7. - Աստծո մարդակերպ նկարագրությունները խորին իմաստներ են բովանդակում (Հովհան Դամասկացի) – Գրադարան – Mashtoz.org

7. - Աստծո մարդակերպ նկարագրությունները խորին իմաստներ են բովանդակում (Հովհան Դամասկացի)

[...] Սուրբ Գիրքն ընթերցելիս հաճախ հանդիպում ենք բազմաթիվ հատվածների, որտեղ Աստված, որոշակի ձևով, խորհրդաբանական կերպով կամ այլաբանորեն ներկայացվում է այնպես, կարծես Նա նույնպես մարմին ունենար։ Այդուհանդերձ, սակայն, հարկավոր է իմանալ, որ մենք մարդիկ ենք և պարուրված ենք թշվառ մարմնով, այնպես` որ մեր համար անհնարին է մտածել և արտահայտել Աստծո վսեմ ու աննյութական գործողությունները՝ առանց մեր վիճակին հարմար փոխաբերություններ և խորհրդանշաններ գործածելու։

Ակնհայտ է, ուստի, որ այն ամենը, ինչը որ նյութական կերպով ասվել է Աստծո մասին, ասվել է խորհրդանշական կերպով, և ավելի բարձր իմաստ է պարունակում. Աստված, արդարև, բացարձակապես պարզ է և անկերպարանք։

Աստծո աչքերը, Նրա արտևանունքները, Նրա հայացքը, Նրա ամեն ինչ տեսնելու կարողությունը նշանակում են ամենագիտությունը, որից ոչինչ չի վրիպում, քանի որ հենց այդ զգայարանի շնորհիվ է մեր գիտելիքը ավելի կատարյալ ու ամբողջական դառնում։

Նրա ականջները և Նրա լսողությունը պետք է հասկանանք որպես ներելու պատրաստակամությունը և մեր աղոթքներն ընդունելու բարյացակամությունը։ Արդարև, մենք, հենց լսողության զգայարանի շնորհիվ, սովորաբար մեղմ և բարյացակամ ենք լինում նրանց հանդեպ, ովքեր մեզնից ինչ որ մի բան են աղերսում։

Աստծո բերանը և խոսքերը պետք է նույնացնենք Նրա կամքի հռչակման հետ, ինչպես մենք ինքներս էլ, ի դեպ, խոսքերով և խոսելու միջոցով, հայտնում ենք մեր սրտի թաքուն զգացմունքները։

Աստծո կերակուրներն ու ըմպելիքները պետք է հասկանանք որպես մեր հաղորդակցությունը Նրա կամքին, ո՛չ տարբեր ձևով, քան ինչպես մենք՝ ճաշակելու զգայարանով արտահայտում ենք մեր բնական ախորժակը։

Աստծո հոտոտելիքի մեջ ճանաչում ենք այն առաքինությունը, որի շնորհիվ մեր խորհուրդները հաճելի են լինում Նրան։ Չէ՞ որ մենք նույնպես հոտառության զգայարանով ենք զգում բուրմունքների անուշահոտությունը։

Աստծո դեմքը պետք է հասկանանք այն իմաստով, որ Աստված Իրեն տեսանելի է դարձնում և հայտնվում է [Իր] գործերի միջոցով, այնպես` ինչպես որ մենք ենք արտահայտվում [մեր] դեմքի միջոցով։

Աստծո ձեռքերը պետք է հասկանանք որպես Նրա գործունեության արդյունավետությունը։ Արդարև, մենք մեր իսկ ձեռքերով ենք անում առավել օգտակար և լավագույն բաները։ Աստծո աջը նշանակում է Նրա օգնությունը նպաստավոր բաներում, որովհետև մենք նույնպես առավել ջանք և շատ ուժ պահանջող գործերում նախապատվությունը տալիս ենք աջ ձեռքին։ Աստծո շոշափելիքը նշանակում է Նրա մեծապես ճշգրիտ քննությունն ու դատողությունը [անգամ] ամենափոքր ու ծածուկ իրողությունների վերաբերյալ։ Նմանապես, որքանով որ վերաբերվում է մեզ, նրանք, ում մենք հպվում ենք, չեն կարող իրենց մասին որևիցէ մի բան թաքուն պահել մեզնից։

Աստծո ոտքերն ու ընթացքը նշանակում են Նրա գալուստը և ներկայությունը՝ օգնության հասնելու համար կարիքավորին, կամ կործանելու համար թշնամիներին, կամ որևիցէ մի ա՛յլ նպատակով։ Ո՛չ ա՛յլ կերպ, ոտքերը մեզ սրա համար են ծառայում. հասցնելու համար մեզ ինչ որ մի տեղ։

Աստծո կողմից արված երդումը նշանակում է Նրա որոշման անփոփոխելիությունը, ճիշտ այնպես, ինչպես մեր մեջ, որևէ մի հաստատված բանի վրա երդվելով` վավերացվում են փոխադարձ պարտավորությունները։

Նրա զայրույթը և Նրա ցասումը պետք է հասկանանք որպես Նրա ատելությունը և Նրա հակառակությունը չարի հանդեպ։ Մենք նույնպես, ի դեպ, մի՞թե չենք բարկանում, երբ ատում ենք այն բաները, որոնք հակառակվում են մեր մտածելակերպին։

Աստծո մոռացությունը և քունը, ի վերջո, նշանակում են թշնամիների հանդեպ պատժի հետաձգում կամ [յուրայիններին] տրվող սովորական օգնության ուշացում։

Կարճ ասած, մի խոսքով, այն ամեն ինչի մեջ, որ Աստծո մասին ասվել է մարմնին վերաբերվող պատկերների միջոցով, թաքնված է մի առավել խորին իմաստ, որով, մեզ համաչափ արտահայտությունների միջոցով, մենք ուսանում ենք մեզնից վեր գտնվող իրողությունների մասին։ Բացառությամբ այն դեպքի, երբ խոսվում է Աստծո Բանի մարդեղության մասին։ Այդ ժամանակ, իսկապես, Նա ստանձնեց ամբողջ մարդուն` մեր փրկության համար. բանական հոգին և մարմինը, մարդկային բնությանը բնորոշ բոլոր հատկանիշները, ներառյալ ֆիզիկականները և անպախարակելի զգացմունքները։ [...]

 

Սբ. Հովհան Դամասկացի (675-749), « Ուղղափառ հավատքի մասին », 1, 11.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։