« ԸՆԾԱՅՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԸՆԾԱՅՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ »

Սբ. Բեռնարդոս (1091-1153). « Սուրբ Կույսի Մաքրագործման օրվա Երրորդ Ճառ »ից

 
[...] Ընծայի՜ր քո Որդուն, ո՜վ Կույս նվիրյալ, և Տիրոջը ներկայացրո՜ւ քո արգանդի օրհնյալ Պտուղը։ Մեր բոլորիս քավության համար ընծայի՜ր աստվածահաճո Սուրբ Զոհը։ [...]
Բայց այս ընծան, եղբայրներ իմ, բավական մեղմ է թվում. ընդամենը ներկայացվում է Տիրոջը, տատրակների հետ, և իսկույն վերցվում տարվում է։ Գալու է օրը, երբ այս Որդին ընծայվելու է այլևս ո՛չ թե Տաճարում, ո՛չ էլ Սիմեոնի գրկում, այլ՝ քաղաքից դուրս, խաչի թևերի վրա։ Գալու է օրը, երբ Նա Ինքը չէ, որ փրկագնվելու է մատաղի արյամբ, այլ՝ Ինքն է ուրիշներին փրկելու Իր Արյամբ, որովհետև Աստված ուղարկել է Իրեն որպես փրկագնում Իր ժողովրդի համար։ Լինելու է երեկոյան զոհը։ Սա առավոտյան զոհն է, ավելի բերկրալի, մինչ մյուսը լինելու է առավել լի, ամբողջական. որովհետև սա ընծայվում է ծննդյան պահին, իսկ մյուսն ընծայվելու է հասուն տարիքում: [...]
Բայց ի՞նչ ընծայենք Իրեն, եղբայրներ իմ, ի՞նչ տանք Իրեն այն բոլոր բարիքների փոխարեն, որ տվել է մեզ։ Մեր համար ընծայեց ամենաթանկարժեք զոհը, որ կարող էր։ Արդարև, չէր կարող ավելի թանկարժեք բան լինել։ Ուրեմն մենք էլ անենք այն, ինչ կարող ենք, ընծայենք Իրեն լավագույնը, որ ունենք, այսինքն՝ այն, ինչ որ ենք, ինքներս մեզ։ Նա Ինքն Իրեն ընծայեց. և ո՞վ ես դու, որ վարանես ընծայելու ինքդ քեզ։
Ո՞վ կարող էր պարգևել ինձ, որ մի այսքա՜ն մեծ վայելչություն բարեհաճեր ընդունել իմ ընծան։ Միայն երկու փոքրիկ բան ունեմ ընծայելիք, ո՜վ Տեր, իմ մարմինն ու իմ հոգին. թող որ կարողանամ ընծայել սրանք կատարյալ կերպով՝ որպես զոհ գովաբանության։ Լա՛վ է իմ համար և շա՜տ ավելի փառավոր ու օգտակար՝ ընծայված լինելը Քեզ, քան թողնված լինելը ինքս ինձ։ Որովհետև ինքս իմ մեջ հոգիս խռովված է, իսկ Քո մեջ հոգիս կցնծա բերկրանքով, եթե ճշմարտապես ընծայված լինի։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։