
9. - Էության ճանաչումը անէությունից (Հերոնիմոս Ստրիդոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Երբ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ցո՜ւյց տուր ինձ Քեզ, որպեսզի ես կարողանամ տեսնել Քեզ», պատասխան ստացավ. «Ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսը և կենդանի մնալ» (Ելց 33, 20)։ Այս խոսքերով Մովսեսը զգուշացում ստացավ՝ սանձելու իր բաղձանքը և փոխարենը խորհելու իր մեղքերի մեծության մասին։
Բայց նաև Հովհաննեսն է բացականչում. «Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել. Միածին Որդին, որ Հոր ծոցում է, Նա՛ հայտնեց Նրան» (Հվհ 1, 18)։ Այս արտահայտության իմաստն այն է, որ մարդիկ չեն կարող տեսնել Աստծուն Իր աստվածային էության մեջ, այլ՝ միայն այնքանով, որքանով Նա հայտնվում է Իր արարածներին շնորհի միջոցով։ Նմանատիպ մի բան վավերական է բոլոր բանական արարածների համար, մանավանդ թե՝ այն ամեն ինչի համար, որ գոյություն ունի Աստծուց դուրս։
Միևնույն հիմքի վրա է Սուրբ Պողոսն ասում. «Հավիտյանների Թագավորին՝ անեղծ, անտեսանելի, միակ Աստծուն պատի՜վ և փա՜ռք» (1Տմ 1, 17)։ Ասում է, որ Աստված անտեսանելի է. մտադիր չէ, ուստի, ասելու, թե ոմանց համար տեսանելի է, իսկ այլոց համար՝ անտեսանելի. արդարև, միայն այն, ինչը որ միշտ անտեսանելի է, չի կարող երբևէ տեսնվել որևէ մեկի կողմից և անտեսանելի է բոլորի համար։ Միայն այս պայմանով կարելի է հաստատել աստվածային բնության անտեսանելիությունը։ Եվ այս գաղափարի հետ համաձայնվում է նաև հետևյալ վկայությունը. «Նա, Ով միակն է, որ ունի անմահությունը և բնակվում է անմատչելի լույսի մեջ, Ում մարդկանցից ոչ ոք չի տեսել և ո՛չ էլ կարող է տեսնել» (1Տմ 6, 16)։
Այն, որ Աստված, Ով ամեն ինչ լցնում է Իր փառքով, ամենազոր է, բարձր ձայնով խոստովանում է ամեն մի մարդ, և դա է հաստատում նաև մարգարեն՝ ասելով. «Նրա զորությունը ծածկում է երկինքները» (Ամբ 3, 3)։ Նույնն է արտահայտել Սողոմոնն ա՛յլ խոսքերով. «Աստծո փառքը պատում է Բանը» (Առկ 15, 2)[1]։ Եվ Աստծո մասին նույնն է մտածում Դավիթը, երբ ասում է. «Խավարն Իրեն թաքստոց դարձրեց» (Սղմ 17, 12)։ Այս վկայություններից պարզ է դառնում, որ Աստված անըմբռնելի է և անտեսանելի։ Նաև Եսային շարունակում է հետևյալ խոսքերով. «Եվ տունը լցվեց ծխով» (Ես 6, 4)՝ մատնանշելու համար Աստծո անըմբռնելիությունն ու անհասանելիությունը, քանի որ նախապես ասել էր. «Տեսա Զորությունների Տիրոջը՝ բարձր ու վերացած գահի վրա նստած» (Ես 6, 1)։
Նրա շուրջն ամեն ինչ ծածկված է խավարով ու մշուշով, թեև Նա կարող է հայտնվել նրանց, որոնց կամենում է ուսուցանել, ինչպես Իրեն հաճելի է թվում։ Սա՛ է նաև Սուրբ Պողոսի միտքը, ինչպես մեզ ասում է այս հատվածը. «Ո՜վ Աստծո իմաստության և գիտության հարստության անդունդ. որքա՜ն անքննելի են նրա դատաստանները և անթափանցելի են նրա ճանապարհները։ Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, կամ ո՞վ խորհուրդ տվեց Նրան։ Կամ էլ, ո՞վ նախապես Նրան ինչ որ մի բան տվեց, որ հետո փոխարենը հատուցում ստանա Նրանից։ Արդարև, Նրանից, Նրանով և Նրա մեջ է ամեն ինչ» (Հռմ 11, 33-36)։
Եվ եթե Նրա մեջ է ամեն ինչ, [ուրեմն] նաև սերովբեները։ Թեկուզև նրանք լինեն մեծագույնը բոլոր արարածների մեջ, և Աստված նրանց առջև ծածկված չլինի, այնուամենայնիվ՝ աստվածային մեծվայելչությունը բովանդակում է[2] նրանց, արարչագործության մնացյալ մասի հետ միասին։ Արդարև, «Ո՜վ Աստծո իմաստության և գիտության հարստության անդունդ» խոսքերի մեջ առկա է աստվածային անըմբռնելիության փաստը։ Եվ եթե նույն Առաքյալը մեկ ա՛յլ հատվածում գրում է. «Ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Նա է» (Եբր 11, 6), այս խոսքերում չկա ոչինչ, որ պարտադրի անհրաժեշտությունը իմանալու, թե Ո՛վ է Նա, կամ ինչպիսի՛ն է, այլ՝ միայն այն, որ Նա Է։
Գիտենք, հետևաբար, որ կա Աստված, և գիտենք նաև, թե ի՛նչ Նա չէ. բայց թե ի՛նչ է և ինչպիսի՛ն է, մենք չենք կարող իմանալ։ Բայց քանի որ Նա մեր հանդեպ ունի այնքա՜ն բարություն և կարեկցող ողորմություն, որ մեզ հայտնում է ինչ որ բան Իր մասին, մեզ տրված է հասկանալ, ստացված բարիքներից, որ Նա գոյություն ունի։ Բայց թե ինչպիսի՛ն է Նա, դա ոչ մի արարած չի կարող ըմբռնել այն անդունդի պատճառով, որով բաժանված է Նրանից։ Ուստի, ավելի ճշգրիտ կերպով արտահայտվելու համար. «Այն, ինչը որ Աստված չէ, մեզ հայտնի է. բայց թե ի՛նչ է Նա, մենք դա չենք կարող իմանալ»։ [...]
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420), « Եսայիի մարգարեության մեկնություն », 6, 1-7.