5. - Լեզվի և մտքի անբավարարությունը (Բարսեղ Կեսարացի) – Գրադարան – Mashtoz.org

5. - Լեզվի և մտքի անբավարարությունը (Բարսեղ Կեսարացի)

[...] Աստծո մասին անդադար խորհելը իսկապես բարեպաշտական գործ է, և Տիրոջը սիրող անձը երբեք չի հագենում դրանից։ Սակայն հանդգնություն է փորձել խոսքերով բացատրել այն, ինչ վերաբերվում է Նրան։ Մեր բանականությունն, արդարև, չափազանց հեռու է այդպիսի վսեմ իրողություններից, և խոսքը, առավել ևս, աղոտ ու անճիշտ կերպով է արտահայտում այն, ինչը որ հաջողում է ըմբռնել։ Եվ ուրեմն, եթե նման ճշմարտության մեծությունն իսկապես այդքա՜ն բարձր է մեր խելքից, իսկ մեր արտահայտվելու կարողությունն էլ իր հերթին ստորադաս է բուն խելքին, ուրիշ ի՞նչ է մնում անել, եթե ո՛չ՝ լռել, որպեսզի աստվածաբանության արժանապատվությունը լրջորեն չտուժի բառերի անպատշաճ կիրառումից։

Մարդկային բնության մեջ բնածին է Աստծո վերաբերյալ մեր բանական հասկացություններով խորհելու փափագը, բայց մեզնից ոչ ոք ի վիճակի չէ հասնելու դրան։ Արդարև, թեև մեր կրոնական նախանձախնդրության մեջ մրցում ենք միմյանց հետ, սակայն մեզնից ոչ ոք այնքան կույր ու մոլորյալ չէ, որ կարծի, թե նվաճել է գիտության գագաթնակետը։ Ընդհակառակն, որքան ավելի շատ է մարդը ճանաչում, այնքան ավելի է զգում սեփական տկարությունը։

Այդպես էր Աբրահամը, այդպես էր Մովսեսը. երբ նրանց շնորհվեց տեսնել Աստծուն այնքանով, որքանով հնարավոր է մարդուն, հատկապես ա՛յդ ժամանակ նրանք առավելապես խոնարհ երևացին։ Աբրահամն իրեն «հող ու մոխիր» անվանեց (Ծնդ 18, 27), Մովսեսն իրեն ճանաչեց որպես «ծանրախոս և ծանրալեզու» մարդ (Ելց 4, 10)՝ անկարող լինելով նկարագրել իր ըմբռնածի մեծությունը։

Այդուհանդերձ, եթե ճշմարիտ է, որ ամեն ունկ բաց է աստվածաբանությունը լսելու համար, և Եկեղեցին երբեք չի հագենում նման լսողությունից՝ համաձայն Ժողովողի գրվածքի. «Ականջը լսելուց երբեք չի կշտանում» (Ժղվ 1, 8), ապա անհրաժեշտ է խոսել որպես մարդիկ։ Մենք, մյուս կողմից, անշուշտ կասենք ո՛չ թե որքան մեծ է Աստված, այլ՝ միայն այնքանը, որքանը որ մեզ տրված է ըմբռնել։ Արդարև, նույնիսկ եթե մեր հայացքով չենք կարողանում ընդգրկել երկնքի և երկրի միջև եղած ողջ տարածությունը, դրա համար չենք հրաժարվում հետազոտել այնքանը, որքանը մեզ հնարավոր է։ Նույն կերպ, հիմա էլ մենք ասում ենք մի քանի բառ՝ գոհացնելու համար մեր բարեպաշտությունը, բայց ամեն դատողության խորքում չենք մոռանում մեզ պարտված հայտարարել մեր խոսքի առարկայի մեծության առջև։ Իրոք, ո՛չ հրեշտակների լեզուները, ինչպիսի՛ն էլ որ լինեն դրանք, ո՛չ հրեշտակապետների, և ո՛չ էլ բոլոր բանական արարածները միասին վերցրած, երբեք չեն կարողացել թափանցել Աստծո նույնիսկ ամենափոքր մասնիկի մեջ, և ո՛չ էլ, առավել ևս, ի վիճակի են ամբողջությամբ բացատրել Նրա իրականությունը։

Եթե կամենում ես ճշմարտապես ինչ որ մի բան ասել Աստծո մասին, կամ լսել, թո՛ղ մարմինդ, թո՛ղ մարմնական զգայարանները, թո՛ղ երկիրը, թո՛ղ ծովը. օդային ոլորտը դի՛ր քեզնից ներքև, անցի՛ր ժամանակներից, ժամանակագրական շրջափուլերի հաջորդականությունից, բոլոր երկրային բաներից այն կողմ. բարձրացի՛ր երկնային տարածությունների վրա, գնա՛ աստղերից վեր, նրանց բոլոր հրաշալիքներից, նրանց զանգվածից ու գեղեցկությունից վեր, բոլոր այն օգտակար բաներից վեր, որոնք տիեզերքը քաղում է նրանցից, նրանց երկրաչափական դասավորությունից, նրանց պայծառությունից, նրանց բաժանման և միավորման շարժումներից վեր։ Հոգով և բանականությամբ անցնելով բոլոր բաներից վեր, սավառնելով երկնքից այն կողմ և հասնելով դրանից է՛լ ավելի վեր, մեկ միասնական վսեմ ներքին տեսողությամբ դիտի՛ր ամեն ինչ շուրջբոլորդ. երկնային զորքերը՝ հրեշտակների դասերը, հրեշտակապետների գեղեցկությունը, տերությունների փառքը, աթոռների դասավորությունը, զորությունները, պետությունները, իշխանությունները[1]։

Այս ամենն էլ գերազանցելով՝ ամեն արարածից վեր բարձրացած հոգիով, հայի՛ր Աստվածային Էությանը. անշարժ, անփոփոխ, անայլայլելի, անչարչարելի, պարզ, առանց որևէ խառնուրդի, անբաժանելի, «անմատույց լույս» (1Տմ 6, 16), անճառելի զորություն, անհուն մեծություն, շլացուցիչ փառք, սիրառատ բարություն, անդիմադրելի գեղեցկություն։ Այդպիսի տեսարանի առջև հոգին, վիրավորված, սոսկում է. այդ ամենից, սակայն, ոչինչ չի կարողանում խոսքերով նկարագրել։ [...]

 

Սբ. Բարսեղ Կեսարացի (329-379), « Ճառ հավատքի մասին », 1.

[1] Թվարկված անունները վերաբերվում են հրեշտակային դասերին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։