« ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ՀՈԳԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ՀՈԳԻՆ »

ԳՐԻԳՈՐ ՄԵԾ, Երկխոսություններ, II, 35 (PL 66, 198A-200B).
 
 
[...] – Մինչ աշակերտները դեռ քնած էին, Տիրոջ այրը՝ Բենեդիկտոսն արդեն արթուն էր, կանխելով գիշերային աղոթքի ժամը: Գիշերվա կեսին իր խցի պատուհանի մոտ ոտքի կանգնած, աղոթում էր Ամենակալ Տիրոջը, երբ հանկարծ տեսավ՝ թե ինչպես ծագեց մի լույս, որը փարատեց խավարն ամբողջ և փայլում էր այնպիսի պայծառությամբ, որ ցերեկվա լույսը նրա համեմատ կմթագներ: Մինչ նա դիտում էր այդ լույսը, տեղի ունեցավ արտասովոր մի բան. ինչպես ինքը պատմեց ավելի ուշ, ամբողջ աշխարհն անմնացորդ կերպով հավաքվեց իր աչքերի առաջ, արևի մի ճառագայթի նման: [...]
– Ինչպե՞ս է դա հնարավոր, որ ամբողջ աշխարհն այդ կերպ տեսնվի մի մարդու կողմից:
– [...] Ով տեսնում է Արարչին, նրա համար ամբողջ արարչությունը սահմանափակ է: Հազիվ մարդը նշմարում է Աստծո լույսը, արարված ամեն բան նրան երևում է չափազանց նեղ: Ներանձնական հայեցողության լույսն, արդարև, ընդարձակում է հոգին, և նա, Աստծո մեջ ընդարձակվելու շնորհիվ, անցնում է աշխարհի սահմաններից անդին: Պե՞տք է ասեմ դա: Հայեցողի հոգին անցնում է իր իսկ սահմաններից դուրս, երբ, Աստծո լույսի մեջ, հափշտակվում է իրենից իսկ անդին: Հայնժամ, իրենից ներքև նայելով, հասկանում է, թե որքա՜ն սահմանափակ է այն, ինչը երկրի վրա իրեն թվում էր առանց սահմանների: Այդ մարդը [...] կարողացավ այդ տեսիլքն ունենալ միմիայն Աստծո լույսի մեջ: Ուրեմն զարմանալի չէ, որ տեսել է ամբողջ աշխարհն իր առաջ հավաքված, քանի որ ինքն իսկ, Հոգու լույսի մեջ, բարձրացվել էր աշխարհից դուրս: Երբ ասում ենք, որ աշխարհը հավաքվեց իր աչքերի առաջ, դա չի նշանակում, թե երկինքն ու երկիրը սեղմվեցին: Այլ՝ տեսանողի հոգին ընդարձակվեց: Աստծո մեջ հափշտակված, կարողացավ առանց ջանք գործադրելու տեսնել այն ամենը, ինչը որ Աստծուց ներքև է գտնվում: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։