Համախոհության հրավեր – Գրադարան – Mashtoz.org

Համախոհության հրավեր

Զ. – 1. Ուստի, քանի որ քիչ առաջ հիշատակածս անձանց մեջ հավատքով տեսա և սիրով ընդունեցի ձեր ամբողջ համայնքը, արդ հորդորում եմ ձեզ. ջանացեք ամեն բան կատարել Աստծո մեջ համախոհությամբ, Եպիսկոպոսի նախագահությամբ, որն Աստծո փոխանորդն է, քահանաների ու սարկավագների հետ միասին. քահանաների, որոնք Առաքյալների դասի տեղապահներն են, և ինձ հույժ սիրելի սարկավագների, որոնց վստահված է սպասավորության պաշտոնը Հիսուս Քրիստոսի, որն ի հավիտենից Հոր մոտ էր և հայտնվեց, երբ ժամանակներն հասան իրենց լրումին:

 

2. Դուք բոլորդ էլ, հետևաբար, Աստծուն կերպարանակից դառնալով՝ միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք ունեցեք. ոչ ոք իր մերձավորին թող չդիտի սոսկ մարմնավոր հայացքով[1], այլ՝ Հիսուս Քրիստոսի մեջ միշտ սիրեցեք միմյանց: Թող ձեր մեջ տեղ չգտնի ոչինչ, որ կարող է բաժանել ձեզ, այլ ընդհակառակն՝ միացած մնացեք Եպիսկոպոսին ու երեցներին որպես անապականության նշան և ուսուցում:

[1] Տվյալ դեպքում «մարմնավոր» վարմունքը հակասում է այն մյուս վարմունքին, որի բնորոշ հատկանիշը «Հիսուս Քրիստոսի մեջ» լինելն է: Իգնատիոսը հորդորում է մերձավորին չդիտել սոսկ նյութական չափանիշներով, այլ՝ Հիսուս Քրիստոսի մեջ, տվյալ անձի վերաբերյալ Աստծո կամքի համաձայն: Արդարև, ասում է «Աստծուն կերպարանակից դառնալով», այսինքն՝ մերը դարձնելով Նրա իսկ զգացումներն ու վարվելակերպը: Իգնատիոսը քրիստոնյաներին հորդորում է յուրաքանչյուր մարդու դիտել այն հայացքով, որով նրան դիտում է Աստված Ինքը: Միմիայն այդպես կարող է հնարավոր դառնալ հաղորդությունը Եկեղեցու ներսում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։