
9. - Ի՞նչ են նշանակում Աստծո անունները (Թեոֆիլոս Անտիոքացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Կարող էիր ասել ինձ. «Դու, որ տեսնում ես, բացատրի՛ր ինձ, թե ինչպիսի՛ն է Աստված»։ Լսի՛ր, ո՜վ մարդ. Աստծո տեսքը հնարավոր չէ նկարագրել, և ո՛չ էլ այն կարող է մարմնավոր աչքերով տեսնվել։ Արդարև, Նրա փառքն անսահման է, Նրա մեծությունը չի կարող չափվել, ո՛չ էլ Նրա բարձրությունը՝ մտքով ընկալվել։ Նրա զորությունը համեմատելի չէ որևէ բանի հետ, Նրա իմաստությունը չի կարող նմանեցվել ո՛չ մի բանի։ Նրա բարությունն աննման է, աննկարագրելի է Նրա վեհանձնությունը։
Երբ Աստծուն անվանում եմ Լույս, տալիս եմ Նրա արարածներից մեկի անունը. երբ Նրան անվանում եմ Բան(1), ասում եմ Նրա ծագման անունը(2). երբ Նրան անվանում եմ Միտք, նշում եմ Նրա բանականությունը. երբ Նրան անվանում եմ Հոգի, մատնանշում եմ Նրա շունչը։ Երբ Նրան անվանում եմ Իմաստություն, նշում եմ այն, ինչ Նա ծնում է. երբ Նրան անվանում եմ Զորություն, նկարագրում եմ Նրա կառավարումը. երբ Նրան անվանում եմ Կարողություն, նշում եմ Նրա գործելակերպը. երբ Նրան անվանում եմ Նախախնամություն, խոսում եմ Նրա բարության մասին։ Եթե ասում եմ, որ Աստված Գերագույն Իշխանություն է, ի նկատի ունեմ Նրա փառքը. եթե Նրան անվանում եմ Տեր, ճանաչում եմ Նրան որպես դատավոր. եթե Նրան անվանում եմ Դատավոր, Նրան անվանում եմ արդար. եթե Նրան անվանում եմ Հայր, ասում եմ, որ Նա է Ամենայնը. եթե Նրան անվանում եմ Հուր, նշում եմ Նրա բարկությունը։
Այդ ժամանակ կարող ես ինձ հարցնել. «Աստված բարկանո՞ւմ է»։ Այո՛, շա՜տ ու շա՜տ՝ նրանց վրա, ովքեր վատ են վարվում. բարի է, մինչդեռ, և բարյացկամ ու ողորմած` նրանց հանդեպ, ովքեր սիրում են Իրեն(3) և երկնչում են(4) Իրենից։ Արդարև, Նա բարեպաշտների Վարդապետն է և արդարների Հայրը. իսկ ամբարիշտների համար, ընդհակառակը, դատավոր և վրեժխնդիր է։
Աստված զուրկ է սկզբից, քանի որ անծին է. անփոփոխ է, քանի որ անմահ է։ [...] Նա Տեր է, որովհետև տիրում է ամեն ինչի վրա. Հայր, որովհետև ամեն ինչից առաջ է. Հիմնադիր և Արարիչ, որովհետև հիմնել և արարել է ամեն ինչ. Բարձրյալ, որովհետև ամեն ինչից վեր է. Ամենակալ, որովհետև ամեն ինչին տիրում է և ամեն ինչ ընդգրկում է Իր մեջ։
Երկնքի բարձրությունները, անդունդների խորությունները և ողջ տիեզերքի սահմանները Նրա ձեռքերում են. չկա մի վայր, որտեղ Նա մնա անգործ։ Արդարև, երկինքը Նրա գործն է, երկիրը՝ Նրա արարածը, ծովը՝ Նրա արարչությունը, մարդը՝ Նրա գործը և նմանությունը։ Արեգակը, լուսինը և աստղերը Նրա տարրերն(5) են՝ ստեղծված Նրա կողմից՝ ցույց տալու համար նշաններն ու եղանակները, օրերն ու տարիները` մարդկանց ծառայելու համար։ Եվ Աստված ստեղծեց ամեն ինչ՝ դուրս բերելով դրանք ոչնչից, որպեսզի Իր գործերի միջոցով ճանաչվի և հասկացվի Իր մեծությունը։ [...]
Սբ. Թեոֆիլոս Անտիոքացի (? - 183/185), « Նամակ Աուտոլիկոսին », 1, 3.