
7. - Միտք և խոսք (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] «Սկզբում էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր»։ Մենք նույնպես, երբ խոսում ենք, բառեր ենք արտասանում։ Արդյո՞ք այդ բառերին է նման այս Բանը[1], որ Աստծո մոտ էր։ Մեր արտասանած բառերը մի պահ արձագանքում են օդում և ապա չքանում։ Ուրեմն պիտի ասենք, թե Աստծո Բանը նույնպե՞ս դադարեց գոյություն ունենալուց՝ հենց որ արտասանվեց։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս ամեն ինչ Նրանով ստեղծվեց, և առանց Նրա չստեղծվեց ոչինչ։ Ինչպե՞ս է Նրա կողմից կառավարվում այն, ինչ Նրա կողմից ստեղծվել է, եթե Բանը սոսկ մի ձայն է, որ մարում է։ Ուրեմն ի՞նչ Բան է սա, որն ասվում է և երբեք չի անցնում։ Ձեր սերը թող ուշադիր լինի. նյութը արժանի է դրան։
Ամեն օր մենք արտասանում ենք բառեր, որոնք կորցնում են իրենց արժեքը մեր համար, որովհետև դրանք մարում են հենց որ ասում ենք, և թվում են սոսկ բառեր։ Սակայն, մարդու մեջ կա նաև մի խոսք, որ մնում է ներսում. չէ՞ որ միայն ձայնն է դուրս գալիս բերանից։ Դա այն խոսքն է, որն ասվում է հոգու մեջ. այն, ինչ դու հասկանում ես բառերի ձայնից, բայց որը այդ ձայնը չէ։
Ձեզ մի օրինակ բերեմ։ Երբ ես ասում եմ «Աստված», մի բառ եմ արտասանում։ Որքա՜ն կարճ է այս բառը՝ ընդամենը չորս տառ և երկու վանկ[2]։ Ուրեմն պիտի ասենք, թե Աստված սոսկ այսքա՞նն է՝ չորս տառ և երկու վանկ։ Թե՞ ընդհակառակը, որքան որ աննշան է բառը, այնքան թանկարժեք է նրա իմաստը։ Ի՞նչ կատարվեց քո սրտում, երբ լսեցիր «Աստված»։ Ի՞նչ կատարվեց իմ սրտում, երբ ասացի «Աստված»։ Մենք մտածեցինք մի գերագույն մեծության մասին, որ վեր է ամեն փոփոխական մարմնավոր և շնչավոր արարածից։ Եվ եթե հարցնեի քեզ. «Աստված փոփոխակա՞ն է, թե՞ անփոփոխ», դու իսկույն կպատասխանեիր. «Հեռո՜ւ իմ մտքից այն գաղափարը, թե Աստված ենթակա է որևէ փոփոխության, քանի որ Նա անփոփոխ է»։
Քո հոգին, թեև փոքրիկ, թեև գուցե դեռևս մարմնավոր[3], չէր կարող ինձ ա՛յլ կերպ պատասխանել, քան այսպես. որ Աստված անփոփոխ է. յուրաքանչյուր արարած, մինչդեռ, ենթակա է փոփոխության։
Ինչպիսի՞ լույս ծագեց քո մեջ, որով կարողացար նշմարել այն, ինչը որ վեր է բոլոր արարածներից, որպեսզի ինձ պատասխանեիր այդքան վստահությամբ, որ Աստված անփոփոխ է։ Ուրեմն ի՞նչ է սա քո սրտում, երբ դու մտածում ես մի կենդանի, հավիտենական, ամենակարող, անհուն, ամենուր ներկա, ամենուր ամբողջական և ոչնչով չսահմանափակված բնության մասին։ Երբ դու խորհում ես այս բաների շուրջ, դա Աստծո խոսքն է քո սրտում։ Մի՞թե այդ խոսքը միայն այն ձայնն է, որ կազմված է չորս տառից և երկու վանկից։ Այն ամենը, ինչ ասվում է, անցնում է. դրանք հնչյուններ են, տառեր են, վանկեր են։ Այս խոսքը, որ հնչում է, անցնում է. բայց այն, ինչը որ ձայնը նշանակում է, թե՛ նրա մտքում է, ով այն արտասանում է, և թե՛ նրա մտքում է, ով այն լսում է. այն մնում է նաև այն ժամանակ, երբ ձայնը դադարում է։ [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Հովհաննեսի Ավետարանի մեկնություն », 1, 8.