Հավատարիմ քրիստոնյա կլինեմ, երբ այլևս տեսանելի չեմ լինի աշխարհին – Գրադարան – Mashtoz.org

Հավատարիմ քրիստոնյա կլինեմ, երբ այլևս տեսանելի չեմ լինի աշխարհին

Գ. – 1. Դուք երբեք չարիք չեք կամեցել ոչ ոքի, մանավանդ թե՝ ուսուցանել եք ուրիշներին: Ես կամենում եմ, որ տակավին վավերական մնա այն ամենն, ինչ ուսուցանում եք ու հանձնարարում:

 

2. Իմ համար ներքին ու արտաքին ուժը խնդրեցեք միայն, որպեսզի ո՛չ միայն խոսեմ, այլ նաև՝ վճռակամ լինեմ. ո՛չ միայն քրիստոնյա կոչվեմ, այլ նաև՝ իսկապես քրիստոնյա լինեմ: Եթե քրիստոնյա լինեմ, կկարողանամ նաև քրիստոնյա անունը կրել: Իսկ հավատարիմ քրիստոնյա կլինեմ, երբ այլևս տեսանելի չեմ լինի աշխարհին:

 

3. Չկա տեսանելի մի բան, որ բարի լինի ու գեղեցիկ[1]: Մեր Աստված Հիսուս Քրիստոսն առավել հայտնի է այժմ, երբ Հոր մոտ է[2]: Քրիստոնեությունը, երբ աշխարհի կողմից ատվում է, համոզելու գործ չէ, այլ՝ մեծության[3]:

 
[1] Հարկավոր է ճիշտ հասկանալ Իգնատիոսի միտքը: Տեսանելի արարչությունն իր մեջ հայելացնում է Արարիչ Աստծո՝ գերագույն Բարության ու Գեղեցկության պատկերը, բայց սկզբնական մեղքի պատճառով այդ պատկերն աղավաղվել է: Ինչպես նաև, Իգնատիոսն ասում է, որ իրական բարությունն ու գեղեցկությունը արտաքին տեսանելի կերպարանքի մեջ չեն, և տեսքը երբեմն կարող է թաքցնել դրանք:
[2] Մարդու փրկագործությունն իր կատարելությանը հասնում է այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսը բազմում է Հոր աջ կողմում: «Հոր մոտ» առավել հայտնի է դառնում Նրա իրականությունը, Նրա իսկությունը որպես Որդի: Եվ այդպես նաև ամեն մի մարդ. իր իսկությունը գտնում է «Հոր մոտ»: Եվ ամբողջ տեսանելի արարչությունը նույնպես, որ կորցրել է իր սկզբնական բարությունն ու գեղեցկությունը, հեծեծում է ու տառապում, և անհամբեր սպասում է Աստծո որդիների այդ կատարյալ հայտնությանը (հմմտ. Հռմ 8, 19-22):
[3] Իգնատիոսը կարողացել է վեհ ու վսեմ մտքեր խտացնել սակավաթիվ տողերի մեջ: Քրիստոնեությունը համոզելու հարց չէ, ասում է, այլ՝ վկայության: Եթե քրիստոնյա անունն ենք սոսկ կրում, աշխարհն իրավամբ ատում է մեզ: Տրվելիք միակ պատասխանը, Իգնատիոսի համաձայն, քրիստոնեական մեծությունն է. «Ով կամենում է ձեր մեջ մեծ լինել, թող ձեր ծառան լինի» (Մրկ 10, 43): Ուսուցանում է սիրո մեծությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։