8. - Ճանաչողության ճանապարհը (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

8. - Ճանաչողության ճանապարհը (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Այն, ինչը որ զգում եմ աներկմիտ կերպով, մանավանդ թե՝ հաստատ համոզմամբ, Տե՜ր, այն է, որ սիրում եմ Քեզ։ Խոսքովդ սիրտս խոցված՝ սիրեցի Քեզ, և երկինքն ու երկիրը ևս, և նրանց մեջ եղած ամեն ինչ, ահա՛, ամեն կողմից ասում են ինձ, որ սիրեմ Քեզ։ [...] Բայց ի՞նչ եմ սիրում, երբ սիրում եմ Քեզ։ Ո՛չ մարմնական գեղեցկություն, ո՛չ ժամանակավոր վայելչություն, ո՛չ լույսի պայծառություն՝ այնքա՜ն թանկ իմ այս աչքերի համար, ո՛չ ամեն տեսակ ձայներանգով տաղերի քաղցրանուշ մեղեդիները, ո՛չ ծաղիկների, օծանելիքների ու բույրերի անուշահոտությունը, ո՛չ մանանան ու մեղրը, և ո՛չ էլ մարմնական գրկախառնությանը հաճելի անդամները։

Սրանցից ո՛չ մեկը չեմ սիրում, երբ սիրում եմ իմ Աստծուն։ Եվ սակայն, երբ սիրում եմ իմ Աստծուն, սիրում եմ մի տեսակ լույս և ձայն և բույր և կերակուր և գրկախառնություն. լույսը, ձայնը, բույրը, կերակուրը, գրկախառնությունը ներքին մարդու, որ իմ մեջ է, որտեղ իմ հոգու առաջ շողում է մի լույս, որ սահմանափակված չէ տարածությամբ, որտեղ հնչում է մի ձայն, որ չի մարում ժամանակի մեջ, որտեղ տարածվում է մի բույր, որ չի ցրվում քամու փչմամբ, որտեղ ճաշակվում է մի համ, որ չի նվազում որկրամոլության ազդմամբ, որտեղ հյուսվում է մի գրկախառնություն, որ չի ընդհատվում հագեցման զգացմամբ։ Սա՛ եմ ես սիրում, երբ սիրում եմ իմ Աստծուն։

Ի՞նչ է սա։ Հարցրեցի երկրին, և նա պատասխանեց ինձ. «Ես չեմ»։ Նույն խոստովանությունը կատարեցին նաև բոլոր բաները, որ գտնվում էին նրա մեջ։ Հարցրեցի ծովին, նրա անդունդներին և կենդանի հոգի ունեցող սողուններին, և նրանք պատասխանեցին ինձ. «Մենք չենք քո Աստվածը. փնտրի՛ր մեզնից վերև»։ Հարցրեցի օդի զեփյուռներին, և ողջ օդային աշխարհն իր բնակիչների հետ պատասխանեց ինձ. «Անաքսիմենեսը[1] սխալվում է, ես Աստված չեմ»։ Հարցրեցի երկնքին, արեգակին, լուսնին և աստղերին. «Մենք էլ այն Աստվածը չենք, որին դու փնտրում ես», պատասխանեցին։ Եվ ես ասացի այն բոլոր էակներին, որոնք շրջապատում են իմ մարմնի դռներին. «Պատմեցե՛ք ինձ իմ Աստծո մասին. եթե դուք չեք իմ Աստվածը, ինչ որ մի բան ասացե՛ք ինձ Նրա մասին»։ Եվ նրանք մեծաձայն բացականչեցին. «Նա՛ է մեզ ստեղծել»։ իմ հարցերը իմ հիացմունքով լի հայացքն էր. նրանց պատասխանները՝ նրանց գեղեցկությունը։

Այդ ժամանակ դարձա դեպի ինքս ինձ և հարցրեցի. «Ո՞վ ես դու». և պատասխանեցի. «Մի մարդ»։ Եվ ահա՛, ես օժտված եմ մարմնով և հոգով, մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին։ Սրանցից ո՞ր մեկին հարցնեի իմ Աստծո մասին, որին արդեն փնտրել էի մարմնի զգայարաններով՝ երկրից մինչև երկինք. մինչև ուր որ կարողացա ուղարկել պատգամատարներին՝ ճառագայթներն իմ աչքերի։ Ներքին տարրն ավելի արժեքավոր է։ Նրան էին բոլոր պատգամատարները ներկայացնում երկնքի և երկրի և այնտեղ գոյություն ունեցող բոլոր արարածների պատասխանները, որոնք միաբերան ասում էին. «Մենք Աստված չենք», և. «Նա՛ է մեզ ստեղծել»։ Ներքին մարդն այս ամենն ընկալեց արտաքինի օգնությամբ. ե՛ս՝ ներքի՛նս, ընկալեցի սրանք, ե՛ս, ե՛ս՝ հոգի՛ս, մարմնիս զգայարանների միջոցով։ Իմ Աստծո մասին հարցրեցի տիեզերքի կոթողային կառույցին, և նա պատասխանեց ինձ. «Ես չեմ, այլ՝ Նա՛ է ինձ ստեղծել»։

Մի՞թե այս գեղեցկությունը տեսանելի չէ բոլոր նրանց, ովքեր օժտված են առողջ զգայարաններով։ Ուրեմն ինչո՞ւ այն բոլորին նույն կերպ չի խոսում։ Փոքր ու մեծ կենդանիները տեսնում են այն, բայց ունակ չեն հարցեր տալու, քանի որ նրանց մեջ չկա դատող բանականություն, որը կընկալեր զգայարանների պատգամները։ Մարդիկ, մինչդեռ, ունակ են հարցեր տալու, որպեսզի նշմարեն այն, ինչը որ Աստծո մեջ անտեսանելի է, դրանք արարածների միջոցով հասկանալով (Հռմ 1, 20)։ Սակայն նրանց սերը նրանց ստրկացնում է ստեղծված բաներին, իսկ ստրուկները չեն կարող դատաստան կայացնել։

Արդ, այս բաները նրանք պատասխանում են միայն նրանց, ովքեր իրենց հարցեր են ուղղում՝ կարողանալով դատել. չեն փոխում իրենց ձայնը, այսինքն՝ իրենց գեղեցկությունը, եթե մեկը միայն տեսնում է, մինչ մյուսը տեսնում է ու հարցնում, այնպես՝ որ տարբեր տեսքերով ներկայանային մեկին և մյուսին. այլ, երկուսին էլ միևնույն տեսքով ներկայանալով հանդերձ, մեկի համար այն համր է, իսկ մյուսի համար՝ խոսում է. կամ ավելի ճիշտը՝ խոսում է բոլորին, բայց հասկանում են միայն նրանք, ովքեր դրսից ստացված այս ձայնը բաղդատում են իրենց ներսում ներկա ճշմարտության հետ։

Ճշմարտությունն, ուստի, ինձ ասում է. «Քո Աստվածը երկիրը չէ, ո՛չ էլ երկինքը, ո՛չ էլ որևէ ա՛յլ մարմին». դա նրանց բնությունն է հաստատում, տեսանելի է դա, քանի որ ցանկացած զանգված իր մասերի մեջ ավելի փոքր է, քան ամբողջության մեջ։ Դու ինքդ, հոգի իմ, անշուշտ ավելի արժեքավոր ես, քան քո մարմինը, ես ասում եմ քեզ դա, քանի որ դու ես կենդանացնում նրա զանգվածը՝ փոխ տալով նրան այն կյանքը, որով ոչ մի մարմին մեկ ա՛յլ մարմնի չի կարող օժտել։ Բայց քո Աստվածը նաև քո համար քո կյանքի կյանքն է։ [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Խոստովանություններ », 10, 6.

[1] Անաքսիմենես, Միլեթյան դպրոցի փիլիսոփա (Ք.ա. Վեցերորդ դար), ով օդը համարում էր ամեն ինչի սկզբնաղբյուրը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։