« ԵԿԵՔ ՄԻ ԿՈՂՄ, ԱՌԱՆՁԻՆ, ՈՒ ՄԻ ՔԻՉ ՀԱՆԳՍՏԱՑԵՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԿԵՔ ՄԻ ԿՈՂՄ, ԱՌԱՆՁԻՆ, ՈՒ ՄԻ ՔԻՉ ՀԱՆԳՍՏԱՑԵՔ »

Սբ. Բեռնարդոս (1091-1153). « Խոհականության մասին », I, 5,6.
 
 
[...] Եթե քո ամբողջ կյանքն ու իմաստությունը նվիրաբերում ես գործին, առանց ոչինչ վերապահելու խորհրդածությանն ու մտորումներին, պետք է գովե՞մ քեզ։ Ո՛չ, սրա համար քեզ չեմ գովի։ Եվ ոչ ոք, կարծում եմ, կանի դա, եթե լսել է Սողոմոնի խոսքերը. «Ով սահման է դնում իր գործունեությանը, ձեռք կբերի իմաստությունը» (Ժղվ 38, 25)։ Եվ վստահաբար՝ ինքնին գործից առաջ պետք է խորհրդածություն կատարվի։
Մյուս կողմից, եթե ցանկանում ես ամեն ինչ լինել ամենքի համար, հետևելով օրինակին Նրա, Ով ամեն ինչ եղավ ամենքի համար, գովում եմ քո եռանդը(*), բայց պայմանով, որ լիուլի ու ամբողջական լինի։ Բայց ինչպե՞ս կարող է այդպիսին լինել, եթե քեզ բացառում ես դրանից։ Դու էլ ես մարդ։ Հետևաբար, որպեսզի քո եռանդը(*) լիուլի ու ամբողջական լինի, պետք է քեզ էլ ներառի սրտի այս բացվածքի մեջ, որ վերապահել ես բոլորին։ Այլապես, քո համար ի՞նչ օգուտ ունի, Տիրոջ խոսքի համաձայն, բոլոր մարդկանց շահելը, եթե կորցնելու ես ինքդ քեզ։ Ուստի, քանի որ դու բոլորի բարիքն ես [ցանկանում լինել], դու ինքդ էլ եղիր մեկը նրանցից, ովքեր այդ բարիքը վայելում են։ Ինչո՞ւ միայն դու պետք է զրկված մնաս այդ նպաստից։ Դեռ որքա՞ն ժամանակ հոգիդ պիտի թափառի առանց դեպի քեզ վերադառնալու։ Դեռ որքա՞ն ժամանակ անհոգություն պիտի դրսևորես՝ ընդունելու ինքդ քեզ, քո հերթին, նրանց մեջ, ովքեր առաջ են գալիս [ստանալու այդ բարիքը]։ Դա անում ես իմաստունների ու անգետների համար, և միայն ինքդ քեզ ես դա մերժո՞ւմ։ [...]
Քո ջրերը թող որ հեղվեն ճանապարհների վրա, դրանցից թող որ խմեն մարդիկ ու կենդանիները. դրանցից թող որ խմեն նաև Աբրահամի ծառայի ուղտերը։ Բայց, նրանց բոլորի շարքին, դու ևս խմիր այն ջրից, որը քո ջրհորից է բխում։ [...]
Հիշի՛ր, ուրեմն, – չեմ ասում՝ միշտ, չեմ ասում և ո՛չ իսկ՝ հաճախ, բայց գոնե՝ երբեմն երբեմն, – թողնելու անձդ ինքդ քեզ։ Շատ ուրիշների շարքին, կամ նույնիսկ՝ շատ ուրիշներից հետո, հոգա քո՛ կարիքները։ [...]
 
(*) Բառացի՝ մարդկային լինելը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։