9. - Անընդունելի հասկացողություն է Աստծո ընկալումը իբրև աշխարհի հոգին (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

9. - Անընդունելի հասկացողություն է Աստծո ընկալումը իբրև աշխարհի հոգին (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Եթե Աստված աշխարհի հոգին լիներ, և աշխարհը լիներ այդ հոգու մարմինը[1], այնպես, որ այդ երկուսից կազմվեր մեկ միակ շնչավոր էակ, և այս Աստվածը կարծես բնության գիրկը լիներ, որն ամեն ինչ բովանդակում է իր մեջ, և եթե նրա հոգուց, որ կենդանացնում է այս ողջ զանգվածը, բխեր բոլոր կենդանի էակների հոգին ու կյանքը՝ ըստ նրանց ծննդի, ուրեմն, եթե այդպես լիներ, բացարձակապես ոչինչ գոյություն չէր ունենա, որ Աստծո մի մասը չլիներ: Բայց եթե այդպես լիներ, ո՞վ չի տեսնում, թե որքա՛ն ամբարշտություն և որքա՛ն անկրոնություն[2] կբխեր դրանից: Եթե ինչ որ մի բան տրորվեր, կտրորվեր Աստծո մի մասը, և ինչ որ մի կենդանի սպանելով՝ կսպանվեր Աստծո մի մասը: Չեմ կամենում ասել այն ամենը, ինչ կարելի է պատկերացնել այս մասին, որովհետև հնարավոր չէ ասել այդ բաները առանց ամոթից շիկնելու:

Իսկ եթե պնդվի, թե միայն բանական կենդանիները, ինչպիսիք են մարդիկ, Աստծո մի մասն են, ապա իրականում չեմ տեսնում, թե ինչպե՛ս, եթե ամբողջ աշխարհն Աստված է, անասունները զրկված կլինեն Նրա մասերը լինելուց: Բայց ի՞նչ օգուտ կա այս գաղափարին մարտահրավեր նետելուց: Մնանք բանական կենդանու, այսինքն՝ մարդու վրա: Կարո՞ղ է մի ավելի ապերջանիկ վիճակ գոյություն ունենալ: Մի երեխայի ապտակելը կհավասարվեր Աստծո մի մասին ապտակելուն: Եվ այն, որ Աստծո մասերը կդառնան անառակ, անիրավ, ամբարիշտ և ամեն ինչում դատապարտելի, ո՞վ կարող է նման բան պնդել, եթե ո՛չ՝ մի իսկական խելագար: Ի վերջո, ինչո՞ւ է Աստված զայրանում նրանց վրա, ովքեր իրեն պաշտամունք չեն մատուցում, եթե հե՛նց Իր մասերն են, որ դա չեն անում: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Աստծո քաղաքի մասին », 4, 12-13.

[1] Հայրապետը խոսում է հեթանոսական պանթեիստական ընկալումների մասին։
[2] Այսինքն՝ սրբազան իրողությունների գիտակցության պակաս։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։