7. - Մարդկային խելքը նվաղում է Երրորդության խորհրդի առաջ (Հերոնիմոս Ստրիդոնացի) – Գրադարան – Mashtoz.org

7. - Մարդկային խելքը նվաղում է Երրորդության խորհրդի առաջ (Հերոնիմոս Ստրիդոնացի)

[...] Քանի որ Աստծո գործերը չեն կարող ըմբռնվել մարդկային իմացականության և մտքի կողմից, Սուրբ Գրքի հատվածներից մեկում կարդում ենք. «Քո բոլոր գործերը ճանաչելի են հավատքով» (հմմտ. Հռմ 11, 33): Շեշտվում է, հետևաբար, գործերի ճանաչողությունը հավատքի միջոցով: Արդ, եթե նույնիսկ գործերի մասին մեր գիտելիքն ավելի շատ հենվում է հավատքի, քան թե բանականության վրա, որքա՜ն առավել՝ գոյություն ունեցող ամեն ինչի Արարչի ու Հիմնադրի ճանաչողությունը:

Եվ եթե, ուրեմն, ասված է. «Քո բոլոր գործերը ճանաչելի են հավատքով», [ապա] դա վերաբերվում է նաև ինձ, որ հիմա խոսում եմ ձեր հետ. այլապես, ես Նրա գործերի մաս չէի լինի: Ես նույնպես, ուրեմն, հավատքի առարկա եմ, և ո՛չ թե` բանական ճանաչողության: Ես ի զորու չեմ ըմբռնելու պատճառը, թե ինչո՛ւ են ոտքերս շարժվում և թե ինչո՛ւ է ձայնս հնչում. ես չգիտեմ, թե ինչո՛ւ է միտքը ծրագրեր հյուսում, և կամքը՝ հրամայում, և թե ինչո՛ւ է մարմինը հնազանդվում կամքին, և թե ինչո՛ւ է անմահ հոգին միացած մահկանացու մարմնին, և թե ինչո՛ւ է իմ հոգին շարժվում բոլոր ուղղություններով և չի կարող սահմանափակվել այսքա՜ն մեծ աշխարհով, թեպետև բանտարկված է մարմնի մեջ:

Ինչո՞ւ եմ նշում այս ամենը: Որովհետև ինձ հաղորդել են, որ որոշ եղբայրներ երբեմն վիճում են և հարցնում, թե ինչպե՛ս է պատահում, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին երեքն են, և նաև՝ մեկը: Խորհելով խնդրո առարկա այս հարցի շուրջ՝ կարող եք տեսնել, թե որքա՛ն վտանգավոր է այդ քննարկումը: Կավե անոթը սկսում է բանավիճել իր Արարչի մասին, մինչ չի կարողանում նույնիսկ իր սեփական բնության հետազոտմանը հասնել: Հետաքրքրասիրությամբ փորձում է իմանալ Երրորդության խորհուրդը, որը նույնիսկ Երկնքի հրեշտակները չեն կարող քննել: Ի՞նչ են ասում, արդարև, հրեշտակները. «Ո՞վ է այս Փառքի Թագավորը: Զորությունների Տե՛րը, Նա՛ է Փառքի Թագավորը» (Սղմ 23, 10): Եվ, նմանապես, Եսային գրում է. «Ո՞վ է սա, որ բարձրանում է Եդոմից՝ բոսորագույն զգեստներ հագած» (Ես 63, 1): Տեսնում ենք, ուրեմն, որ նրանք գովերգում են Աստծո գեղեցկությունը, բայց ոչինչ չեն ասում Նրա էության մասին:

Ուստի մենք էլ պարզ և համեստ մնանք: Երբ ուզում ես քննել աստվածային բնությունը, երբ փափագում ես իմանալ, թե ի՛նչ է Աստված, այդ ժամանակ ի նկատի առ, որ դու ոչինչ չգիտես դրա մասին: Բայց դրանից չպետք է խռովվես, որովհետև անգամ հրեշտակները ոչինչ չգիտեն դրա մասին, և ո՛չ մի ա՛յլ արարած ևս չգիտի: Սպասում եմ, սակայն, թե կառարկեք. «Ինչո՞ւ եմ ուրեմն հավատում, եթե չեմ հասկանում»: Այսինքն՝ ինչո՞ւ եմ ես քրիստոնյա, եթե չգիտեմ, թե ինչպե՛ս եմ քրիստոնյա դարձել: Կպատասխանեմ ամենայն պարզությամբ, Սուրբ Գրքից վկայություններ բերելու փոխարեն: Ո՜վ քրիստոնյա, ինչո՞ւ ես կարծում, թե այդքան քիչ բան գիտես: Եթե գիտես, որ ոչինչ չգիտես, մի՞թե չպետք է համարես, որ մի մեծ իմաստություն ես յուրացրել:

Հեթանոսը տեսնում է մի քար և այն համարում է Աստված. փիլիսոփան դիտում է երկնակամարը և կարծում է, թե դրա մեջ գտնում է իր Աստծուն: Ուրիշներ նկատում են արեգակը, որն իրենց Աստված է թվում: Տե՛ս, ուրեմն, թե դու որքա՜ն ես իմաստությամբ գերազանցում այդ մարդկանց, երբ ասում ես. «Քարը չի կարող Աստված լինել. չի կարող Աստված լինել արեգակը, որը մի ուրիշի հրամանով հետևում է իր ընթացքին»: Քո անգիտության խոստովանության մեջ թաքնված է մի մե՜ծ իմաստություն: Իսկ հեթանոսներն անմիտ են հե՛նց այն պատճառով, որ կարծում են, թե գիտեն, քանի որ նրանց գիտելիքը մոլորություն է: Բացի այդ, դու հաշվի չես առնում քո անունը. դու կոչվում ես «հավատացյալ», և ո՛չ թե` «մտածող»: Երբ ինչ որ մեկը Մկրտություն է ստանում, նրա մասին ասում են. «Նա [հավատացյալ] է», կամ [ինքն իր մասին ասում է.] «Ես հավատացյալ դարձա»: Այսինքն՝ ես հավատում եմ այն ամենին(1), ինչ չեմ հասկանում: Եվ հե՛նց դրա համար եմ ես իմաստուն, որովհետև գիտակցում եմ իմ անգիտությունը: Կառարկեն, թե սա բացատրություն չէ, այլ` խուսափելու միջոց. «Մենք արդեն գիտեինք, որ [որոշ բաներ] գիտենք, իսկ [որոշ բաներ] չգիտենք: Սովորեցրո՛ւ մեզ հասկանալ նաև այն, ինչը որ ծածկված է մեր իմացությունից»: Բայց մի՞թե ավելի լավ չէ խոնարհաբար ընդունել սեփական անգիտությունը, քան թե գոռոզաբար կարծել, թե տիրապետում ես ինչ որ մի գիտելիքի: Դատաստանի օրը ես չեմ դատապարտվի, եթե ստիպված լինեմ ասել. «Ես չթափանցեցի իմ Արարչի էության մեջ»: Բայց եթե հանդուգն պնդումներ եմ անում, հավակնոտությունը կունենա իր պատիժը, մինչ անգիտությունը կստանա ողորմություն:

Բայց ցանկանում եմ նաև Սուրբ Գիրքը մեջբերել, որպեսզի հենվեմ ո՛չ այնքան իմ մտքի, որքան, ավելի շուտ, մեր Տիրոջ և Փրկչի հեղինակության վրա: Ի՞նչ ասաց Նա, ուրեմն, Իր համբարձումից քիչ առաջ` Առաքյալներին, որոնց հետ խոսում էր որպես Վարդապետ և Տեր: Ո՛չ ոք չի կարող սեփական բնության մասին խոսել այնպես, ինչպես Նա, Ով Ինքն Աստված է: Մեր համար բավական է Երրորդության մասին իմանալն այնքան, որքան որ Տերը կամեցավ հայտնել մեզ: Ուրեմն, ի՞նչ ասաց Նա Առաքյալներին. «Գնացե՛ք և մկրտեցե՛ք բոլոր ժողովուրդներին Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մտթ 28, 19):

Լսում եմ երեք անուն, և սակայն` խոսքը վերաբերվում է մեկին: Տերը չի ասում «անուններով», այլ՝ «անունով». և սակայն, Տերն արտասանում է երեք անուն: Ինչպե՞ս կարող է Նա հետո ամփոփել դրանք մեկի մեջ` հետևյալ խոսքերով. «Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»: Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունը մեկն է. բայց դա այն անունն է, որը ճշմարտապես պատկանում է Երրորդությանը: Երբ ասվում է. «Հայր Աստծո անունով, Որդի Աստծո անունով և Սուրբ Հոգի Աստծո անունով», Հայրը, Որդին և Սուրբ Հոգին աստվածության միակ անունն են: Եվ եթե դու հարցնես ինձ, թե ինչպե՞ս կարող են երեքը միայն մեկ անունով կոչվել, ես չգիտեմ դա և անկեղծորեն ընդունում եմ իմ անգիտությունը, որովհետև Քրիստոսը մեզ ոչինչ չի հայտնել դրա մասին: Ես միայն սա գիտեմ. որ քրիստոնյա եմ, որովհետև ճանաչում եմ մեկ Աստված Երրորդության մեջ: [...]

 

Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420), « 91-րդ սաղմոսի մեկնություն ».

(1) Հայրապետը «ամենին» ասելով հասկանում է, բնականաբար, Քրիստոնեական Հավատքի ուսուցումները։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։