Զգուշացնում եմ ձեզ մարդակերպ գազաններից – Գրադարան – Mashtoz.org

Զգուշացնում եմ ձեզ մարդակերպ գազաններից

Դ. – 1. Այս ճշմարտությունների վերաբերյալ հորդորում եմ ձեզ, սիրելիներ, իմանալով, որ դուք էլ միևնույն համոզումներն ունեք: Զգուշացնում եմ ձեզ մարդակերպ գազաններից[1]. ո՛չ միայն չպետք է ընդունեք նրանց, այլև, եթե հնարավոր է, և ո՛չ իսկ հանդիպեք նրանց: Նրանց համար աղոթելն է միայն լավ, որպեսզի թերևս կարողանան դարձի գալ, ինչը որ հեշտ չէ: Բայց դրան ի զորու է Հիսուս Քրիստոսը. Նա է մեր ճշմարիտ կյանքը:

 

2. Արդարև, եթե մեր Տիրոջ կողմից կատարված գործերը սոսկ երևութապես էին, ուրեմն ես էլ սոսկ երևութապես եմ շղթայված: Ուրեմն ինչո՞ւ կամովին հանձնվեցի մահվանը՝ կրակի, սրի, գազանների միջոցով: Որովհետև սրին մոտիկ՝ նշանակում է Աստծուն մոտիկ: Գազաններով շրջապատված լինել՝ նշանակում է Աստծո հետ լինել: Կարևորն այն է, որ դա կատարվի միմիայն Հիսուս Քրիստոսի Անունով: Նրան չարչարակից լինելու համար եմ ես ամեն ինչի համբերում, քանի որ ինձ զորացնում է հենց Նա, Ով կատարյալ մարդ դարձավ[2]:

 
[1] Խոսքը վերաբերվում է հերետիկոսներին: Առաջին հայացքից թերևս զարմանալի է Իգնատիոսի նամակներում նման ուժգին արտահայտությունների հանդիպելը, բայց ինչպես արդեն նշել ենք Ներածությունում, Սուրբ Մարտիրոսի համար ամենակարևոր ու ամենաթանկարժեք բանը դա հավատքի ուղղադավանությունն էր: Ուստի հաստատում է, որ ոչ մի հարաբերություն չպետք է գոյություն ունենա հերետիկոսների հետ, այլ միմիայն աղոթք՝ նրանց դարձի համար:
[2] Շատ կարևոր է Իգնատիոսի միտքը. քրիստոնյայի համար կարևորը չարչարվելը չէ, այլ՝ Քրիստոսի՛ն չարչարակից լինելը, Նրա հետ միասին հասնելու համար հարությանը: Ուշադրությունը Քրիստոսի վրա կենտրոնանալով՝ այդ չարչարակցությունը դառնում է սիրո կատարյալ նշան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։