8. - Հավատքը բավական է (Եփրեմ Ասորի) – Գրադարան – Mashtoz.org

8. - Հավատքը բավական է (Եփրեմ Ասորի)

[...] Ծովը մեծ է: Եթե ուզենաս քննել այն, կկլանվես նրա ալիքների թափից: Միայն մի ալիքը կարող է քշել տանել քեզ և հարվածել ժայռին: Քեզ պետք է բավական լինի, ո՜վ տկար մարդ, որ կարողանաս առևտրովդ զբաղվել մի փոքրիկ նավակի վրա: Բայց հավատքն ավելի լավ է՝ քո համար, քան նավը՝ ծովի վրա: Սա, արդարև, թիերով է ընթանում, և սակայն, հուժկու ալիքները կարող են սուզել նրան. իսկ հավատքդ երբեք չի սուզվի, եթե կամքդ դա չկամենա: Նավաստու համար որքա՜ն ցանկալի կլիներ կառավարել ծովը սեփական կամքով: Բայց նա մի կերպ է մտածում, իսկ մի ա՛յլ կերպ է գործում ալիքը: Միայն մեր Տերը տիրեց ծովին, այնպես` որ այն լռեց ու խաղաղվեց (հմմտ. Մտթ 8, 23-27; Մրկ 4, 35-41; Ղկս 8, 22-25): Բայց Նա քեզ էլ է տվել, Իր նման, տիրելու մի ծովի, և այն հանդարտեցնելու զորությունը: Հետաքննելը ծովից ավելի դառն է, և վիճաբանելը՝ ալիքներից ավելի փոթորկալից: Եթե հոգուդ վրա հարձակվում է կամակորության քամին, տիրապետի՛ր դրան և հարթեցրո՛ւ դրա ալիքները: Ինչպես որ փոթորիկն է տակնուվրա անում ծովը, այնպես էլ կամակոր վեճերը խռովում են հոգիդ: Մեր Տերը տիրապետություն է հաստատում, քամին դադարում է, և նավակը խաղաղությամբ սահում է ալիքների վրայով: Տիրապետի՛ր նենգամիտ ոգուն, սանձի՛ր այն, և հավատքդ խաղաղության մեջ կլինի:

Քեզ պետք է այս բանին դրդեն նաև այն արարածները, որոնց գործածությունը քեզ ծանոթ է: Օրինակ, դու ի վիճակի չես հստակեցնելու աղբյուրների գոյության փաստը, բայց այդուհանդերձ` չես դադարում խմել դրանցից: Եվ դրանցից խմած լինելու պատճառով, ապա, դու անշուշտ չես կարծում, թե ըմբռնել ես դրանք: Նաև արեգակը հասկանալու դու ի վիճակի չես, բայց այդուհանդերձ` չես թաքնվում նրա լույսից: Եվ այն պատճառով, որ արեգակն [իր ճառագայթներով] իջնում է քո մոտ, դու վստահաբար չես փորձում բարձրանալ դեպի նրա բարձունքը: Օդը քո համար գրավական է, բայց թե որքան է այն տարածված, դու չգիտես:

Արարածներից դու ստանում ես սահմանափակ օգնություն և օգուտ, և սակայն թողնում ես, որ նրանց անհայտ գանձը մնա ապահով սնդուկի մեջ: Դու չես ամաչում այն բանից, ինչը որ պակաս արժեք ունի, և չես ցանկանում այն, ինչը որ ավելի արժեքավոր է: Արարչի այս գործերն, ուրեմն, քեզ սովորեցնում են, թե ինչպե՛ս պետք է վարվես հենց Արարչի հետ. որ դու պետք է, այսինքն, փնտրես Նրա օգնությունը, բայց նաև պետք է հեռու մնաս Նրա մասին բարդ խոսքերով նրբաբանելուց: Ընդունի՛ր կյանքը Վսեմությունից, բայց մի՛ վիճիր այդ Վսեմության մասին: Սիրի՛ր Հոր բարությունը, բայց մի՛ քննիր Նրա էությունը: Սիրի՛ր և գնահատի՛ր Որդու հեզությունը, բայց մի՛ հետազոտիր Նրա ծնունդը: Սիրի՛ր Սուրբ Հոգու շունչը, բայց մի՛ փորձիր քննել այն: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին հայտնվել են Իրենց Անունով: Ուրեմն, կշռադատի՛ր Նրանց Անունը, բայց մի՛ հետազոտիր Նրանց անձնականությունները: Եթե ուզենաս պրպտել Նրանց էությունը, կկորչես. եթե հավատաս Անուններին, կապրես: Հոր Անունը քո համար թող որ պատվար լինի. մի՛ անցիր այն՝ փորձելով քննել Նրա բնությունը: Որդու Անունը քո համար թող որ պարիսպ լինի. մի՛ անցիր այն՝ փորձելով քննել Նրա ծնունդը: Սուրբ Հոգու Անունը քո համար թող որ ցանկապատ լինի. մի՛ չարչարիր միտքդ` այն ըմբռնելու համար: Այս Անուններն, ուրեմն, թող որ լինեն քո պատվարը, և այս Անուններով հեռացրո՛ւ ամեն տեսակի հետազոտությունները:

Լսեցիր Անունները և նրանց իրականությունը. շրջվի՛ր դեպի պատվիրանները: Լսեցիր օրենքն ու պատվիրանները. դարձի՛ր, ուրեմն, դեպի քո վարքը: Եվ երբ քո վարքը կատարյալ լինի, դարձի՛ր դեպի խոստումները: Մի՛ անտեսիր պատվիրանները՝ զբաղվելու համար մի բանով, որը հրամայված չէ: Դու ճշմարտության փորձառությունն ունեցար հայտնի իրականություններով, քեզ մի՛ կորցրու այն իրականությունների մեջ, որոնք ծածկված են:

Ճշմարտությունը նկարագրված է սակավաթիվ խոսքերով. դրա շուրջ երկարատև որոնումներ մի՛ սկսիր: Որ Հայրը գոյություն ունի, յուրաքանչյուր ոք գիտի դա. բայց թե ինչպիսի՛ն է Նա, դա ոչ ոք չգիտի: Որ Որդին գոյություն ունի, մենք բոլորս ընդունում ենք դա. բայց Նրա էությունն ու Նրա բարությունը չենք կարողանում ըմբռնել: Յուրաքանչյուր ոք ճանաչում է Սուրբ Հոգուն, [բայց] ոչ ոք չի համարձակվում քննել Նրան: Ընդունի՛ր, ուրեմն, որ Հայրը գոյություն ունի, բայց մի՛ ընդունիր, թե Նա ըմբռնելի է: Հավատա՛, որ Որդին գոյություն ունի, բայց մի՛ հավատա, թե Նա հետազոտելի է: Ճշմարի՛տ համարիր, որ Սուրբ Հոգին գոյություն ունի, բայց ճշմարիտ մի՛ համարիր, թե Նա կարող է ճանաչվել մինչև խորքը: Որ Նրանք մեկ են, հավատա՛ դա և ճշմարի՛տ համարիր. մի՛ կասկածիր, սակայն, թե Նրանք երեքն են: Հավատա՛, որ Հայրը առաջինն է. ճշմարի՛տ համարիր, որ Որդին երկրորդն է. մի՛ կասկածիր, որ Սուրբ Հոգին երրորդն է: Անդրանիկը երբեք չի տիրում Հոր վրա, որովհետև Հայրն է տիրակալը: Սուրբ Հոգին երբեք չի ուղարկում Որդուն, որովհետև Որդին է Նրան ուղարկողը: Որդին, որ նստած է [Հոր] աջ կողմում, երբեք չի հափշտակում Հոր տեղը, ինչպես որ Սուրբ Հոգին չի հափշտակում Որդու դերը, Որի կողմից Ինքն ուղարկվում է: Որդին ցնծում է ծնված լինելու վեհությամբ, և Սուրբ Հոգին ցնծում է Հոր կողմից սիրված լինելու վեհությամբ: Միայն ուրախությունն ու համերաշխությունը, միությունն ու կարգն են տիրում այնտեղ՝ վերևում: Հայրը ճանաչում է Որդու ծնունդը, և Որդին ճանաչում է Հոր ակնարկը. Հայրն ակնարկում է, Որդին հասկանում է, Սուրբ Հոգին կատարում է: Այնտեղ բաժանում չկա, որովհետև կա մեկ միասնական պարտականություն. այնտեղ շփոթություն չկա միության մեջ, այլ` գերագույն աստիճանի կարգ ու կանոն: Նրանց միությունը շփոթություն չէ, Նրանց զանազանությունը բաժանում չէ: Իսկ թե ինչպե՛ս են Նրանք զանազանվում և միավորվում, դա միայն Իրենք գիտեն: Դու, ապավինի՛ր լռությանը: [...]

 

Սբ. Եփրեմ Ասորի (306-373), « Հավատքի մասին », 2, 3-6.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։