)։ Այն մասով, որով երևում է որպես անհասկանալի մեր կարողությունների համար, Նա արծարծում է մեր հիացմունքը Իր նկատմամբ։ Հիացմունքը, իր հերթին, ծնունդ է տալիս մի առավել ուժգին բաղձանքի, և, եթե հետևում ենք այդ բաղձանքին, այն մեզ մաքրագործում է, և մաքրագործելով մեզ` մեզ մի աստվածային տեսք է հաղորդում. երբ դառնում ենք այդպիսին, Նա շփման մեջ է մտնում մեր հետ` որպես Իր մտերիմների։ [...]

 

Սբ. Գրիգոր Նազիանզացի (329-390), « Քրիստոսի Ծննդյան մասին », 7.

(*) Այսինքն՝ հոգու բանական կարողությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։