
6. - Միակ բարիքը բանական արարածի համար (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Բարի և չար հրեշտակների այդքա՜ն հակադիր ցանկությունները սկիզբ չեն առնում նրանց բնությունների տարբեր սկզբունքներից, – սա թույլատրելի չէ կասկածի տակ դնել, քանի որ Աստված` բարի և սուրբ Արարիչը, բոլոր գոյացությունների Հեղինակը, ստեղծել է թե՛ մեկին և թե՛ մյուսին, – այլ` նրանց կամքից և նրանց տենչանքներից:
Բարիներն, արդարև, հաստատուն մնացին բոլորի համար ընդհանուր բարիքի մեջ, որն իրենց համար Աստված Ինքն է, և Նրա հավիտենականության, ճշմարտության և սիրո մեջ. մյուսները, մինչդեռ, իրենց սեփական գերազանցությամբ հրապուրված, մտածելով կարծես, թե իրենք իսկ են իրենց բարիքը, հեռացան գերագույն երանացնող Բարիքից, որն համընդհանուր է բոլորի համար, շրջվելով դեպի իրենց սեփական, մասնավոր բարիքը:
Այսպիսով, գերագույն հավիտենականության փոխարեն իրենց գոռոզ ինքնավստահությունը պահելով, ամենաստույգ ճշմարտության փոխարեն՝ պատրանքի խաբեությունը, և անշահախնդիր ու համընդհանուր սիրո փոխարեն՝ սեփական անձի եսապաշտական փնտրտուքը, դարձան հպարտ, խաբեբա և նախանձոտ: Առաջինների երանության պատճառը, ուստի, Աստծո հետ միավորվելն է. հասկանալի է, հետևաբար, թե ինչպե՛ս երկրորդների համար հակառակն է նրանց դժբախտության պատճառը՝ Աստծուց բաժանվելը:
Ուստի, եթե հարց տրվի, թե ինչո՞ւ են առաջինները երանելի, իրավամբ կպատասխանվի. որովհետև միացած են Աստծուն։ Իսկ եթե հարց տրվի, թե ինչո՞ւ են երկրորդները դժբախտ, ուղիղ պատասխանն է. որովհետև միացած չեն Աստծուն: Խելքով և բանականությամբ օժտված արարածի համար գոյություն չունի մի բարիք, որն իրեն կարող է երանելի դարձնել, Աստծուց բացի:
Այսպիսով, թեպետ ո՛չ բոլոր արարածները կարող են երանելի լինել, – սա մի պարգև է, որին չեն կարող հասնել կենդանիները, բույսերը, ապարները և նմանօրինակ բաները, – այն արարածը, սակայն, որն ընդունակ է դրան, դրան չի կարող հասնել սեփական ուժերով, որովհետև ստեղծվել է ոչնչից. կարող է հասնել, մինչդեռ, Նրա օգնությամբ, Ում կողմից որ ստեղծվել է:
Հասնելով, հետևաբար, Նրան, երանելի է. Նրան կորցնելով, մինչդեռ, թշվառ է: Բայց Նա, Ով երանելի է ո՛չ այլոց բարիքի, այլ` Իր սեփական բարիքի բերումով, երբեք չի կարող թշվառ լինել, որովհետև չի կարող կորցնել Ինքն Իրեն:
Ասում ենք, ուստի, որ չկա [ուրիշ] անփոփոխ բարիք՝ միակ, ճշմարիտ և երանելի Աստծուց բացի. մինչդեռ բաները, որոնք Նա ստեղծել է, անշուշտ բարի են, որովհետև գալիս են Նրանից, բայց փոփոխական են, որովհետև ստեղծված չեն Նրա գոյացությունից, այլ՝ ոչնչից:
Թեպետ բանական արարածները գերագույն բարիքներ չեն, – նրանց համար, արդարև, Աստված է գերագույն Բարիքը, – նրանք, այդուհանդերձ, մեծ են, որովհետև, փոփոխական բարիքներ լինելով հանդերձ, նրանց տրված է, երանությանը հասնելու համար, հարել անփոփոխ Բարիքին, մինչև այն աստիճան, որ դա է հանդիսանում նրանց բարիքը, և առանց Նրա` նրանք անհրաժեշտաբար թշվառ են լինում:
Բայց սրանից չի հետևում, թե տիեզերքի մյուս արարածներն ավելի լավն են` այն պատճառով, այսինքն, որ չեն կարող, նրանց նման, թշվառ լինել. չենք կարող ասել, թե մեր մարմնի մյուս անդամներն ավելի լավն են, քան աչքերը, այն պատճառով, որ չեն կարող կույր լինել: Ինչպես որ զգալու կարողությամբ օժտված էակի բնությունն ավելի լավն է, նույնիսկ երբ տառապում է, քան ապարինը, որը ոչ մի կերպ չի կարող տառապել, այնպես էլ բանական բնությունը, թեկուզև թշվառ, ավելի գերազանց է, քան նա, որը զուրկ է բանականությունից ու զգայությունից, և չի կարող, ուստի, թշվառության մեջ ընկնել:
Քանի որ այսպիսին է իրավիճակը այս բնության համար, որը ստեղծվել է այնքա՜ն գերազանց, որ որքան էլ փոփոխական լինի, միանալով անփոփոխ Բարիքին, այսինքն՝ բարձրյալ Աստծուն, հասնում է երանությանը, և իր կարիքները չի գոհացնում, եթե ո՛չ` այս երանությամբ, որովհետև ոչինչ բավական չէ այն լցնելու համար, բացի Աստծուց. այս բնության համար, ուրեմն, Նրան չհարելը արատ է: Իսկ ամեն մի արատ վնասում է բնությանը, և այդ իսկ պատճառով` բնությանը հակառակ է:
Այդ կերպ, – եթե չի հարում Աստծուն, – տարբերվում է այն բնությունից, որը միանում է Նրան, ո՛չ թե` որովհետև այդպես է ստեղծվել, այլ` արատի պատճառով. և այդուհանդերձ, այս արատը նույնպես ցույց է տալիս, թե որքա՜ն մեծ և որքա՜ն գովելի է նման բնությունը: Այն անշուշտ արժանի է գովեստի, թեկուզև նրա արատն իրավամբ պախարակվում է. և լիովին արդարացի է պախարակելն այն արատը, որն ապականում է գովեստի այդքա՜ն արժանի բնությունը:
Ասելով, օրինակ, որ կուրությունը աչքերի արատն է, ցույց է տրվում, որ աչքերի բնությանը հատուկ է տեսողությունը, և երբ ասվում է, որ խլությունը ականջների արատն է, հաստատվում է, որ նրանց բնությանը պատշաճում է լսողությունը. եթե, ուրեմն, ասվում է, որ Աստծուց հեռանալը հրեշտակային արարածի արատն է, ամենայն հստակությամբ հռչակվում է, որ նման բնությանը վայելում է Աստծո հետ միությունը:
Ո՞վ կարող է արժանապես պատկերացնել կամ արտահայտել, թե ինչպիսի՜ մեծ գովք է Աստծուն հարելը, այնքան՝ որ ապրես Նրանով, ճանաչես Նրան, երանություն ապրես Նրանով և վայելես մի այդքա՜ն մեծ Բարիք՝ առանց մահվան, առանց մոլորության և առանց որևէ նեղության:
Եվ սրանից եզրակացվում է, որ – քանի որ ամեն մի արատ վնասակար է բնությանը – չար հրեշտակների արատը, որը նրանց բաժանված է պահում Աստծուց, պերճախոս վկայություն է նրանց բնության բարության մասին, որն Աստծո համար է ստեղծվել, և որի գերագույն չարիքը կայանում է Նրա հետ միացած չլինելու մեջ: [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Աստծո Քաղաքի մասին », 12, 1.