« ՏԻՐՈՋ ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒ ՄՇԱԿՆԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԻՐՈՋ ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒ ՄՇԱԿՆԵՐԸ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Քարոզներ Ավետարանի մասին », 19.

 

[...] Երկնքի Արքայությունը համեմատվում է մի ընտանիքի հոր հետ, որ մշակներ է վարձում իր խաղողի այգին մշակելու համար։ Արդ, ո՞վ կարող է ավելի լավ համեմատվել այս ընտանիքի հոր հետ, քան մեր Արարիչը, որ կառավարում է այն ամենը, ինչ ստեղծել է, և այս կերպ կիրառում է սեփականության իրավունքը Իր ընտրյալների վրա, ինչպես մի տեր՝ իր ծառաների վրա։ Նա մի խաղողի այգի ունի, Տիեզերական Եկեղեցին, որն աճեցրել է այնքան վազեր, այսպես ասած, որքան որ են Սրբերը, արդար Աբելից սկսած մինչև վերջին ընտրյալը, որ ծնվելու է աշխարհի վերջում։

Այս ընտանիքի հայրը իր խաղողի այգին մշակելու համար մշակներ է վարձում օրվա սկզբին, երրորդ ժամին, վեցերորդին, իններորդին, և տասնմեկերորդ ժամին, որովհետև չի դադարել, աշխարհի սկզբից մինչև վերջը, քարոզիչներ հավաքել՝ հավատացյալների բազմություններին ուսուցանելու համար։ Օրվա սկիզբը, աշխարհի համար, Ադամից մինչև Նոյն էր, երրորդ ժամը՝ Նոյից մինչև Աբրահամը, վեցերորդը՝ Աբրահամից մինչև Մովսեսը, իններորդը՝ Մովսեսից մինչև Տիրոջ գալուստը, իսկ տասնմեկերորդ ժամը՝ Տիրոջ գալստից մինչև աշխարհի վերջը։ Սուրբ Առաքյալներն ուղարկվեցին քարոզելու այս վերջին ժամին, և չնայած որ ուշ անցան գործի, այդուհանդերձ ամբողջական աշխատավարձը ստացան։

Տերը, հետևաբար, չի դադարում բոլոր ժամանակներում մշակներ ուղարկել՝ մշակելու համար Իր խաղողի այգին, այսինքն՝ Իր ժողովրդին ուսուցանելու համար։ Քանի որ, մինչ նահապետների միջոցով պտղաբերել էր տալիս Իր ժողովրդի լավ վարքը, հետո Օրենքի վարդապետների ու մարգարեների, իսկ վերջում առաքյալների միջոցով Նա որոշակի առումով աշխատում էր՝ մշակելու Իր խաղողի այգին Իր մշակների միջոցով։ Բոլոր նրանք, ովքեր ուղիղ հավատքով բարի գործեր են կատարել, այս խաղողի այգու մշակներն են եղել։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։