9. - Տարբերությունը Արարչի և արարչության միջև (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

9. - Տարբերությունը Արարչի և արարչության միջև (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Եթե մեր առջև դրվում է խնդիրը, թե ի՞նչը պետք է էական համարել կրոնի համար, ասում ենք, որ խոսքը նրա բնությունը քննելու մասին չէ, կարծես թե դա մի առարկա լիներ, ինչպես անում էին նրանք, ում հույներն անվանում են «ֆիզիկոսներ» (բնության փիլիսոփաներ): Եվ հարկավոր չէ նաև վախենալ, եթե պատահում է, որ մի քրիստոնյա ոչինչ չգիտի տարրերի թվի ու կարողությունների մասին, կամ լուսատուների շարժման, կարգի ու խավարումների մասին, ամպերի ձևի, կենդանիների, բույսերի, ապարների, աղբյուրների, գետերի ու լեռների տեսակների ու բնույթի մասին, տարածական ու ժամանակային հեռավորությունների չափերի, կլիմայական փոփոխությունների նշանների, և այն հազար ու մի բաների մասին, որոնք այդ գիտուններն իսկապես հայտնաբերել են, կամ առնվազն կարծել են, թե հայտնաբերել են: Իմաստունները դեռևս ամեն ինչ չէ, որ հայտնաբերել են, բայց այդուհանդերձ` գերազանց մտածողներ են, անխոնջ են իրենց հետազոտական եռանդի մեջ, և հիրավի վեհանձն են՝ դրա համար անհրաժեշտ ողջ ժամանակը ներդնելու հարցում: Բայց մինչ նրանք ջանում են մարդկային խելքի սրատեսությամբ քննել մի իրականություն, և պատմական ուսումնասիրությամբ սահմանել մեկ ուրիշը, հաճախ այն գիտելիքները, որոնց ձեռքբերմամբ նրանք պարծենում են, ավելի շատ պատկանում են զուտ վարկածների տիրույթին, քան թե ճշմարիտ գիտությանը:

Քրիստոնյայի համար բավական է տեսնել, հավատավոր հոգով, բոլոր արարածների պատճառը – լինի երկնքում, թե երկրի վրա, տեսանելի, թե անտեսանելի – ո՛չ ա՛յլ ինչի մեջ, եթե ո՛չ` Արարչի բարության, Ով միակ և ճշմարիտ Աստվածն է: Բավական է հավատալ, որ չկա իմաստություն, որը կա՛մ Աստված Ինքը չէ, կա՛մ չի բխում Նրանից. և որ Նա Երրորդություն է՝ Հայրը, Նրանից ծնված Որդին և Սուրբ Հոգին, Ով բխում է նույն Հորից, բայց որը մեկ և նույնական Հոգի է Հոր և Որդու հետ: Ինչպես նաև, որ ստեղծված ամեն ինչ բարի է, և բոլոր ստեղծված բաները միասին վերցված` շա՜տ բարի են, որովհետև բոլոր նրանցից է բաղկացած ողջ տիեզերքի սքանչելի գեղեցկությունը:

Եվ այս տիեզերքի մեջ կա նաև այն, ինչը որ կոչվում է չարիք, որը ենթակա է մի կարգի և գոյություն ունի միայն իր տեղում. և միայն նրա միջոցով է բացահայտվում բարու մեծությունը, որովհետև միայն չարի հետ համեմատության մեջ է բարին հաճելի դառնում և լիովին գնահատվում: Սրանից բացի, ինչպես անհավատները ևս պետք է խոստովանեն, Ամենակալ Աստվածը, Ով գերագույն իշխանություն ունի բոլոր գոյությունների վրա, Իր անհուն բարության մեջ չէր կարող հանդուրժել, որ Իր գործերի մեջ որևէ չար բան լիներ, եթե Ինքն այնքա՜ն ամենակարող ու բարի չլիներ, որ նույնիսկ չարիքից կարողանար բարիք ստեղծել: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Համառոտ Ձեռնարկ », 3, 9-11.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։