Բացառիկ խորհուրդներ են կատարվում Աստծո լռության մեջ – Գրադարան – Mashtoz.org

Բացառիկ խորհուրդներ են կատարվում Աստծո լռության մեջ

ԺԹ. – 1. Այս աշխարհի իշխանին[1] անհայտ մնացին Մարիամի կուսությունը, ինչպես նաև նրա ծննդաբերությունը և, նմանապես, նաև Տիրոջ մահը: Երեք բացառիկ խորհուրդներ, որ կատարվեցին Աստծո լռության մեջ[2]:

 

2. Ուրեմն ինչպե՞ս հայտնի դարձվեցին աշխարհին: Մի աստղ փայլեց երկնքում, առավել լուսավոր, քան մյուս բոլորը: Նրա լույսն անճառելի էր և նրա նորությունը զարմանք առաջացրեց: Մյուս բոլոր աստղերը, արևի ու լուսնի հետ, խմբվեցին այդ աստղի շուրջը: Նա, սակայն, իր պայծառությամբ գերազանցում էր մյուս բոլոր աստղերին: Եվ բոլորը սաստիկ հուզմունքով հարցնում էին, թե արդյոք որտեղի՞ց է այդ նորությունը, որ այդքա՜ն տարբեր է իրենցից[3]:

 

3. Այդ պահից սկսած խափանվում էին մոգությունները և խզվում էին չարության կապերը: Աստված մարդկային կերպարանքով հայտնվելով, որպեսզի մարդուն պարգևի հավիտենական կյանքի նորությունը, ջնջվում էր անգիտությունը և կործանվում էր հին թագավորությունը: Սկիզբ էր առնում այն, ինչն Աստված նախապատրաստել էր. դրա պատճառով ամեն բան արմատապես փոխվեց, քանի որ նախապատրաստվում էր մահվան վերացումը:

 
[1] Հմմտ. Հվհ 12, 31; 14, 30; 16, 11.
[2] Հիշեցնելուց հետո, որ Աստված Իր գործերը կատարելիս չի հետևում աղմուկ ստեղծելու մարդկային չափանիշներին, Իգնատիոսն ավելացնում է, որ ամենաբացառիկ իրադարձությունները ևս – ինչպիսիք են Որդու մարդեղությունը, Նրա ծնունդն ու մահը – Աստծո կողմից կատարվեցին խոնարհ լռությամբ, այն աստիճան, որ սատանային անգամ մնացին անհայտ:
[3] Հատվածը, որն ակնհայտ կերպով ներշնչված է Բեթղեհեմյան աստղի պատմությունից (Մտթ 2, 2), թերևս կամենում է ասել, որ Հիսուսի ծնունդը վերջ դրեց հեթանոսությանն ու կուռքերին, նրանց պաշտամունքին սերտորեն կապված մոգությանն ու չարագործ զոհաբերություններին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։