
6. - Աստծո ճանաչողության աստիճանները (Կյուրեղ Երուսաղեմացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Եթե ինչ որ մեկը հավակնում է խոսել Աստծուն վերաբերվող բաների մասին, նախևառաջ թող փորձի – եթե կարող է – բացատրել երկրի սահմանները։ Ապրում ես երկրի վրա, բայց լավ չես ճանաչում և ո՛չ իսկ քո բնակավայրի, այսինքն` երկրի իսկ սահմանները[1]։ Ուրեմն ինչպե՞ս կարող ես պատշաճ կերպով ճանաչել նրա Ճարտարապետին։
Դիտում ես աստղերը, բայց չես տեսնում Նրան, Ով ստեղծել է դրանք: Նախ հաշվիր բոլոր այն աստղերը, որոնք հայտնվում են քո հայացքին, և միայն այն ժամանակ փորձիր նկարագրել Նրան, Ով թաքնված է քեզնից. Նրան, Ով հաշվում է աստղերի բազմությունը և բոլորին կոչում է իրենց անուններով (Սղմ 146, 4):
Վերջերս մեր վրա ուժգին փոթորիկներ թափվեցին. քիչ էր մնում դրանց կաթիլները կործանեին մեզ. հաշվի՛ր, եթե կարող ես, անձրևի կաթիլները, որոնք թափվեցին մեր քաղաքում. բայց և ո՛չ իսկ քաղաքում, այլ՝ նրանք, որոնք մեկ ժամում թափվեցին քո տանիքի վրա, հաշվի՛ր դրանք, եթե կարող ես: Բայց դա անհնարին է. ընդունի՜ր քո անկարողությունը և դրանից սովորիր Աստծո զորությունը: Արդարև, Նրա կողմից են հաշվված նաև անձրևի կաթիլները (Հոբ 36, 27), որոնք թափվել են ամբողջ աշխարհում, և ո՛չ միայն մեր օրերում, այլև՝ բոլոր ժամանակներում: Արեգակը Աստծո գործն է և իսկապես մեծ է: Բայց եթե այն համեմատենք երկնակամարի հետ իր ողջ տարածությամբ, այն մեզ շատ փոքր կթվա: Դե ուրեմն, նախ փորձի՛ր արեգակին նայել, եթե հաջողվի քեզ, և ապա ուշադիր նայիր Տիրոջը: Մի՛ քննիր այն բաները, որոնք չափազանց խորն են քո համար, և մի՛ փորձիր հետազոտել այն, ինչը քեզնից վեր է. ավելի շուտ մտածիր այն բաների մասին, որոնք պահանջվում են քեզնից (Սիք 3, 22):
Ինչ-որ մեկը կհարցնի. եթե աստվածային էությունն անհասանելի է, ինչո՞ւ ես բացատրություններ տալիս այդ մասին: Մյուս կողմից, պատասխանում ենք. քանի որ ես չեմ կարող խմել գետի ողջ ջուրը, մի՞թե չեմ կարող գոնե այնքան վերցնել, որքան ինձ անհրաժեշտ է: Եվ դարձյալ, քանի որ հնարավոր չէ դիմանալ արեգակի ուղղակի հայացքին, մի՞թե հնարավոր չէ այնուամենայնիվ նայել այնքան, որքան անհրաժեշտ է: Կամ, մտնելով մի մեծ պարտեզ, քանի որ չեմ կարող ուտել բոլոր պտուղները, ուզում ես, որ դրա պատճառով հեռանամ այն նույն քաղցով, որով որ մտե՞լ էի: Գովում և փառաբանում եմ Նրան, Ով ստեղծեց մեզ. արդարև աստվածային է ձայնը, որն այսպես է հրամայում. «Յուրաքանչյուր հոգի թող որ օրհնի Տիրոջը» (Սղմ 150, 6): Ուստի, պատրաստվում եմ փառաբանել Տիրոջը գովերգությամբ, քան թե բացատրել Նրան բառերով. այն համոզմամբ, սակայն, որ շատ հեռու կլինեմ Նրան պատշաճ կերպով փառաբանելուց, թեև ամեն կերպ փորձելը բարեպաշտության պտուղ է: Տեր Հիսուսն, արդարև, մխիթարում է իմ տկարությունը, երբ ասում է. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (Հվհ 1, 18):
Բայց մի՞թե գրված չէ, – նկատել կտա ինչ որ մեկը, – որ մանուկների հրեշտակները միշտ տեսնում են իմ Հոր դեմքը, որ Երկնքում է (Մտթ 18, 10): Սակայն հրեշտակները չեն տեսնում Աստծուն այնպես, ինչպիսին Նա է Ինքն Իր մեջ, այլ՝ միայն այն, ինչը որ նրանք ի վիճակի են ընկալել: Բացի այդ, Հիսուսն Ինքն է հաստատում. «Ոչ ոք չի տեսել Հորը, բացի Նրանից, Ով Աստծուց է եկել. Նա է տեսել Հորը» (Հվհ 6, 46): Ուրեմն, հրեշտակները կարողանում են տեսնել Աստծուն միայն այն չափով, որքանով ընդունակ են, և Հրեշտակապետերի համար էլ նույնն է: Գահերն ու Տերությունները, իրենց հերթին, տեսնում են Նրան ավելի շատ, քան առաջինները, սակայն ավելի ցածր աստիճանով, քան Նրա փառքն է: Միայն Սուրբ Հոգին, իրոք, Որդու հետ միասին, ի վիճակի է տեսնել այնպես, ինչպես պատշաճ է: Նա քննում է ամեն ինչ և գիտի նույնիսկ Աստծո խորքերը (1Կր 2, 10). ինչպես նաև Միածին Որդին, Սուրբ Հոգու հետ միասին, ճանաչում է Հորը պատշաճ կերպով (քանզի ոչ ոք չի ճանաչում Հորը, ասում է, եթե ո՛չ Որդին, և նա, ում Որդին կհայտնի [Մտթ 11, 27]): Նա տեսնում է Աստծուն այնպես, ինչպես իրականում կա, և հայտնում է Նրան Հոգու հետ և Հոգու միջոցով՝ յուրաքանչյուրի հասկացողության կարողության չափով: Քանի որ Միածին Որդին, Ով առանց կրքի ծնվել է ի հավիտենից (2Տմ 1, 9), Սուրբ Հոգու հետ միասին, իրոք, մասնակցում է հայրական աստվածությանը. Նա ճանաչում է Ծնողին, և Ծնողը ճանաչում է Նրան, Ում ծնել է:
Եվ ուրեմն, քանի որ հրեշտակներն անգամ չեն ճանաչում Նրան (քանզի Միածինն է, ինչպես ասացինք, Հոգու հետ և Հոգու միջոցով հայտնում Նրան՝ ըստ յուրաքանչյուրի ընկալման կարողության), ո՛չ մի մարդ թող չամաչի խոստովանել իր տգիտությունը: Այժմ ես խոսում եմ այս բաների մասին, բայց բոլորն էլ կխոսեն դրանց մասին իրենց ժամանակին: Բայց «ինչպես»ը չենք կարող բառերով արտահայտել: Ինչպե՞ս կարող եմ երբևէ խոսքերով բացատրել, թե ինչպիսի՛ն է Նա, Ով մեզ տվել է հե՛նց խոսելու կարողությունը: Ես, որ հոգի ունեմ և ի վիճակի չեմ նկարագրելու դրա որակներն ու հատկանիշները, ինչպե՞ս կարող եմ երբևէ հաջողություն ունենալ՝ խոսելու մինչև իսկ Նրա մասին, Ով ինձ տվել է այդ հոգին:
Մեր բարեպաշտության համար թող որ բավական լինի իմանալը, որ ունենք մի Աստված. մեկ միակ Աստված, Աստված, որ գոյություն ունի հավիտենությունից, միշտ նույնն է Ինքն Իր մեջ[2], որ չունի հայր. ոչ ոք Նրանից հզոր չէ, ոչ ոք չի կարող տապալել Նրա թագավորությունը և հռչակել իրեն Նրա հաջորդը: Նա բազում անուններ ունի, ամենակարող է, Նրա էությունը պարզ է և համասեռ: Արդարև, ո՛չ որովհետև կոչվում է բարի, արդար, ամենակարող, զորությունների [Տեր], պետք է դրա համար համարվի տարբեր կամ ա՛յլ. ընդհակառակը, հարկավոր է ընդունել, որ եզակի և նույնական լինելով հանդերձ՝ իրականացնում է աստվածության անհուն գործողությունները: Աստված մի կողմից անշուշտ ավելի մեծ չէ, իսկ մյուս կողմից՝ ավելի փոքր, այլ՝ ամեն ինչի մեջ միշտ նույնական է մնում Ինքն Իրեն: Մեծ չէ, օրինակ, միայն բարության մեջ, որպեսզի հետո ավելի համեստ լինի իմաստության մեջ. այլ, ընդհակառակը, հավասարապես տիրապետում է իմաստությանն ու բարությանը: Նա չի տեսնում միայն մի կողմից, մինչ մյուս կողմից զրկված է տեսողությունից. այլ՝ ամբողջությամբ աչք է, ամբողջությամբ լսողություն, ամբողջությամբ բանականություն. ուստի, ո՛չ մեր նման, որ մի բանում խելացի ենք, իսկ մեկ ա՛յլ բանում՝ տգետ. նման կարծիքը պիղծ է և չի վայելում աստվածային էությանը:
Տերը նախապես ճանաչում է բոլոր էակներին, սուրբ է և ամենակարող, բոլորից բարի, բոլորից մեծ, բոլորից իմաստուն: Մենք երբեք չենք կարող խոսել Նրա ծագման, Նրա տեսքի կամ Նրա տեսակի մասին: Հիրավի, երբեք չեք լսել Նրա ձայնը և չեք տեսել Նրա դեմքը (Հվհ 5, 37), ասում է աստվածային Գիրքը: Դրա համար էլ Մովսեսն ասում է իսրայելացիներին. «Պահպանեցեք ձեր մտքերում, քանի որ մի պատկեր անգամ չեք տեսել» (2Օր 4, 15). եթե, արդարև, բացարձակապես հնարավոր չէ պատկերացնել Աստծո նույնիսկ մի պատկեր, ապա մի՞թե երբևէ հնարավոր կլինի թափանցել Նրա էության մեջ: [...]
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-386), « Մկրտական ուսուցումներ », 6, 4-7.