6. - Հանգիստը և շարժումը Աստծո մեջ (Դիոնիսիոս Արիսպագացի) – Գրադարան – Mashtoz.org

6. - Հանգիստը և շարժումը Աստծո մեջ (Դիոնիսիոս Արիսպագացի)

[...] Ի՞նչ կարելի է ասել Աստծո դիրքի կամ վիճակի մասին: Ի՞նչ ա՛յլ բան, եթե ո՛չ՝ այն, որ Աստված մնում է Ինքն Իր մեջ՝ հաստատուն կերպով սևեռված մի անշարժ[1] վիճակում, և գործում է նույն սկզբունքներով ու գրեթե նույն եղանակով: Կարելի է նաև ասել, նմանապես, որ Աստված բացարձակապես անփոփոխ է Ինքն Իրենից, չի կարող տեղափոխվել, անշարժ է ամեն ինչում և ամենուրեք: Եվ երբ այս ամենը հաստատվում է Աստծո մասին, հարկավոր է այն վերագրել Նրա բուն էությանը:

Աստված Ինքն է, արդարև, որևէ վիճակի և դիրքի հեղինակը, քանի որ Ինքը գոյություն ունի հնարավոր որևէ դիրքից կամ վիճակից վեր, և Իր մեջ են բոլոր գոյությունները հաստատություն ստանում և կայուն պահպանվում են իրենց բարիքների[2] մեջ:

Բայց այդ դեպքում, երբ [Աստվածաշնչի] սրբազան հեղինակները հաստատում են, որ այն, ինչը որ անշարժ է, առաջ է ընթանում և շարժվում դեպի ամեն ինչը, արդյո՞ք դա ինչ որ կերպ չպետք է հասկացվի նաև Աստծո համար: Եթե իրոք պետք է համարել, աստվածպաշտությանը հարիր ձևով, որ Աստված նույնպես շարժվում է, հարկավոր է ենթադրել, [ուրեմն], որ Նա դա չի անում նյութական տեղաշարժով կամ փոփոխությամբ կամ այլայլմամբ կամ շրջադարձով. և ո՛չ էլ տեղային ուղղագիծ կամ շրջանաձև կամ երկու կողմից հաստատուն շարժման համաձայն (լինի դա իմացական, կենդանական թե բնական [շարժում]). այլ՝ ընդհակառակը, Աստծո շարժումը կայանում է նրանում, որ Նա արարում և բովանդակում է բոլոր գոյությունները՝ ամեն կերպ նախախնամելով ամենքին, լինելով անդիմադրելիորեն մոտ բոլոր բաներին և ընդգրկելով դրանք բոլորը՝ Իր նախախնամության ճանապարհների և իրագործումների համաձայն:

Մանավանդ թե, անշարժ Աստծո շարժումը կարող է քարոզվել Իրեն պատշաճ ձևով՝ հասկանալով այն որպես ուղղագիծ, երբ այն բխում է Նրա անփոփոխությունից և բոլոր գոյությունների այն ծննդից, որը գալիս է հե՛նց Իրենից. թեք՝ Նրա կայուն գործունեության[3] և արգասավորության պարագայում. և, ի վերջո, շրջանաձև՝ այն իրողության առնչությամբ, որ բոլոր գոյությունները, Նրանից ելնելով, Նրան են վերադառնում: [...]

 

Սբ. Դիոնիսիոս Արիսպագացի (5-6-րդ դարեր), « Աստվածային անունների մասին », 9, 8-9.

[1] Այսինքն՝ անփոփոխ։ Շարժում ասելով հասկացվում է ո՛չ միայն տեղափոխությունը տարածքի մեջ (Աստված տարածքի մեջ չի տեղափոխվում, քանի որ ներկա է ամենուր), այլ՝ նաև և մանավանդ ժամանակի մեջ, օրինակ՝ մարդու շարժը տարիների ընթացքում, մանկությունից դեպի ծերություն, տհասությունից դեպի հասունություն։ Աստված դուրս և զերծ է նման բոլոր տեսակի շարժերից։
[2] Ի նկատի ունի յուրաքանչյուրի էության բարությունը, գեղեցկությունը, ներդաշնակությունը, կենսունակությունը, և այլն։
[3] Հմմտ. Հվհ 5, 17. «Իմ Հայրը միշտ գործում է, և ես էլ եմ գործում»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։