« ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ... ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԷՐ ԻՆՉՊԵՍ ՄԵԿԸ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ... ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԷՐ ԻՆՉՊԵՍ ՄԵԿԸ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ »

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). Ղուկասի Ավետարանի Մեկնություն, IV, 57; SC 45

 
[...] Շաբաթ օրով է, որ Տերը սկսում է բժշկումներ կատարել, իմաստավորելու համար, որ նոր արարչությունը սկսվում է այն պահին, որում հինը կանգ էր առել. սկզբից ևեթ մատնանշելու համար, որ Աստծո Որդին ենթակա չէ Օրենքին, այլ՝ Օրենքից վեր է. որ Նա չի ջնջում Օրենքը, այլ ավելի՝ այն հասցնում է իր ամբողջացմանը (Մտթ 5, 17)։ Աշխարհը չի ստեղծվել Օրենքի միջոցով, այլ՝ Բանի(1) միջոցով, այն խոսքի համաձայն, որ կարդում ենք. «Տիրոջ խոսքով ստեղծվեցին երկինքները» (Սղմ 33, 6)։ Օրենքը, հետևաբար, ո՛չ թե ջնջված է, այլ՝ ամբողջացած, վերստին նորոգելու համար անկյալ մարդուն։ Սրա համար է Պողոս Առաքյալն ասում. «Մերկացել եք հին մարդուց և զգեստավորվել եք նորով, որ նորոգվում է ... իր Արարչի պատկերի համաձայն» (Կղս 3, 9)։
Ամենայն իրավացիությամբ Նա սկսում է շաբաթ օրով, ցույց տալու համար, որ Ինքը հենց Արարիչն է, [...] շարունակելով գործը, որ սկսել էր մի ժամանակ։ Ինչպես աշխատավորը, որ շուտով սկսելու է վերանորոգել(2) մի տուն, չի սկսում հիմքերից, այլ ավելի շուտ՝ տանիքից. սկսում է այն բանից, որը որ վատ վիճակում է գտնվում։ [...] Սկսում է նվազից, հասնելու համար առավելին. դևից ազատելն, արդարև, կարող են անել նաև մարդիկ – Աստծո խոսքի միջոցով, հասկանալի է – , մինչդեռ միմիայն Աստծո զորությունը կարող է հրամայել մեռելներին հարություն առնել։
(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Բնագրում գործածված բայը մատնանշում է վերանորոգում պատսպարելու, ծածկով ապահովելու իմաստով։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։