Գովասանքի խոսքեր – Գրադարան – Mashtoz.org

Գովասանքի խոսքեր

Ա. – 1. Իմացա ձեր սիրո կատարյալ դրության մասին, որն Աստծո կամքի համաձայն է: Ուստի մեծ ուրախությամբ մտածեցի խոսել ձեր հետ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մեջ:

 

2. Քանի որ որպես պարգև ստացել եմ մի անուն, որն աստվածային վայելչություն է արտահայտում[1], կրածս այս շղթաներով գովաբանում ու հռչակում եմ Եկեղեցիներին[2], և աղոթում եմ, որ նրանց մեջ լինի մարմնի և հոգու միությունը Հիսուս Քրիստոսի, որ մեր մշտնջենավոր կյանքն է. միությունը հավատքի և սիրո, որն ամենաթանկարժեք պարգևն է. և հատկապես՝ Հիսուսի և Հոր միությունը: Աստծո մեջ դիմադրելով այս աշխարհի իշխանի[3] ամեն տեսակ հարձակումներին և խուսափելով նրա ազդեցությունից՝ կհասնենք Աստծուն[4]:

 

Բ. Քանի որ բախտն ունեցա ձեզ բոլորիդ տեսնելու հանձինս Դամասի՝ Աստծուն արժանի ձեր Եպիսկոպոսի, և հանձինս ձեր արժանավոր քահանաներ Բասոսի և Ապողոնիոսի, և հանձինս Զոթիոն սարկավագի՝ իմ ծառայակցի, որի ներկայությունից կփափագեի տակավին պտուղներ քաղել, քանի որ հնազանդ է Եպիսկոպոսին ինչպես Աստծո շնորհին, և քահանայից դասին՝ ինչպես Հիսուս Քրիստոսի օրենքին:

 
[1] Հստակ չէ, թե Իգնատիոսն այստեղ ակնարկում է իր Աստվածակիր անվանը, թե՞ քրիստոնյա լինելու արժանապատվությանը, որը նույնպես «աստվածային վայելչություն է արտահայտում»: Համենայն դեպս, նշանակալի է նրա փափաքը՝ լիուլի իրագործելու այն, ինչն արտահայտում է իր անունը:
[2] Մարտիրոսի շղթաները, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա շղթայված լինելը հանուն Աստծո, Քրիստոսի Եկեղեցիների համար պարծանքի առիթ է, գովաբանություն: Քանի որ Քրիստոսի և կատարյալ քրիստոնյաների խաչակրությամբ է աճում Եկեղեցին: «Մարտիրոսների արյունը նոր քրիստոնյաներ ծնող սերմն է» (Տերտուղիանոս):
[3] Հմմտ. Հվհ 12, 31; 14, 30; 16, 11.
[4] Այստեղ առաջին անգամ լինելով գործածվում է մի բայ, որը յուրահատուկ կերպով կարևոր է Իգնատիոսի նամակներում, հատկապես՝ Հռոմեացիներին ուղղված նամակում. «tyncháno» (գրեթե միշտ գործածվում է իր «epityncháno» բաղադրյալ ձևով): Սովորաբար այն իրեն որպես առարկա ունի Աստծուն, բայց երբեմն նաև շնորհը, Հիսուս Քրիստոսին, խոստացված հավիտենական ժառանգությունը: Թարգմանվում է «հասնել», բայց իր ամբողջական իմաստը պարզապես ինչ որ տեղ հասնելը չէ, այլ՝ հասնել միանալու, տվյալ դեպքում՝ Աստծուն, Նրա հետ լիակատար հաղորդության մեջ ապրելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։