7. - Ամեն ինչ ստեղծվել և կարգավորվել է Խոսքի և Հոգու միջոցով (Իրենեուս Լուգդունացի) – Գրադարան – Mashtoz.org

7. - Ամեն ինչ ստեղծվել և կարգավորվել է Խոսքի և Հոգու միջոցով (Իրենեուս Լուգդունացի)

[...] Բոլոր ստեղծված գոյություններն անհրաժեշտաբար բխում են մի առաջին պատճառից, որն իրենց գոյության հիմքն է. ամեն ինչի սկիզբը Աստված է: Նա, արդարև, ոչ մեկի կողմից չի ստեղծվել, այլ` Նրա կողմից են ստեղծվել բոլոր գոյությունները: Ուստի, անհրաժեշտ է նախևառաջ ճանաչել, որ կա միայն մեկ Աստված՝ Հայրը, Ով ստեղծել և ձևավորել է ամբողջ տիեզերքը, Ով գոյություն է տալիս այն ամենին, ինչը նախկինում գոյություն չուներ, և Ով, բովանդակելով ամեն ինչ, ոչ մի բանի կողմից չի կարող բովանդակվել: Արդ, այս տիեզերքին մաս է կազմում նաև մեր աշխարհը, և աշխարհի մեջ՝ մարդը. հետևաբար, մեր այս ստորին աշխարհը նույնպես ձևավորվել է Աստծո կողմից:

Ահա՛ թե ինչպե՛ս է ներկայանում այս վարդապետությունը. կա միայն մեկ Հայր Աստված՝ անստեղծ, անտեսանելի, տիեզերքի Արարիչը. Նրանից վեր չկա ա՛յլ Աստված, և Նրանից հետո չկա ա՛յլ Աստված. Աստված, բացի այդ, օժտված է բանականությամբ, ուստի բոլոր գոյությունների արարումը բանականության գործ է եղել: Աստված հոգի է, ուստի Հոգու միջոցով է ամեն ինչ կարգավորել, ինչպես ասում է մարգարեն. «Տիրոջ Խոսքով (Բանով) ստեղծվեցին երկինքները, և Նրա Հոգով՝ նրանց բոլոր զորությունները» (Սղմ 32, 6):

Արդ, քանի որ Բանը(1) ստեղծում է, այսինքն՝ գործում է մարմնի մեջ և ձրիաբար շնորհում է գոյությունը, մինչդեռ Հոգին կաղապարում և ձևավորում է հրեշտակային զանազան զորություններին. լիակատար իրավացիությամբ է, ուստի, Խոսքը Որդի կոչվում, իսկ Սուրբ Հոգին՝ Աստծո Իմաստություն: Այսպես Պողոսը՝ Նրա Առաքյալը, անսխալ կերպով ասում է. «Միայն մեկ Հայր Աստված, Ով ամենքից վեր, ամենքի հետ և մեր բոլորի մեջ է» (Եփս 4, 6):

Արդարև, բոլոր գոյություններից վեր` կա Հայրը, բոլոր գոյությունների մեջ` կա Բանը, քանի որ Հայրը Նրա միջոցով է ստեղծել ամեն բան. և մեր մեջ` կա Հոգին, որն աղաղակում է. «Աբբա՜, Հա՜յր» (Գղտ 4, 6), և ձևավորում է մարդուն Աստծո նմանությամբ: Եզրակացնելով, Հոգին հայտնում է Բանին, և սրա համար է, որ Մարգարեներն ավետեցին Աստծո Որդուն. բայց Բանը մղում է Հոգուն գործելու. Նա է, որ խոսում է Մարգարեներին, և բարձրացնում է մարդուն մինչև Հայրը:

Ահա՛ մեր հավատքի կանոնը, շինության հիմքը, և այն, ինչը որ հաստատուն է դարձնում մեր ընթացքը. Հայր Աստված՝ անստեղծ, անպարագրելի, անտեսանելի, միակ Աստված, տիեզերքի Արարիչը. սա՛ է մեր հավատքի առաջին հոդվածը:

Երկրորդ հոդվածը սա է. Աստծո Բանը` Աստծո Որդին՝ Քրիստոս Հիսուս մեր Տերը, Ով տարբեր կերպերով հայտնվեց Մարգարեներին՝ նրանց մարգարեության տեսակի և Հոր նախախնամական ծրագրերի համաձայն. Ում գործով ստեղծվեց ամեն ինչ. Ով, ապա, ժամանակների վախճանին, մարդացավ մարդկանց մեջ՝ ամեն ինչ Իր մեջ վերաբովանդակելու համար, եղավ տեսանելի ու շոշափելի, որպեսզի կործանի մահը, հայտնի կյանքը և հաստատի միությունը Աստծո և մարդկանց միջև:

Երրորդ հոդվածը սա է. Սուրբ Հոգին, Ում միջոցով Մարգարեները մարգարեացան, Հայրերը հասու եղան Աստծո գիտությանը, և Արդարներն առաջնորդվեցին արդարության ճանապարհով. Ով ժամանակների վախճանին նորովի հեղվեց մարդկության վրա՝ նորոգելու համար մարդուն ողջ երկրի վրա, և նրան Աստծո մոտ վերադարձնելու համար:

Ուստի, մեր վերստին ծննդյան ժամանակ, այս երեք հոդվածների շնորհով կատարվում է Մկրտությունը, որը մեզ պարգևում է վերստին ծննդյան շնորհը` Հայր Աստծուց, Որդու միջոցով, Սուրբ Հոգու մեջ: Արդարև, նրանք, ովքեր իրենց մեջ կրում են Աստծո Հոգին, առաջնորդվում են դեպի Բանը, այսինքն՝ Որդին. Որդին, ապա, նրանց ներկայացնում է Հորը, և Հայրը նրանց շնորհում է անապականությունը:

Հետևաբար, առանց Հոգու հնարավոր չէ տեսնել Աստծո Որդուն, և առանց Որդու հնարավոր չէ մոտենալ Հորը, քանի որ Հոր ճանաչողությունը Որդին է, իսկ Աստծո Որդու ճանաչողությունն իրագործվում է Սուրբ Հոգու միջոցով: Հոգին, ապա, տրվում է Որդու սպասավորությամբ՝ ըստ Հոր հաճության, այսինքն՝ ինչպե՛ս և ո՛ւմ որ Հայրը կամենում է:

Եթե Հոգու կողմից Հայրը կոչվում է Բարձրյալ, Ամենակալ և ամեն զորության Տեր, դա այն պատճառով է, որ մենք պետք է համոզվենք, որ Աստված ճշմարտապես այդպիսին է, այսինքն՝ երկնքի, երկրի և այս ողջ տիեզերքի Արարիչն է. հրեշտակների, մարդկանց Արարիչն է և ամեն ինչի Տերը. Նրանով է, որ բոլոր բաները գոյություն ունեն, և յուրաքանչյուրը ստանում է իր սնունդը. Նա բարեգութ է, ողորմած և գթասրտությամբ լի. բարի է, արդար, Աստվածն է բոլորի՝ թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների և թե՛ հավատացյալների:

Բայց հավատացյալների համար Նա Հայր է, որովհետև [հաստատված] ժամանակների լրմանը բացեց որդեգրության ուխտը. հրեաների համար Տեր է և Օրենսդիր, որովհետև միջանկյալ ժամանակներում մարդիկ, մոռանալով Աստծուն, հեռացել ու ապստամբել էին Նրա դեմ, և Նա այս պատճառով նրանց ծառայության մեջ էր դրել Օրենքի միջոցով, որպեսզի սովորեին, որ ունեն Տեր, Արարիչ և Ստեղծող, Ով պարգևում է կյանքի շունչը և Ում պարտավոր ենք մեծարել օր ու գիշեր: Իսկ հեթանոսների համար Նա Արարիչ է և ամենակալ ճարտարապետ(2): Բայց բոլորի համար, առանց բացառության, Նա սնունդ պարգևող է, Թագավոր է և Դատավոր. ոչ ոք, արդարև, չի խուսափելու Նրա դատաստանից՝ ո՛չ հրեան, ո՛չ հեթանոսը, և ո՛չ էլ հավատացյալներից որևէ մեկը, որ մեղք է գործել, և ո՛չ էլ հրեշտակները: Նրանք, ովքեր այժմ մերժում են հավատալ Նրա բարությանը, այն ժամանակ՝ դատապարտության պահին, կճանաչեն Նրա զորությունը, ինչպես ասում է Երանելի Առաքյալը. « ... անտեսելով, որ Աստծո սերը կանչում է քեզ դարձի, քո համառությամբ և սրտի անզղջությամբ շարունակում ես բարկություն դիզել քո անձի դեմ` բարկության և Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար, Ով հատուցելու է յուրաքանչյուրին՝ ըստ նրանց գործերի» (Հռմ 2, 4-6):

Նա է, որ Օրենքի մեջ կոչվում է Աբրահամի Աստված, Իսահակի Աստված և Հակոբի Աստված. ողջերի Աստված: Ուստի, անպատմելի է այս Աստծո բարձրությունն ու մեծությունը:

Մեր այս աշխարհը շրջապատված է յոթ Երկինքներով, որոնցում բնակվում են անթիվ զորություններ՝ հրեշտակներ և հրեշտակապետեր, որոնք պաշտամունք են մատուցում ամենակալ և ամեն ինչի Արարիչ Աստծուն: Նա դրա կարիքը չունի, բայց նրանք անում են դա, որպեսզի չմնան դատարկ, անօգուտ և իրենց եսասիրության մեջ փակված: Պարզ է, ուրեմն, որ Աստծո Հոգու ներքին ներկայությունը բազմակերպ է. Եսայի Մարգարեի կողմից այն սահմանվում է սպասավորության յոթ տարբեր ձևերով, որոնք բոլորը իջան Աստծո Որդու, այսինքն՝ Բանի վրա, Նրա որպես մարդ գալստյան պահին: Եսային, արդարև, ասում է. «Նրա վրա կհանգչի Աստծո Հոգին. Հոգին իմաստության և հանճարի, Հոգին խորհրդի և զորության, Հոգին գիտության և աստվածպաշտության. և կլցնի Նրան, ապա, Աստծո երկյուղի Հոգին» (Ես 11, 2):

Ուրեմն, առաջին Երկինքը՝ սկսած վերևից, այն, որ բովանդակում է բոլոր մյուսներին, իմաստության Երկինքն է. երկրորդը հանճարինն է. երրորդը՝ խորհրդինը. չորրորդը, վերևից սկսած հաշվելով, զորության Երկինքն է. հինգերորդն, ապա, գիտությանը. վեցերորդը՝ աստվածպաշտությանը, և յոթերորդը, այսինքն՝ այս հաստատությունը, որ շրջապատում է մեր աշխարհին, լի է երկյուղով` այն Հոգու, Ով լուսավորում է Երկինքները: Մովսեսը ստացել էր դրա խորհրդանշանը՝ յոթնաճյուղ աշտանակը, որն անշեջ վառվում էր Սրբություն Սրբոցում. նա, արդարև, ստացել էր ծիսական պատվիրանները, որոնք կաղապարված էին Երկինքների օրինակով, ինչպես նրան ասել էր Բանը. «Ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ տեսար լեռան վրա» (Ելց 25, 40):

Ուրեմն, այս Աստվածը փառաբանվում է Իր Բանի կողմից, Ով հավիտենապես Իր Որդին է, և Սուրբ Հոգու կողմից, Ով ամեն ինչի Հոր իմաստությունն է: Նրանց զորությունները, – այսինքն՝ զորությունները Բանի և Իմաստության, – որ կոչվում են քերովբեներ և սերովբեներ, փառաբանում են Աստծուն օրհներգներով, որոնք երբեք չեն դադարելու. և այն ամենը, որ գոյություն ունի, այն ամենը, որ գտնվում է Երկինքներում, փառք է մատուցում Աստծուն՝ ամեն ինչի Հորը: Նա, Իր Բանի միջոցով, գոյություն շնորհեց ամբողջ աշխարհին, ինչպես նաև հրեշտակներին, որոնք նույնպես գոյություն ունեն այս աշխարհում. այս աշխարհի համար, ապա, սահմանեց որպես օրենք, որ յուրաքանչյուրը մնա իր տեղում՝ առանց անցնելու Աստծո կամքով հաստատված սահմանները, և որ յուրաքանչյուրը կատարի այն գործը, որն իրեն հանձնարարվել է: [...]

 

Սբ. Իրենեուս Լուգդունացի (130-202), « Ցուցաբերություն Առաքելական քարոզչության », 4-10.

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Բնագրում՝ դեմիուրգ, որ կարող է նշանակել կազմակերպող, շինարար, կարգուկանոն հաստատող։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։