
5. - Ամենասուրբ Երրորդության մասին դոգմայի առիթը և բովանդակությունը (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Հայրը լույս է, Որդին լույս է, Սուրբ Հոգին լույս է. բայց երեքը միասին չեն կազմում երեք լույսեր, այլ` միայն մեկ Լույս: Հետևաբար, Հայրը իմաստություն է, Որդին իմաստություն է և Սուրբ Հոգին իմաստություն է, և միասին չեն կազմում երեք իմաստություններ, այլ` միայն մեկ Իմաստություն: Եվ քանի որ այստեղ` լինելը միևնույն բանն է, ինչ իմաստուն լինելը, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միայն մեկ էություն են: Այստեղ` լինելը նաև ա՛յլ բան չէ, քան Աստված լինելը. որովհետև Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միայն մեկ Աստված են: Անճառելիի մասին խոսելու համար, որպեսզի կարողանայինք ինչ որ կերպ ձևակերպել այն, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, մեր հույները գործածել են այս արտահայտությունը. «մեկ էություն, երեք ինքնություն («հիպոստասիս» - «ὑπόστασις»)»։ Իսկ լատինները. «մեկ էություն կամ գոյացություն, երեք Անձ», որովհետև, ինչպես արդեն ասացինք, մեր լեզվում, այսինքն՝ լատիներենում, «էություն» և «գոյացություն» [եզրերը] փոխադարձաբար հոմանիշ են համարվում: Եվ քանի դեռ այն, ինչը որ ասվում է, հասկացվում է գոնե որպես առեղծված, մենք բավարարվել ենք այս արտահայտություններով, որպեսզի ինչ որ մի պատասխան տանք, երբ հարցնում են, թե ի՛նչ են Երեքը:
Ի՞նչ է մնում մեզ, ուրեմն: Մեզ մնում է թերևս ընդունել, որ այս արտահայտությունները ծնվել են լեզվական անհրաժեշտությունից, երբ հերետիկոսների նենգությունների և մոլորությունների դեմ երկարատև հակաճառությունների կարիք կար: Արդարև, երբ մարդկային աղքատությունը փորձում էր մարդկանց զգայարաններին հարմար բառերով արտահայտել այն, ինչը որ իր հոգու ծածուկ խորքերում գիտի, իր կարողության չափով, Տեր Աստծո` իր Արարչի մասին, թե՛ կրոնական հավատքի և թե՛ ցանկացած ա՛յլ գիտելիքի միջոցով, նա վախեցավ խոսել երեք էությունների մասին, որպեսզի որևէ տարբերության կասկած չսողոսկեր այդ գերագույն հավասարության մեջ: Մյուս կողմից, նա չէր կարող հերքել երեք իրականությունների գոյությունը, քանի որ դա հերքելու պատճառով Սաբելլիուսը[1] ընկավ հերետիկոսության մեջ: Իսկ Սուրբ Գրքից բացարձակ ստուգությամբ բխում է այն, ինչին պետք է հավատալ հավատարմությամբ, և ինչը հոգու աչքն ընկալում է լիակատար պարզությամբ. որ գոյություն ունի Հայրը, գոյություն ունի Որդին, գոյություն ունի Սուրբ Հոգին, բայց Որդին նույնը չէ, ինչ Հայրը, և Սուրբ Հոգին նույնը չէ, ինչ Հայրը կամ Որդին:
Մարդկային աղքատությունն ինքն իրեն հարցրել է, թե ինչպե՛ս կարող է բնորոշել այս երեք իրականությունները և դրանք կոչել է գոյացություններ կամ Անձեր. [այս եզրույթներով] նա ցանկացել է բացառել թե՛ էության տարբերությունը և թե՛ Անձերի միաձուլումը, այնպես` որ ո՛չ միայն միության գաղափարը հուշի «մեկ էություն» արտահայտությամբ, այլ նաև` Երրորդության գաղափարը [արտահայտի] «երեք ինքնություն կամ Անձ» արտահայտությամբ: Արդարև, եթե Աստծո մեջ` «լինելը» նույն բանն է, ինչ «գոյացություն ունենալը»[2], [ապա] չպետք է խոսել երեք գոյացությունների մասին, ինչպես որ չի խոսվում երեք էությունների մասին. ինչպես որ – քանի որ Աստծո մեջ` լինելը նույն բանն է, ինչ իմաստուն լինելը, – չենք խոսում երեք իմաստությունների մասին, նույնպես և չենք խոսում երեք էությունների մասին:
Այսպես, հետևաբար, քանի որ Աստծո մեջ` Աստված լինելը նույն բանն է, ինչ լինելը, թույլատրելի չէ ասել «երեք էություններ», ինչպես որ թույլատրելի չէ ասել «երեք աստվածներ»: Եթե, ընդհակառակը, «լինել»ը և «գոյացություն ունենալ»ը Աստծո մեջ հակադրվում են միմյանց, այնպես` ինչպես «Աստված լինելը» և «Հայր լինելը» և «Տեր լինելը», – «լինել»ը ասվում է բացարձակ իմաստով, «Հայր լինել»ը՝ Որդու հետ ունեցած հարաբերության իմաստով, «Տեր լինել»ը՝ արարածի հետ ունեցած հարաբերության իմաստով, որը հպատակ է, – ուրեմն, Աստված գոյություն ունի հարաբերության ձևի ներքո, ինչպես որ հարաբերության ձևի ներքո ծնում է և հարաբերության ձևի ներքո իշխում է: [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Երրորդության մասին », 7, 6-7, 9.