« ԵՍ ԵՄ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՍ ԵՄ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ »

Հատված Սբ. Գրիգոր Մեծի (540-604) « Ճառեր »ից, Ճառ ԺԴ. - Ավետարանի մասին, 3-6 (PL 76, 1129-1130)
 

[...] Ահա Նա, ով բարի է ո՛չ թե ստացած մի պարգևի շնորհիվ, այլ՝ Իր իսկ բնությամբ, ասում է. « Ես եմ բարի Հովիվը »։ Եվ ավելացնում է. « Բարի Հովիվն իր կյանքն ընծայում է ոչխարների համար » (Հվհ 10, 11), որպեսզի նմանվենք օրինակին, որը մեզ տվել է Իր բարության համաձայն։ Նա գործադրեց այն, ինչ ուսուցանեց. ցույց տվեց այն, ինչ պատվիրեց։ Բարի Հովիվը լինելով, Իր կյանքը նվիրաբերեց Իր ոչխարների համար, Իր մարմինն ու Իր արյունը փոխելու համար մեր խորհրդի մեջ, և Իր մարմնի կերակուրով հագեցնելու համար ոչխարներին, որոնք փրկել էր։ Հետևելիք ճանապարհը մատնանշված է. այս ճանապարհը արհամարհանքն է մահվան նկատմամբ։ Ահա՛ մեր առաջ դրված է օրինակը, որին պետք է նմանվենք։ Նախ գործնական գետնի վրա գորովալի քնքշանքով նվիրվել սեփական ոչխարներին. բայց հետո, եթե դա անհրաժեշտ է, նրանց նվիրել մինչև իսկ սեփական մահը։

Հավելում է ապա. « Ճանաչում եմ իմ ոչխարներին », այսինքն՝ սիրում եմ նրանց, « և իմ ոչխարները ճանաչում են ինձ »։ Կարծես բացահայտ կերպով ասելով. «Համապատասխանում եմ սիրույն Նրա, ով նրանց սիրում է»։ Ճանաչողությունը միշտ նախորդում է ճշմարտության սիրույն։ Հարցրեք ինքներդ ձեզ, թանկագին եղբայրներ, թե արդյո՞ք Տիրոջ ոչխարներն եք, թե արդյո՞ք ճանաչում եք Նրան, թե արդյո՞ք ճանաչում եք ճշմարտության լույսը։ Խոսում եմ ո՛չ միայն հավատքի ճանաչողության մասին, այլ նաև՝ սիրո. ո՛չ միայն հավատալու, այլ նաև՝ գործելու։ Հովհաննես Ավետարանիչը, արդարև, բացատրում է. « Ով ասում է. ''Ճանաչում եմ Աստծուն'', բայց չի պահում Նրա պատվիրանները, ստախոս է » (1Հվհ 2, 4)։ Ուստի, այս միևնույն հատվածում, Տերն իսկույն հավելում է. « Ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ և ես ճանաչում եմ Հորը, և իմ կյանքը նվիրում եմ ոչխարների համար » (Հվհ 10, 15)։ Կարծես ակնհայտ կերպով ասեր. Սրանից է երևում, որ ճանաչում եմ Հորը և ճանաչված եմ Հորից, որովհետև նվիրում եմ իմ կյանքը ոչխարների համար. այսինքն՝ ես ցույց եմ տալիս, թե որքան եմ սիրում Հորը, այն սիրո չափով, որով որ մեռնում եմ ոչխարների համար։ [...]

Փնտրենք, հետևաբար, թանկագին եղբայրներ, այս արոտավայրերը, ուր կարող ենք ուրախանալ այսքա՜ն բազմաթիվ համաքաղաքացիների ընկերակցությամբ։ Միևնույն ուրախությունը նրանց, ովքեր երջանիկ են, թող ձգի մեզ։ Կրկին բորբոքենք, եղբայրներ, մեր հոգու կորովը։ Թող որ եռանդով լցվի հավատքը այն բաներում, որոնց որ հավատացել է։ Մեր ցանկությունները թող որ հրավառվեն գերագույն ու հավիտենական բարիքների տենչով։ Այդպիսով, սիրելն արդեն իսկ քայլել կլինի։
Ոչ մի հակառակություն թող որ չզրկի մեզ ներքին տոնի ուրախությունից, որովհետև եթե ինչ որ մեկն ուզում է հասնել որոշված նպատակակետին, ճանապարհի ոչ մի խոչընդոտ չի կարողանա կանգնեցնել նրան։ Ոչ մի հարստություն թող որ չհրապուրի մեզ իր խաբեական դյութանքով, որովհետև անմիտ է այն ճամփորդը, ով իր ճանապարհորդության ընթացքում կանգնում է դիտելու գեղեցիկ մարգագետինները և մոռանում է գնալ այնտեղ, ուր նպատակադրվել էր հասնելու։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։