Իգնատիոսը որպես «միությանը հակված մարդ» – Գրադարան – Mashtoz.org

Իգնատիոսը որպես «միությանը հակված մարդ»

Մատնանշումները, որոնք նախորդ էջերում կատարեցինք, թեև սակավաքանակ են ու անզարդ, առանց հավելյալ մեկնաբանությունների, այնուամենայնիվ առաջ են քաշում մի հարց. իրականում, իր անհատականության ամենախորքում, ո՞վ էր Իգնատիոսը, ինչպե՞ս է ապրել իր մարդկային փորձառությունը, իր քրիստոնեական և եպիսկոպոսական կյանքում ինչպե՞ս է վկայել այն ամենին, ինչը բանավոր կամ գրավոր կերպով ուսուցանում էր իր ճանապարհին հանդիպած համայնքներին:

Այս հարցերի վերաբերյալ ուղղակի վկայություններ չունենք իրեն ժամանակակից հեղինակներից: Ճիշտն ասած, սակայն, կարիքն էլ չունենք արտաքին քննարկումների: Իգնատիոսի պարագային ևս – ինչպես Պողոսի, Պետրոսի, մյուս Առաքյալների և առաքելաշավիղ Հայրերի դեպքում – պերճախոս կերպով խոսում են այն գրությունները, որոնք հասել են մեզ: Իգնատիոսի մարդկային-հոգևոր կերպարն ու դիմագիծը լիակատար ակնհայտությամբ ցայտում են իր նամակներից. անմնացորդ նվիրում գաղափարականին, անսահմանափակ փափաք՝ լինելու և ապրելու Աստծո համար, անսասան հավատք՝ հարություն առած, հավիտյան կենդանի և այսօր իսկ ներկա Տիրոջ հանդեպ, անզսպելի իղձ՝ հաղորդելու և պարգևելու ներանձնական այն հարստությունները, որոնք Սուրբ Հոգին թելադրում է իր սրտում, հովվական բուռն հոգածություն, որը մինչ մղում է նրան եռանդուն կերպով պաշտպանելու հավատքի ուղղադավանությունը, միաժամանակ նրան յուրահատուկ կերպով ուշադիր է դարձնում աղքատների, տկարների, այրիների, ստրուկների կարիքներին ... : ... Եվ այս թվարկումը հնարավոր է տակավին երկար շարունակել:

Իր անձի ու անհատականության մասին լավագույն սահմանումը, սակայն, թերևս Իգնատիոսն ինքն է տվել, գրելով Ֆիլադելֆիայի քրիստոնյաներին. «Ես, ուստի, որքանով որ դա իմ պաշտոնն էր, գործեցի որպես միությանը հակված մի մարդ» (Ը 1):

Ահա՛. միությունը: Ինչպես իրավացիորեն ընդգծում են Իգնատիոսի նամակների բոլոր հեղինակավոր ուսումնասիրողները, միությունը կարող է նկատվել որպես Իգնատիոսի բոլոր նամակների գաղափարային առանցքը, դրանց ընկալման ու ըմբռնման բանալին: Եվ կարծում ենք սխալ չի լինի հաստատել ամենայն վստահությամբ, որ հենց միության հասկացողությունն է, իր հնարավոր բոլոր տեսանկյուններից դիտված, որ Իգնատիոսը կամեցել է իրականացնել և ապրել իր անձում, ամեն ինչից վեր: Մինչև իսկ չափազանց ակնհայտ է, որ նա չէր կարողանա գտնել այդքա՜ն ազդու, տպավորիչ ու տևական շեշտադրումներ այդ հարցի շուրջ, եթե հենց միության առանցքի շուրջը կենտրոնացած չլինեին իր անձնական իղձերն ու իր հովվական ամբողջ գործունեությունը:

Միությունն իր արմատը նախևառաջ գտնում է հենց Աստծո միության մեջ: Մագնեզիայի եկեղեցուն գրելիս Իգնատիոսը հիշում է Մարգարեների գործը, հատկապես՝ քարոզելու ներշնչումը, «որպեսզի անհավատները համոզվեին, որ կա միայն մեկ Աստված, որ հայտնվել է հանձինս Հիսուս Քրիստոսի» (Ը 2): Բայց այդ «միայն մեկ Աստված» հասկացողությունը Իգնատիոսի համար սոսկ վերացական հավատքի առարկա չէ, այլ՝ միակ իղձը, ձգտումը, տենչանքը, որ իմաստ ու լիություն է հաղորդում իր կյանքին:

Այստեղից է առաջ գալիս այն անդադար կրկնությունը բայերի, ինչպիսիք են «ձգտել Աստծուն», «ստանալ Աստծուն», «հասնել Աստծուն», «միանալ Աստծուն»: Սրանով է բացատրվում որոշումը, որով Իգնատիոսը դիմում է Հռոմի քրիստոնյաներին, գրեթե հրամայելով ոչ մի կերպ չմիջամտել՝ խոչընդոտելու համար դատավճռի կայացմանը. «Ես կամենում եմ, որ տակավին վավերական մնա այն ամենն, ինչ ուսուցանում եք ու հանձնարարում» (Գ 1): Այս խոսքերով կամենում է ասել, որ հատկապես իր նկատմամբ նրանք չպետք է լքեն իրենց սովորական համոզմունքը՝ թողնելու ամեն բան Աստծո ձեռքերում: Այսպիսով է հասկանալի դառնում այն սուրբ պարծանքը, որ նա զգում է, որովհետև Աստծուց ընտրվել է որպես թանկարժեք ընծա. «Աստված Ասորիքի Եպիսկոպոսին արժանի դարձրեց Իր ընտրությանը, բերելով նրան Արևելքից Արևմուտք: Իմ համար գեղեցիկ բան է մայր մտնել աշխարհից՝ Նրա մեջ հարություն առնելու համար» (Բ 2): Այսպիսով է, տակավին, արդարանում Իգնատիոսի այն հայտարարությունը, թե Աստծո համար մարտիրոսություն կրելն իր համար իրական բերկրանք է. «Հրապարակավ հայտարարում եմ բոլորին, որ ես հոժարությամբ եմ մահանում Աստծո համար, եթե դուք չխոչընդոտեք ինձ դա: Աղաչում եմ ձեզ, իմ համար մի՛ դարձեք անպատեհ բարյացակամություն» (Դ 1):

Աստծո միությունից՝ Հիսուս Քրիստոսի միությանը: Իգնատիոսի վարդապետության կենտրոնն է Հիսուս Քրիստոսի այս կատարյալ միությունը, միությունը մարմնի և հոգու, միությունը մարդկային բնության և աստվածային բնության՝ հանձինս Հիսուս Քրիստոսի, Մարդ-Աստծո: Որպես տիպար օրինակ կարող ենք մեջբերել Եփեսոսի եկեղեցուն ուղղած նամակի հայտնի հատվածը (Է 2), որն այստեղ ներկայացնում ենք զուգահեռ երկու սյունակների վրա, ընդգծելու համար այն հակադրույթները, որոնք ակնհայտ են դարձնում երկու բնությունների բնորոշ հատկանիշները մեկ միության ներսում.

 

Միայն մեկ բժիշկ կա,
մարմնեղեն և հոգեղեն,
ծնված և անծին,
արարված մարմնի մեջ՝ Աստված,
մահվան մեջ՝ ճշմարիտ Կյանք,
ծնված՝ Մարիամից և Աստծուց,
նախ՝ չարչարելի, ապա՝ անչարչար,
Հիսուս Քրիստոս, մեր Տերը:

 

Այս ճշմարտությունն Իգնատիոսի համար նշանակում է մարդկային կյանքի ու գոյության առանցքը: Այս ճշմարտության պաշտպանության հարցում – և միմիայն այս հարցում – Իգնատիոսն անկարող է թվում զսպելու ջատագովական եռանդն ու հրայրքը, և ականատես ենք լինում այն բանին, թե ինչպես են նրա գրչից ծնվում սաստիկ խստություն պարունակող արտահայտություններ: Հերետիկոսները (խոսքն այդ ժամանակ վերաբերվում էր հատկապես Հուդայականներին և Դոկետներին), որոնք մերժում կամ նախադրյալներ էին ստեղծում մերժելու համար Հիսուս Քրիստոսի միությունը, ուղղակի – ո՛չ ավել, ո՛չ պակաս – «կատաղած շներ» են (Եփես. Է 1)[1] , «գայլեր» (Ֆիլ. Բ 2), «մարդակերպ գազաններ» (Զմյուռ. Դ 1), «չար ծիլեր, որ մահվան պտուղ են ծնում» (Թրալ. ԺԱ 1):

Այս արտահայտությունները կարող են հասկացվել միմիայն եթե մոռացության չմատնենք փաստը, որ Հիսուս Քրիստոսը, սոսկ գաղափար կամ հավատքի վերացական առարկա լինելուց շա՜տ հեռու, Իգնատիոսի համար մի Անձ է, այն Հիսուսն է, Մարիամից ծնված Աստծո Որդին, որը մեզ հայտնեց Հոր էությունը, այս աշխարհում ապրեց բարեգործելով, իսկապես մահացավ, իսկապես հարություն առավ, տակավին ողջ է, ներկա է, գործում է, հոգին ու կյանքն է Իր հավատացյալների, Իր Եկեղեցու ամենօրյա սնունդն է Ամենասուրբ Հաղորդության միջոցով: Մի խոսքով, իր՝ Իգնատիոսի Տերն է. «Ինձ ի՞նչ օգուտ, եթե մեկն ինձ գովում է, բայց անարգում է իմ Տիրոջը, չընդունելով, որ Նա օժտված էր մարմնով» (Զմյուռ. Ե 2):

Հիսուս Քրիստոսի միությունը նախադրյալն է Քրիստոսի հետ քրիստոնյաների միության, մի իրողություն, որն Իգնատիոսի նամակներում արտահայտված է ամենուր և վավերական է ինչպես անհատ հավատացյալի դեպքում, որը Քրիստոսի մարմնի և հոգու, այսինքն՝ Նրա մարդկության և աստվածության հետ անձնական շփման միջոցով հասնում է «ընդմիշտ ապրելու Հիսուս Քրիստոսի մեջ» (Եփես. Ի 2), այնպես էլ՝ ամբողջ հասարակության, որը որպես «Քրիստոսի մեջ ապրող բազմություն» (Թրալ. Ը 2) իր կյանքի գոյապատճառն ու ակունքը գտնում է Քրիստոս-Տիրոջ Անձին լիակատար կերպով հարելու, միանալու մեջ, հատկապես Մկրտության և Ամենասուրբ Հաղորդության խորհուրդների միջոցով:

Իգնատիոսն այս ճշմարտություններն արտահայտում է արտակարգ բնականությամբ, ճիշտ ինչպես մեզնից յուրաքանչյուր ոք արտահայտում է ինչ որ մի իրողություն, որն իր համար ընտանի է, սովորական, մինչև իսկ բնական, քանի որ բավականին խորհրդածել ու իրագործել է այն իր անձում: Իգնատիոսի համար ամեն բան «Հիսուս Քրիստոսի մեջ», կամ «Քրիստոս Հիսուսի մեջ», կամ «Հիսուսի մեջ» է[2]. ողջույնի խոսքերը, մաղթանքները, ընդունելությունը, համերաշխությունը, ժողովները, զրույցները, ամեն տեսակ հորդորները ... : Քրիստոսը «անբաժանելի Կյանք» է (Եփես. Գ 2), «հավիտենական Կյանք» (Եփես. ԺԸ 1): Ընդհակառակն, ով ապրում է առանց Քրիստոսի, Նրանից բաժանված, մեկն է, ով սերմանում է մահ, կամ մինչև իսկ՝ «ով քարշ է տալիս իր սեփական դիակը» (Զմյուռ. Ե 2): Ահա՛ այստեղից էլ ծնվում է բնական հարցադրումը. «Ինչպե՞ս մենք կարող ենք ապրել Նրանից դուրս» (Մագն. Թ 2):

Կարծես Պողոս Առաքյալի խոսքերի կատարյալ պատճենը լինեին այս հաստատումները. «Խաչվել եմ Քրիստոսի հետ և այսուհետև ես չեմ, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է ապրում իմ մեջ: Այս կյանքը մարմնի մեջ, ես այն ապրում եմ Աստծո Որդու հանդեպ հավատքով, որ սիրեց ինձ և իրեն մահվան մատնեց իմ համար» (Գղտ 2, 20):

Քրիստոսի հետ քրիստոնյայի այս հարատև հաղորդության ու երկխոսության կերպարանքով պետք է ձևավորվի քրիստոնյաների միությունը միմյանց միջև: Թե Իգնատիոսին որքա՜ն հոգեհարազատ է այս իրողությունը, ամեն ոք կարող է ինքնուրույն գնահատել՝ նաև պատահականության սկզբունքով բացելով նրա նամակներից որևէ մեկը: Ինչպես Քրիստոսն Ինքը միայն մեկ ամբողջություն է Իր Անձում, միայն մեկ ամբողջություն պետք է լինի նաև Քրիստոսի խորհրդավոր Մարմինը, որ է Եկեղեցին: Քրիստոնյաները կանչված են միմյանց միջև իրագործելու և պահպանելու այն նույն միությունը, որ գոյություն ունի Հիսուս Քրիստոսի Անձում և Հիսուսի ու Հոր միջև:

Այս հարցում, ահա՛, Իգնատիոսն իրեն զգում է որպես «միությանը հակված մարդ». մի մարդ, որն Աստծո կողմից մտածվել, կամեցվել, արարվել և առաքվել է, որպեսզի իր նամակների հասցեատերերին – և նրանց միջոցով՝ բոլոր ժամանակների քրիստոնյաներին – ազդու կերպով հաղորդի Տիրոջ այդ անհամեմատելի պարգևը: Մի առաքելություն, որն Իգնատիոսը զգում և ապրում է ծիսակատարության հուզիչ ու հանդիսավոր շեշտադրումներով:

Ահա՛ թե ինչ է գրում Մագնեզիայի քրիստոնյաներին. «Քանի որ որպես պարգև ստացել եմ մի անուն, որն աստվածային վայելչություն է արտահայտում, կրածս այս շղթաներով գովաբանում ու հռչակում եմ Եկեղեցիներին, և աղոթում եմ, որ նրանց մեջ լինի մարմնի և հոգու միությունը Հիսուս Քրիստոսի, որ մեր մշտնջենավոր կյանքն է. միությունը հավատքի և սիրո, որն ամենաթանկարժեք պարգևն է. և հատկապես՝ Հիսուսի և Հոր միությունը: Աստծո մեջ դիմադրելով այս աշխարհի իշխանի ամեն տեսակ հարձակումներին և խուսափելով նրա ազդեցությունից՝ կհասնենք Աստծուն» (Ա 2):

Խոսքն, անկասկած, կյանքի մի սքանչելի ծրագրի մասին է, որ վերաբերվում է մարդուն ամբողջությամբ, մարդուն ամբողջությամբ պատվաստում է Քրիստոսին, մարդուն մղում է կոնկրետ կերպով գործի դնելու հավատքն ու սերը, խուսափելու սատանայի թակարդներից, և մարդուն ամբողջությամբ առաջնորդում է «հասնելու Աստծուն»: Մարդն ամբողջությամբ՝ մեկ միակ գաղափարականի համար, Աստծուց մղված և դեպի Աստված ձգտող:

Սա մի ընթացք է, – հարկավոր է ուշադրություն դարձնել, – որն Իգնատիոսի համար անհատական չէ, այլ՝ հասարակաց. ո՛չ կղզիացած, այլ՝ աղոթքի, կյանքի ու գործի հաղորդությամբ, եղբայրների ու քույրերի հետ: Քրիստոսի հետ քրիստոնյայի միությունը Իգնատիոսը երբեք չի ընկալում որպես սոսկ անձնական կամ անհատական իրողություն, այլ՝ միշտ մնում է որպես հասարակաց իրականություն, որն իրականանում է մի կառույցում, որը միաժամանակ մարդկային է և աստվածային («մարմնի և հոգու միությունը», կասեր Իգնատիոսն իր կերպային արտահայտչականության բառապաշարով), որ է Եկեղեցին, Քրիստոսի խորհրդավոր Մարմինը: Արդարև, Եկեղեցուն միանալով և իր բոլոր եղբայրների ու քույրերի հետ միության մեջ ապրելով է, որ քրիստոնյան «միանում է Աստծուն»:

Սոսկ երազ ու անիրագործելի գաղափարակա՞ն: Իգնատիոսի փորձառությունը – և փորձառությունն այն բազմաթիվ անձանց ու համայնքների, որոնք դարերի ընթացքում կամեցան բացվել Շնորհի ազդեցությանը – փաստում է, որ այդ գաղափարականը ո՛չ միայն իրագործելի է, այլ՝ որ Տերն արդարև իրագործել է այն և տակավին շարունակում է այն իրագործել մարդկության պատմության երկայնքին: «Աստծո պարգևն» է (Հվհ 4, 10), որի դիմաց մարդկային բանականության սահմանները չափազանց նեղ են ու անձուկ:

Կարելի է միայն ավելացնել, որ միության այս ծրագիրը սովորաբար հասնում է արտակարգ կարևորության մի ա՛յլ նպատակի ևս. քրիստոնյայի և մարդու միությունն ինքն իր մեջ, իր սեփական ներաշխարհում: Այսինքն, կարողանում է կերտել մի անձ, որ հավասարակշիռ է, խաղաղ, անամպ, իսկապես ազատ, զերծ այն ներքին բաժանումներից, որոնք շա՜տ հաճախ մարդուն մղում են օտարանալու ինքն իրենից, փախչելու սեփական անձից, կամ էլ ընդհակառակը՝ լիակատար կղզիացման վիճակում միայնանալու սեփական ներաշխարհում:

Իգնատիոսը լիովին գիտակցում էր, որ այս ամենն իրականացնելու միայն մի ձև կա. վճարել անձամբ, Աստծո գործին ընծայել անձնուրացման ու ինքնամոռացումի սեփական նպաստը: Այս հարցում ևս, նա քայլում է բոլորի առջևից, ուրախությամբ ընդունելով մահվան դատապարտությունը և սեփական կյանքն ընծայելով ի նպաստ Եկեղեցու: Եվ այդ ամենը կատարում է գերազանց պարզությամբ ու բնականությամբ: Եվ, և՛ս մեկ անգամ, որպեսզի ամենաամբողջական ու անմնացորդ կերպով իրագործվի միությունը. «Եթե ձեր մեջ չկարողանա ներթափանցել ձեզ նեղելու ու չարչրկելու ի զորու որևիցէ մի վեճ, ուրեմն դուք ապրում եք Աստծո համաձայն: Ես քավության զոհ եմ ձեր համար ... » (Եփես. Ը 1):

[1] Նման արտահայտությունների հանդիպում ենք նաև Պողոս Առաքյալի նամակներում: Տե՛ս, օրինակի համար, Փլպ 3, 2. «Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից ... »: («Շուն» եզրը այդ ժամանակ հոմանիշ էր «կռապաշտ» հասկացողությանը, կուռքերի պաշտամունքով շնացողի իմաստով)։
[2] «Հիսուս Քրիստոս» անունը (կամ «Քրիստոս Հիսուս», կամ «Հիսուս», կամ «Քրիստոս») հետևյալ հաճախականությամբ է հանդիպում Իգնատիոսի նամակներում. Եփես.՝ 33, Մագն.՝ 23, Թրալ.՝ 19, Հռոմ.՝ 20, Ֆիլ.՝ 22, Զմյուռ.՝ 15, Պող.՝ 3: Ընդամենը՝ 135 անգամ: Ինքնըստինքյան խոսող թվեր են:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։