« ԱՆՀՈՒՆ ՈՒ ԱՆԲԱՎ ՈՂՈՐՄԱԾ ՍԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆՀՈՒՆ ՈՒ ԱՆԲԱՎ ՈՂՈՐՄԱԾ ՍԵՐԸ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Ուսուցումների Երրորդ Հավաքածու »ից, 127 (Sententiarum series tertia).
 


[...] «Սերնդե սերունդ է տարածվում Աստծո ողորմությունը»։ Ահա՛ Նրա Անունը։ Եվ ո՞րն է [այդ Անունը]։ Իր ողորմությունը։ Որտե՞ղ է։ Սերնդե սերունդ, Հուդայի երկրից մինչև բոլոր ազգերը, կամ աշխարհի սկզբից մինչև վերջը, Իր ողորմությունը տարածվում է ո՛չ թե պատահականության սկզբունքով, այլ՝ նրանց վրա, ովքեր երկնչում են Իրենից։ Աստծո մոտ խտրականություն չկա. հրեան և հույնը, բարբարոսն ու սկյութացին, ծառան ու ազատը, արուն և էգը յուրաքանչյուր ժողովրդի մեջ և յուրաքանչյուր ժամանակվա, եթե երկնչում են Աստծուց և գործում են արդարության համաձայն, ընդունելի են Իրեն։

«Իր ողորմությունը նրանց վրա, ովքեր երկնչում են Իրենից»։ Սկսում ենք երկյուղից՝ հասնելու համար Իր հանդեպ սիրույն։ Թող որ չհուսահատվեն նրանք, ովքեր տակավին մտահոգված են իրենց մեղքերի համար, որովհետև Իր ողորմությունը նրանց վրա է, ովքեր երկնչում են Իրենից։ Իր ողորմությունն արձակում է մեղքերը նրանց, ովքեր Իրենից երկնչում են. մեղքերի թողությունը սնուցում է սերը նրանց, ովքեր Նրա ծարավն ունեն. բայց նրանք, ովքեր սիրում են Նրան, ճանաչում են Նրա Անունը։ Սերն ինքնին ճանաչողություն է։ Բայց որքան ավելի հեռու ենք ճանաչողությունից, այնքան ավելի քիչ ենք սիրում Նրան։ Եթե տակավին չենք կարող սիրել Նրան կատարելությամբ, քանի որ չենք ճանաչում Նրան կատարյալ կերպով, գոնե երկնչենք Նրանից սիրալիությամբ։ [...]

«Աստված ցիրուցան արեց հպարտներին». աշխարհի սկզբից ի վեր, բոլոր նրանք, ովքեր տրվել են հպարտությանը, – լինեն դրանք մարդիկ, թե հրեշտակներ, – ցիրուցան են արվել։ «Վար նետվեց մեծ վիշապը», սատանան, և ցիրուցան արվեց խավարի մեջ, քանի որ չուզեց պահպանվել ճշմարտության միության մեջ։

Ով, արդարև, չի հավաքում Աստծո ճշմարտության մեջ, ցիրուցան է լինում իր ունայնության մեջ։ Ցիրուցան արվեցին այն հպարտները, որ կառուցեցին Բաբելոնի աշտարակը, որովհետև նրանց լեզուն կորցրեց իր միությունը և մասնատվեց խառնաշփոթության մեջ։ Յուրաքանչյուր հպարտ, միայն այն փաստի իսկ պատճառով, որ տրվել է հպարտությանը, ցիրուցան է լինում։ Ի՞նչ է, իսկապես, հպարտությունը, եթե ոչ՝ վեր բարձրացած փոշի, որ ցիրուցան է լինում քամու մեջ։ «Ցիրուցան արեց նրանց, որոնց սիրտը հպարտ էր», այսինքն՝ ով իր սրտի մեջ տրվել էր հպարտությանը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։