Գովասանքի խոսքեր: Հնազանդություն Եպիսկոպոսին – Գրադարան – Mashtoz.org

Գովասանքի խոսքեր: Հնազանդություն Եպիսկոպոսին

Ա. – 1. Ձեր մասին իմացա, որ անբասիր հոգի ունեք, համբերության մեջ հաստատուն ու անբաժան: Եվ դա ո՛չ թե ջանադիր հրահանգմամբ, այլ՝ բնական տրամադրվածությամբ[1], ինչպես ինձ հայտնեց Պողիբիոսը՝ ձեր Եպիսկոպոսը, որն Աստծո և Հիսուս Քրիստոսի կամքով եկավ Զմյուռնիա և ուրախացավ իմ հետ, որ շղթայված եմ Հիսուս Քրիստոսի համար, և ես հանձինս նրա տեսա ձեր ողջ համայնքը:

 

2. Նրա միջոցով, ուստի, ընդունեցի ձեր բարյացակամությունն ըստ Աստծո, և փառավորեցի Տիրոջն այն բանի համար, որ ձեր մասին իմացա, – ինչպես արդեն իսկ գիտեի, – որ Աստծուն նմանվողներ եք:

 

Բ. – 1. Արդարև, եթե հնազանդվում եք Եպիսկոպոսին, ինչպես Հիսուս Քրիստոսին, դուք փաստում եք ինձ, որ ապրում եք ո՛չ թե մարդկային դատողությամբ, այլ՝ Հիսուս Քրիստոսի համաձայն, որ մահացավ մեր համար, որպեսզի դուք, Իր մահվանը հավատալով, խուսափեք մահից[2]:

 

2. Ուստի անհրաժեշտ է, որ ոչինչ չանեք առանց Եպիսկոպոսի, ինչպես արդեն իսկ այդպես եք վարվում: Մանավանդ թե, հնազանդ եղեք նաև քահանայից դասին, ինչպես Առաքյալներին Հիսուս Քրիստոսի, որ մեր հույսն է[3]: Նրա մեջ ապրելով է, որ Նրա մեջ կգտնվենք[4]:

 

3. Անհրաժեշտ է, ապա, որ նաև նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի խորհուրդներին սպասավորող սարկավագներն են, բոլորի կողմից ընդունվեն ամենայն պատվով: Նրանք, իրոք, կերակուրների ու ըմպելիքների սպասավորներ չեն, այլ՝ Աստծո Եկեղեցու պաշտոնյաները: Ուստի հարկավոր է, որ նրանք զգուշանան պախարակելի ամեն ինչից, ինչպես կրակից[5]:

 
[1] Հակասությունը երկու արտահայտությունների միջև է. «katà chêsin» (ըստ կիրառման) և «katà phýsin» (ըստ բնության), որոնցից առաջինը մատնանշում է մի բան, որ ջանքի, վարժությունների, հրահանգման արդյունք է, այսինքն՝ ձեռքբերված առաքինություն, մինչ երկրորդը ցույց է տալիս մի բան, որ բնական, բնածին հատկություն է:
[2] Իրոք ուշադրության արժանի է կարևորությունը, որ Իգնատիոսն ընծայում է Հիսուսի մահվանը: Անհրաժեշտ է հավատալ Նրա ո՛չ միայն հարությանը, այլ նաև՝ մահվանը: Հիսուսի մահվանը հավատալով ենք, ասում է, խուսափում մահից:
[3] Հմմտ. 1Տմ 1, 1.
[4] Այսինքն՝ ներկա կյանքում Նրա մեջ ապրելով է, որ գալիք կյանքում էլ Նրա մեջ կգտնվենք:
[5] Իգնատիոսն, ամենայն հավանականությամբ, տվյալ դեպքում «պախարակելի» ասելով հասկանում է այն բաները, որոնք ինքնըստինքյան թույլատրելի են, բայց կարող են «գայթակղության» առիթ հանդիսանալ տակավին տկար հավատք ունեցողների համար, ուստի հարկավոր է զգուշանալ այդ բաներից հանուն եղբայրասիրության: Հմմտ. 1Կր 8, 7-13.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։