« ՄԱՐԻԱՄԸ ՃԱՆԱՊԱՐՀ ԸՆԿԱՎ ԴԵՊԻ ԼԵՌՆԱԿՈՂՄԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԻԱՄԸ ՃԱՆԱՊԱՐՀ ԸՆԿԱՎ ԴԵՊԻ ԼԵՌՆԱԿՈՂՄԸ »

Սբ. Ամբրոսիոս Մեդիոլանումացի (մոտ 340-397). Ղուկասի Ավետարանի մեկնություն, II, 19s; SC 45.
 
 
[...] Բնականոն է, որ նա, ով կամենում է, որ հավատան իրեն, բացատրություններ տա։ Ահա՛ թե ինչու հրեշտակն [...] ավետեց Մարիամին՝ կույսին, որ մի տարեց ու ամուլ կին պատրաստվում էր մայր դառնալ, այդպիսով ցույց տալով, որ Աստված կարող է անել այն ամենն, ինչ Իրեն հաճո է։ Հազիվ Մարիամն իմացավ դա, աճապարանքով ճանապարհ ընկավ դեպի լեռնակողմը։ Ո՛չ որովհետև չէր հավատում մարգարեությանը, կամ չէր վստահում ավետիսին, կամ կասկածում էր, [...] այլ՝ որովհետև զվարթացել էր խոստմամբ և ցանկանում էր ջերմ եռանդով ծառայություն մատուցել, սլացքով, որն իրեն գալիս էր ներքին բերկրանքից։ Դեպի ո՞ւր այդուհետև, Աստծով լիուլի լցված, կարող էր շտապել և գնալ, եթե ո՛չ միայն՝ դեպի վեր։ Սուրբ Հոգու շնորհը դանդաղություններ չի պատճառում։
Մարիամը մինչև այդ պահն ապրել էր միայնակ, ամենախստապահանջ առանձնության մեջ. այդուհանդերձ, սակայն, իր կուսական ամոթխածությունն իրեն ետ չպահեց հանրության մեջ երևալուց, ո՛չ էլ վերասլաց լեռներն՝ իր նպատակն իրագործելուց, ո՛չ էլ անցնելիք ճանապարհի երկարությունը՝ ծառայություն մատուցելուց։ Դեպի բարձրադիր վայրերն է Կույսը շտապում. նա, որ ծառայելու մասին է միայն մտածում և մոռանում է իր հոգնությունը. նա, որ սիրո մեջ է գտնում ուժը։ [...] Մարիամը թողնում է իր տունը և ճանապարհ է ընկնում դեպի բարձրադիր վայրերը։ [...] Տեսաք Մարիամի նրբանկատությունը, ուշադրություն դարձրեք նաև նրա խոնարհությանը։ Ավելի երիտասարդը գնում է դեպի ավելի տարեցը, [...] առավելը գնում է դեպի նվազը. Մարիամը՝ Եղիսաբեթի մոտ, Քրիստոսը՝ Հովհաննեսի, ինչպես որ հետագայում Տերը գնալու էր Հովհաննեսի ձեռամբ մկրտվելու՝ սրբագործելու համար Մկրտությունը։ Եվ իսկույն երևան են գալիս Մարիամի գալստյան և Տիրոջ ներկայության դրական ազդեցությունները, քանի որ «հազիվ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկն ուրախությամբ խաղաց իր որովայնում, և ինքը Սուրբ Հոգով լցվեց»։ [...] Երկու կանայք խոսում են այն շնորհի մասին, որ տրվեց իրենց. երկու երեխաներն իրագործում են այդ շնորհը և իրենց մայրերին քաշում են ողորմության խորհրդի մեջ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։