
8. - Աստծո մասին բոլոր ճառերը մեզ սոսկ մի երևույթ են ընծայում (Գրիգոր Նյուսացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Աստվածային անճառելի էության մասին ամեն վարդապետություն, նույնիսկ եթե վսեմ և Աստծո իրականությանը համապատասխանող ճառախոսության երևույթն ունենա, ոսկու սոսկ նմանություն է, բայց ո՛չ` բուն ոսկին։ Արդարև, մի արժեք, որը գերազանցում է [մարդկային] խելքին և բանական բոլոր հասկացողություններին, հնարավոր չէ, որ ցուցադրվի իր ամբողջության և կատարելության համաձայն։ Նույնիսկ եթե խոսքը Պողոսի մասին է, ով դրախտում հաղորդակից դարձվեց գաղտնածածուկ խորհուրդներին. նա, այո՛, անճառելի խոսքեր լսեց (2Կր 12, 4), բայց Աստծո մասին մտքերը մնում են անպատմելի։ Նա ինքն իսկ, իսկապես, հաստատում է, որ այդ խորհուրդները հնարավոր չէ խոսքերով արտահայտել։
Եվ ուրեմն, նրանք, ովքեր խորհուրդների ըմբռնման վերաբերյալ ինչ որ մի արժեքավոր դատողություն են առաջարկում, չեն կարող հաստատել, թե ինչպիսի՛ն են դրանք ինքնին, այլ` սահմանափակվում են նկարագրելով փառքի պայծառությունը, էության պատկերը, Աստծո գեղեցկությունը. հաստատելով, որ «սկզբում Բանն էր», և որ «Բանն Աստված էր» (Հվհ 1, 1)։ Եվ այս ամենը մեզ, որ չենք տեսել այդ աստվածային գանձը, թվում է, թե ոսկի է. սակայն նրանց համար, ովքեր կարող են հայել(1) ճշմարտությունը, սա [ընդամենը] երևում է որպես ոսկի, բայց ոսկի չէ։ [...]
Աստվածային էությունը մտքի սահմաններից վեր է։ Մանավանդ թե, հասկացողությունը, որ մենք ունենք Նրա մասին, սոսկ պատկերն է այն բանի, ինչ կա իրականում։ Արդարև, այն չի ցուցադրում վավերական իրականությունը Նրա, Ում ոչ ոք չի ճանաչել, և ո՛չ էլ կարող է ճանաչել կամ տեսնել, այլ, ինչպես հայելու մեջ և խորհրդավոր պատկերով, Նրա վերաբերյալ նկարագրում է սոսկ մի երևույթ։ [...]
Հոգին, մինչդեռ, որի ձեռքը բռնած` այդպիսի խորհուրդների միջոցով առաջնորդվում է դեպի անճառելի իրողությունների ըմբռնումը, միայն հավատքով պետք է իր մեջ ընկալի այն Էությունը, որը գերազանցում է ամեն մտքի ու խելքի։ [...]
Սբ. Գրիգոր Նյուսացի (335-395), « Երգ Երգոցի մեկնություն », 3.
(1) Հոգևոր եզրաբանության մեջ նշանակում է հիացմունքով դիտել, մի ամբողջական, ներթափանցող տեսողություն, որ երջանկացնում է։