Գ. Իգնատիոսը որպես Հիսուս Քրիստոսի Աստծուն սիրահարված հոգի – Գրադարան – Mashtoz.org

Գ. Իգնատիոսը որպես Հիսուս Քրիստոսի Աստծուն սիրահարված հոգի

Աստված, որ հայտնվել է հանձինս Հիսուս Քրիստոսի, Իգնատիոսի մեծ և միակ «կիրքն» է: Կարելի է ասել, որ Իգնատիոսն ուղղակի չի կարողանում մի միտք արտահայտել կամ մի հորդոր ուղղել առանց դիմելու Աստծո և Հիսուս Քրիստոսի Անվանը: Սա կարող է բացատրվել միմիայն այն լիասիրտ ու անզսպելի սիրով, որով համակված էր Իգնատիոսի հոգին:

Աստծո Սերը քրիստոնյաների միակ օրենքն է.

– Որևէ մի գործ կատարել՝ մտածելով, որ Աստված բնակվում է մեր մեջ (Եփես. ԺԵ.).

– Հիսուսի և Հոր հետ միությունը դա ամենակարևոր իրողությունն է (Մագ. Ա.ԺԱ.).

– Փոխադարձ սերը ծնվում և զարգանում է Հիսուս Քրիստոսի մեջ (Մագ. Զ.).

– Գոյություն չունի Հիսուս Քրիստոսից առավել գերազանց անձ կամ իրողություն (Մագ. Է.).

– Հիսուսի սերը քրիստոնյաներին երդմնեցնում է՝ լինելու հավատարիմ (Թրալ. Զ.).

– Հարկավոր է խուլ լինել այն ճառերի դիմաց, որոնք չեն խոսում Հիսուս Քրիստոսի մասին (Թրալ. Թ.): Ով չի խոսում Հիսուս Քրիստոսի մասին, նման է թաղմանական կոթողի, մահարձանի. այդպիսին դատարկ գերեզման է (Ֆիլ. Զ.).

– Քրիստոնյան ինքն իրեն չի պատկանում: Նա Աստծո տրամադրության ներքո է (Պող. Է.):

Բայց ամենից ավելի Իգնատիոսն ինքն է, որ ապրում է միմիայն Աստծո համար: Նրա սիրտը բաբախում է, նրա հոգին թրթռում է միմիայն Աստծո համար: Աստված նրան ներշնչում է վեհ ու վսեմ մտքեր (Թրալ. Դ.). նա իր շղթաները կրում է հանուն Քրիստոսի (Եփես. Զ., Թրալ. ԺԲ.). Աստծո համար տառապելու փափագը նրա հոգում դառնում է բուռն ու անդիմադրելի (Թրալ. Դ.). դիմանում ու համբերում է ամեն ինչի, միայն թե մասնակից դառնա Հիսուս Քրիստոսի չարչարանքներին (Զմյուռ. Դ.). խնդրում է աղոթել իր համար, որպեսզի կարողանա հասնել Աստծուն (Զմյուռ. ԺԱ.):

Աստծո հանդեպ այդ սերը հասնում է իր գագաթնակետին, երբ Իգնատիոսն արդեն մոտիկից է տեսնում մարտիրոսության իրողությունը և գրեթե կանխավ ճաշակում է Աստծո հետ երանելի միությունը: Այդպիսին է Հռոմի քրիստոնյաներին ուղղած նամակի պարագան, ուր զգացմունքների հորդառատությունը դառնում է լիրիզմ, բարձրակարգ քնարերգություն: Մեկնաբանության որևէ փորձ կարող է նսեմացնել այդ մաքրափայլ գոհարի պայծառությունը: Ամենանշանակալի հատվածների մեջբերումն անգամ անպատշաճ կլինի: Հրավիրում ենք այդ նամակն ամբողջությամբ ընթերցել հավաք մտքով, հոգու ուշադրությամբ և երանի թե՝ աղոթքի մթնոլորտում: Միմիայն այդպես է հնարավոր ընկալել նրա պատգամը, հասկանալ այն և ճաշակել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։