5. - Բոլոր գոյությունների ծագումը (Դիոնիսիոս Արիսպագացի) – Գրադարան – Mashtoz.org

5. - Բոլոր գոյությունների ծագումը (Դիոնիսիոս Արիսպագացի)

[...] Աստված բարի լինելով Իր իսկ բնությամբ, քանի որ գոյացական Բարիքն է, Նա յուրաքանչյուր գոյության հաղորդում է սեփական բարությունը: Ինչպես մեր արեգակն, իրոք, ո՛չ խորհրդով կամ կամքով, այլ` հենց այն բանի պատճառով, որը ինքն է, լուսավորում է բոլոր այն բաները, որոնք ինչ որ կերպ ի վիճակի են ընդունելու իր լույսը. նույնպես և Բարիքն Ինքը (որն արեգակից առավել գերազանց է, ինչպես բնօրինակ պատկերը՝ մի խամրած պատճենից), Իր բնության իսկ շնորհիվ` բոլոր գոյությունների վրա սփռում է, յուրաքանչյուրի կարողության համաձայն, սեփական բարության ճառագայթները:

Այս կերպ սկիզբ առան բոլոր բանական և խելքով օժտված էակները՝ իրենց կարողություններով և իրենց գործունեություններով(1): Աստվածային բարությունից ճառագող լույսի շնորհիվ նրանք գոյություն ունեն, և նրանց կյանքը հավիտենական է, ապականությունից ու մահվանից զերծ: Նրանք ազատ են մնում նյութի անկայունությունից և փոփոխական դառնալիության հոսունությունից, հեռու` որևէ փոփոխություն թույլատրելուց: Անմարմին և աննյութական էակներ լինելով, օժտված` մի հոգևոր գիտությամբ, որ գերազանցում է աշխարհին, մյուս էակներին փոխանցում են իրենց իմացությունը, իսկ իրենց նմաններին հաղորդում են իրենց առաքինությունները(2):

Նրանց գոյության շարունակականությունն իսկ կախված է աստվածային բարությունից, ինչպես, նմանապես, անփոփոխությունը, կայունությունը, պահպանությունը և նրանց մեջ ներհատուկ ամեն մի ա՛յլ բարիք: Աստվածային բարությանը ձգտելով՝ նրանք ստանում են գոյությունն ու երջանկությունը. նմանվելով դրան որքան որ հնարավոր է, նրանք դառնում են բարի, և, աստվածային օրենքի թելադրանքի համաձայն, ստորադաս արարածներին հաղորդակից են դարձնում գերագույն Բարիքի կողմից տրված պարգևներին:

Աստվածային բարության ճառագայթումից են կախված, հետևաբար, վերաշխարհային կարգերը, նրանց փոխադարձ կապակցվածությունները, նրանց հստակ զանազանությունները, այն առաքինությունը(2), որով ստորիններն իրենց հմայված են զգում վերիններով, իսկ սրանք, իրենց հերթին, նախախնամում են նրանց, ովքեր գտնվում են ենթակա դիրքում. նրանց ամեն մի առաքինության(2) պահպանումը, նրանց գործողությունների մշտական փոխադարձ շարժումները, գերագույն Բարիքին ուղղված բարձրագույն ձգտումն ինքնին, և որևէ ա՛յլ հատկություն, որ մենք հիշատակել ենք «Հրեշտակների առաքինությունների և վիճակի մասին» աշխատության մեջ: Մանավանդ թե, նաև այն, ինչը որ վերաբերվում է երկնային նվիրապետությանը, ինչպես հրեշտակային քավությունները, վերաշխարհային լուսավորությունները և հրեշտակային ողջ կատարելության ամբողջությունը, բխում են տիեզերական Պատճառից և Աստծո նախաստեղծ ու արգասաբեր բարությունից: Սրա շնորհիվ է հրեշտակներին տրվում նաև բարու կերպարանքն ինքնին, և նրանց արտոնվում է ավետել իրենց մեջ թաքնված բարությունը՝ որպես աստվածային լռության թարգմանիչներ և որպես պայծառ լույսեր, որ լուսավորում են այն, ինչը որ թաքնվում է խորություններում:

Բայց, այս սրբագույն հոգիներից բացի, [մարդկային] հոգիները և նրանց բոլոր առաքինությունները(2) նույնպես իրենց բարության համար պարտական են այն Բարիքին, որը գերազանցում է ուրիշ որևէ բարիքի: Արդարև, սրա շնորհիվ է, որ նրանք ունեն միտք և օժտված են մի գոյությամբ, որը ենթակա չէ ապականության, որպեսզի կյանք ունենան հրեշտակների կյանքի հետ համատեղ, և ձգտեն նրանց նույն վիճակին, առաջ մղվելով նրանց լավագույն առաջնորդությամբ՝ հասնելու բոլորի մեջ գերագույն Բարիքին: Հրեշտակների գործունեության հետևանքով, արդարև, [մարդկային] հոգիները հաղորդակից են դառնում – յուրաքանչյուրն ըստ իր կարողության – աստվածային լույսին, և ժառանգում են – որքանով որ հնարավոր է – պարգևն այն ամեն ինչի, որ բարի է: Այս և ա՛յլ բաներ մեր կողմից նկարագրվել են «Հոգու մասին» աշխատության մեջ:

Ի վերջո, եթե հարկավոր է խոսել նաև բանականությունից զուրկ էակների կամ կենդանիների մասին, օդում թռչողներից մինչև երկրի վրա քայլողները կամ սողացողները, ջրերում ապրողներից կամ երկկենցաղներից մինչև գետնի մակերեսի տակ թաքնվողները կամ քարանձավներում բնակվողները, և բոլոր մյուսները, որոնք պարզապես օժտված են զգայությամբ և կյանքով. հարկավոր է ասել, որ նրանք բոլորը շունչ և կյանք են ստանում նույն Բարիքի կողմից: Նմանապես, բոլոր բույսերը նույն Բարիքից են ստանում իրենց բուսական կյանքը: Կարճ ասած՝ ցանկացած գոյացություն, նույնիսկ եթե զուրկ է հոգուց և կյանքից, իր գոյությունը հիմնում է այդ նույն Բարիքի վրա, որից և ստացել է գոյացության արժանապատվությունը:

Արդ, եթե ճիշտ է, – ինչպես որ ճիշտ է, – որ ինքնագո Բարիքը վեր է բոլոր էակներից, ապա ակնհայտ է դառնում, թե ինչպե՛ս է Նա ի զորու` ձև տալու նաև այն բանին, ինչը որ ձև չունի ամենևին, գերազանց գոյացություն շնորհելու նաև այն բանին, ինչը որ բացարձակապես զուրկ է դրանից, գերառատ կյանք պարգևելու այն բանին, ինչը որ կյանք չունի, և գերագույն իմաստությամբ օժտելու նաև այն բանին, ինչը որ զուրկ է իմացականությունից. որևէ անձև բան, մի խոսքով, հե՛նց որ պատվաստվում է Բարիքին, զգեստավորվում է վեհագույն ձևով: Մինչև իսկ այն, ինչը չկա, կարելի է ասել, ձգտում է դեպի այն Բարիքը, որը վեր է բոլոր էակներից, տենչալով ինչ որ մի կերպ, ամեն ինչից մերկացած, ինչպիսին որ կա, ներառվել հիրավի գերբնական Բարիքի մեջ:

Բարիքի մեջ է գտնվում նաև տիեզերական տարածությունների և այս երկնքի ծագումը, որը ո՛չ ավելանում է, ո՛չ նվազում, ո՛չ էլ փոփոխվում է իր էության մեջ: Բարիքն է պատճառը երկնային ահռելի պտույտի լռելյայն շարժումների, աստղերի կարգերի՝ իրենց գեղեցկությամբ, իրենց պայծառությամբ և իրենց տարբեր դիրքերով. որոշ աստղերի զանազան թափառումների և այն երկու լուսատուների(3) պտույտի, որոնց Գիրքը կոչում է «մեծամեծ» (Ծնդ 1, 16), որոնց միջոցով մենք զանազանում ենք ցերեկներն ու գիշերները և չափում ենք ամիսներն ու տարիները՝ սահմանելով, թվարկելով, կարգավորելով և համակարգորեն միավորելով ժամանակի և տարածության պարբերական շարժումները:

Եվ ի՞նչ ասել Արեգակի ճառագայթների մասին: Արդարև, գերագույն Բարիքից է գալիս լույսը՝ պատկերը բարության (լույսի անվամբ, ո՛չ առանց պատճառի, գովաբանվում է Բարիքը, որը ներկայանում է որպես բնօրինակ` պատճենի մեջ): Իրոք, ինչպես աստվածության Բարիքը, որ վեր է ամեն ինչից, թափանցում է բոլոր էակների մեջ՝ ամենազարգացածներից մինչև ամենաաննշանները (առանց, սակայն, որ նրանցից որևէ մեկը՝ ո՛չ վերինները, ո՛չ ստորինները, կարողանան հասնել Նրա գերազանցությանը կամ թափանցել Նրա տարածաչափության մեջ), լուսավորելով այն ամենը, ինչ կարող է լուսավորվել, և ստեղծելով ու պարգևելով կյանքը, և Իր մեջ բովանդակելով ու կատարելության հասցնելով բոլոր բաները, որ գոյություն ունեն, որոնց համար, ի դեպ, Նա հանդիսանում է ժամանակը, չափը, կարգը, տարածումը, պատճառն ու վախճանը. նույն ձևով էլ այս մեծ Արեգակը, գերապայծառ և մշտալույս, հանդիսանում է աստվածային բարության վերարտադրված պատկերը: Սրանում, արդարև, հեռվից արձագանքում է հազիվ մի մասնիկը այդ գերագույն Բարիքի, գերբնական մի լույսով լուսավորելով այն ամենը, ինչը որ կարող է հաղորդակից լինել Իրեն. և այդ գերբնական լույսն իր ճառագայթների պայծառությունը սփռում է ողջ տեսանելի աշխարհի վրա՝ վերին մասերից մինչև ստորինները:

Իսկ եթե ինչ որ մի բան ցույց տար, որ հաղորդակից չի դառնում այս լույսին, դա չպետք է վերագրվեր լուսավորող կարողության անզորությանը կամ տկարությանը, այլ ավելի շուտ` բուն առարկան է դրա պատճառը, հարմար չլինելով լույսն ընդունելու: Իրականում, շատ բաներ կազմված են այնպես, որ արևի ճառագայթը, անցնելով նրանց միջով, ուղղակի կերպով լուսավորում է միայն այն, ինչը որ գտնվում է մյուս կողմում. արդարև, գոյություն չունի ոչ մի տեսանելի առարկա, որին արևը, իր կողմից, չհասնի իր պայծառության ամբողջ ուժով: Մանավանդ թե, այդ ուժն է, որ առաջ է բերում մինչև իսկ զգալի մարմինների ծնունդը. կոչում է նրանց կյանքի, սնում է, աճեցնում, կատարելագործում, մաքրագործում և նորոգում: Լույսը տարիների, օրերի և մեր ամբողջ ժամանակի չափն է. խոսքն, արդարև, այն նույն լույսի մասին է, որի ծնունդը Մովսեսը վերագրեց արարչագործության առաջին երեք օրերին, թեև այն դեռևս անձև էր:

Ինչպես, ուրեմն, աստվածային բարությունն Իր մեջ մեկտեղում է բոլոր գոյությունները՝ հավաքելով նախևառաջ, որպես միության աստվածային սկզբունք, նրանց, որոնք ցրվել են, այնպես էլ ողջ իրականությունը ձգտում է դեպի նրան, որպեսզի այնտեղ վերագտնի իր ծագումը, իր շարունակականությունն ու իր վախճանը: Այն ներկայացնում է այն արժեքը (ինչպես վկայում է Սուրբ Գիրքը), որի մեջ ամեն ինչ գոյատևում է, ամեն ինչ սկիզբ է առնում ինչպես մի կատարելագույն պատճառից, ամեն ինչ գտնում է իր սեփական գոյության պատճառը, կարծես պահված ու փակված լինի մի անոթի մեջ, որն ընդունակ է այն պարունակելու: Եվ ինչպես բոլոր գոյությունները շրջվում և ձգտում են դեպի աստվածային բարությունը՝ որպես իրենց սեփական բարիքի, հոգևոր էակները` գիտակցաբար գործածելով բանականությունը, զգայությամբ օժտված էակները՝ բնազդաբար, կենդանի էակները՝ կենսական ուժի բնածին շարժումից մղված, և անկենդան էակները, որոնք պարզապես գոյություն ունեն, մղված, ի վերջո, գոյությանը հաղորդակից լինելու իրենց հակումից. նույն ձևով էլ, այս պարզագույն նմանության եզրերի համաձայն, Արեգակի լույսը մեկտեղում և դեպի իրեն է դարձնում բոլոր այն բաները, որոնք տեսնվում են, շարժվում, լուսավորվում և տաքանում. մի խոսքով՝ այն ամենը, ինչին ընդհանրապես հասնում են իր ճառագայթները: [...]

 

Սբ. Դիոնիսիոս Արիսպագացի (5-6-րդ դարեր), « Աստվածային անունների մասին », 4, 1-4.

(1) Ի նկատի ունի հրեշտակներին։
(2) Կամ` ուժերը, կարողությունները։
(3) Ի նկատի ունի արևն ու լուսինը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։