
« ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ԴԵՊԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). Խորհուրդների մասին, 1.
[...] Մոտեցար, տեսար Մկրտության ավազանը, տեսար նաև եպիսկոպոսին՝ ավազանի կողքին կանգնած։ Եվ վստահաբար, մտքովդ անցավ այն նույն միտքը, որ ծնվել էր Նաաման Ասորու հոգում (2Թգ 5, 14)։ Իրոք, նախքան սրբվելը՝ նա կասկածեց։ [...]
Վախն ունեմ, որ ինչ որ մեկն ասի. «Սա՞ էր ամբողջը»։ Այո՛, այստեղ իսկապես կա ամեն ինչ. անմեղությունը, աստվածպաշտությունը, շնորհը, սրբությունը։ Տեսար այնքանը, որքանը որ կարող են տեսնել մարմնիդ աչքերը. [...] այն, ինչը որ չենք տեսնում, անսահմանորեն ավելի մեծ է. [...] արդարև, այն, ինչը որ չենք տեսնում, հավիտենական է։ [...]
Ի՞նչ կա ավելի անհավատալի, քան իսրայելացիների անցնելը Կարմիր Ծովի միջով, ինչը որ Մկրտությունը կանխավ պատկերելու համար էր։ Եվ սակայն, բոլոր նրանք, ովքեր անցան Կարմիր Ծովի միջով, մեռան անապատում։ Ընդհակառակը՝ նա, ով անցնում է մկրտական ավազանի միջով, այսինքն՝ որ անցնում է երկրային բարիքներից երկնային բարիքներին, [...] չի մահանում, այլ՝ հարություն է առնում։
Նաամանը բորոտ էր։ [...] Հազիվ տեղ հասավ, մարգարեն նրան ասաց. «Գնա՛, լվացվի՛ր Հորդանանի ջրերի մեջ և կբուժվես»։ Նա սկսեց մտորել և ինքն իր մեջ ասաց. «Սա՞ է ամբողջը։ Ասորեստանից մինչև Հուդեա եկա և ինձ ասվում է. "Գնա՛, լվացվի՛ր Հորդանանի ջրերի մեջ և կբուժվես"։ Մի՞թե իմ երկրի գետերն ավելի լավը չեն»։ Նրա ծառաներն ասացին նրան. «Տե՜ր, ինչո՞ւ չես անում այն, ինչ ասում է մարգարեն։ Արա՛ դա և փորձի՛'ր»։ Այդ ժամանակ նա իջավ և լվացվեց Հորդանանի ջրերի մեջ և բժշկվեց։
Ի՞նչ է սա նշանակում։ Տեսար ջուրը, բայց որևիցէ մի ջուր չի բժշկում, իսկ ջուրը, որն ունի Քրիստոսի շնորհը, բժշկում է։ Տարբերություն կա տարրի և սրբագործման միջև, արարքի և արդյունքի միջև։ Արարքը կատարվում է ջրով, բայց արդյունքը գալիս է Սուրբ Հոգուց։ Ջուրը չի բժշկում, եթե Հոգին նախապես չի իջել այն սրբագործելու։
Կարդացել ես, որ երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հաստատեց Մկրտության ծեսը, եկավ Հովհաննեսի մոտ և նա ասաց. «Ե՛ս կարիքն ունեմ Քեզնից մկրտություն ստանալու, և Դո՞ւ ես իմ մոտ գալիս» (Մտթ 3, 16)։ [...] Քրիստոսը իջավ [ջրի մեջ]. Հովհաննեսը, որ մկրտում էր, Նրա կողքին էր կանգնած. և ահա՛, աղավնու նմանությամբ, իջավ Սուրբ Հոգին։ [...]
Ինչո՞ւ նախ Քրիստոսը իջավ, հետո միայն ̀ Սուրբ Հոգին։ Ի՞նչ պատճառով։ Որպեսզի չթվար, թե Տերը սրբագործման խորհրդի կարիքն ուներ։ Հենց Նա Ինքն է, որ սրբացնում է, և Հոգին նույնպես սրբացնում է։ [...]