Աղոթում եմ, որ բոլորդ միշտ անհողդողդ մնաք մեր Աստված Հիսուս Քրիստոսի մեջ – Գրադարան – Mashtoz.org

Աղոթում եմ, որ բոլորդ միշտ անհողդողդ մնաք մեր Աստված Հիսուս Քրիստոսի մեջ

Ը. – 1. Քանի որ չկարողացա գրել բոլոր Եկեղեցիներին, Տրովադայից Նեապոլիս[1] հանկարծակի մեկնումիս պատճառով, – տրված հրամանի[2] համաձայն, – քո դիմաց գտնվող Եկեղեցիներին[3] դու ինքդ գրիր. դու, որ քաջատեղյակ ես Աստծո մտքին: Թող նրանք էլ միևնույն կերպ վարվեն. ովքեր կարող են, թող պատվիրակներ ուղարկեն, իսկ ովքեր չեն կարող, թող նամակներ գրեն և ուղարկեն քո կողմից առաքված մարդկանց միջոցով, որպեսզի փառավորվեք այս հավիտենական գործով, ինչպես և արժանի ես:

 

2. Ողջունում եմ բոլորին անուն առ անուն: Ողջունում եմ Եպիտրոպոսի կնոջն իր ամբողջ ընտանիքի և որդիների հետ միասին: Ողջունում եմ ինձ հույժ սիրելի Ատթաղոսին: Ողջունում եմ նրան, ով արժանի կհամարվի գնալու Ասորիք. շնորհը միշտ նրա հետ կլինի, ինչպես նաև նրան ուղարկող Պողիկարպոսի հետ:

 

3. Աղոթում եմ, որ բոլորդ միշտ անհողդողդ մնաք մեր Աստված Հիսուս Քրիստոսի մեջ. որ Նրա մեջ մնաք, Աստծո միության մեջ և Նրա առաջնորդության[4] ներքո: Ողջունում եմ իմ սիրելի Աղկիային: Անհողդողդ մնացեք Տիրոջ մեջ[5]:

 
[1] Խոսքը վերաբերվում է ո՛չ թե իտալական թերակղզու հարավ-արևմտյան ափին գտնվող հայտնի Նեապոլիս (Նա՛պոլի) քաղաքին, այլ՝ համանուն նավահանգստին, որ գտնվում էր Հռոմեական Կայսրության Թրակիա նահանգում (ներկայիս Հունաստանի հյուսիս-արևմուտքում):
[2] Իգնատիոսը չի ճշգրտում, թե ո՛ւմ կողմից է տրվել ճանապարհ ընկնելու այդ հանկարծակի հրամանը: Ամենայն հավանականությամբ՝ պահակախմբի հրամանատարի: Բայց հաշվի առնելով փաստը, որ «thélema» եզրը Իգնատիոսը երբեմն օգտագործում է որպես «Աստծո կամք»ի հոմանիշ, կարող ենք իր այս արտահայտությունը հասկանալ «Աստծո կամքի համաձայն» իմաստով և նշանակությամբ:
[3] Այսինքն՝ Եկեղեցիներին, որ գտնվում են Զմյուռնիայից դեպի արևելք, դեպի Անտիոք:
[4] Բնագրում տառացիորեն. «եպիսկոպոսության»:
[5] Ինչպես նախորդները, այս նամակը նույնպես փակվում է Տիրոջ Անունով: Կարող ենք վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսի Անունն է եղել նաև այն վերջին խոսքը, որն Իգնատիոսն արտասանել է այս երկրի վրա, մարտիրոսության պահին, մինչ իր փառապանծ մուտքն էր գործում երկինք, Նրան հավիտյանս տեսնելու և վայելելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։