Աստծո խոսք կդառնամ – Գրադարան – Mashtoz.org

Աստծո խոսք կդառնամ

Բ. – 1. Ուզում եմ, որ հաճո լինեք ո՛չ թե մարդկանց, այլ՝ Աստծուն, ինչպես արդեն իսկ հաճո եք Նրան: Ես նման առիթ այլևս չեմ ունենա՝ հասնելու Աստծուն, իսկ դուք – եթե լռեք – չեք կարողանա մի ավելի լավ գործի կապել ձեր անունը: Եթե չմիջամտեք ինձ պաշտպանելու, Աստծո խոսք կդառնամ: Իսկ եթե ձեր սրտին մոտիկ ընդունեք իմ մարդկային վիճակը, կշարունակեմ տակավին մի պարզ հնչյուն լինել[1]:

 

2. Իմ համար ուրիշ ոչինչ մի՛ հայթայթեցեք, քան միայն այն, որ որպես ողջակեզ ընծայվեմ Աստծուն, քանի որ խորանը դեռ պատրաստ է: Որպեսզի դուք, սիրո մեջ միայն մեկ երգչախումբ դարձած, կարողանաք Հիսուս Քրիստոսի մեջ երգեր մատուցել Հորը, որովհետև Աստված Ասորիքի Եպիսկոպոսին արժանի դարձրեց Իր ընտրությանը, բերելով նրան Արևելքից Արևմուտք: Իմ համար գեղեցիկ բան է մայր մտնել աշխարհից դեպի Աստված, Նրանում հարություն առնելու համար[2]:

 
[1] Արտակարգ գեղեցկության պատկեր է: Գերագույն վկայությամբ, սեփական կյանքի նվիրմամբ և Տիրոջ հետ վերջնական միությամբ՝ քրիստոնյան դառնում է «Աստծո խոսք»: Ո՛չ այլևս մի պարզ հնչյուն, տկար, անորոշ, թերևս նաև անարդյունավետ, այլ՝ կյանքի ու շնորհի անսասան խոսք, ինչպիսին որ է Աստծո խոսքի զորությունը: Արժեքավոր ուսուցում է քարոզիչների համար:
[2] Ինչպես արևն է ծագում Արևելքում և մայր մտնում Արևմուտքում, որպեսզի սակավաթիվ ժամեր անց կրկին փայլի իր ողջ պայծառությամբ, նույն կերպ նաև Իգնատիոսը: Արևելքում ծնված, գալիս է Արևմուտքում մահանալու: Բայց նա հարություն է առնելու Աստծո մեջ, անհամեմատելիորեն ավելի պայծառ ու լուսավոր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։