Հավատում եմ Հիսուս Քրիստոսի շնորհին – Գրադարան – Mashtoz.org

Հավատում եմ Հիսուս Քրիստոսի շնորհին

Ը. – 1. Ես, ուստի, որքանով որ դա իմ պաշտոնն էր, գործեցի որպես միությանը հակված մի մարդ: Ուր կա բաժանում ու զայրույթ, այնտեղ չի բնակվում Աստված: Արդարև, Տերը ներում է բոլոր նրանց, ովքեր դարձի են գալիս, եթե դարձի են գալիս Աստծո հետ միությանը և Եպիսկոպոսի հետ հաղորդությանը: Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի շնորհին. Նա կարձակի ձեր բոլոր կապանքները:

 

2. Հորդորում եմ ձեզ, որ ոչինչ չանեք հակաճառության մոլուցքից դրդված, այլ՝ հետևելով Քրիստոսի ուսուցմանը: Լսեցի, թե ինչպես էին ոմանք ասում. «Եթե գրապահոցում[1] չգտնեմ դրա մասին գրված ոչինչ, չեմ հավատա Ավետարանին»: Այդպիսիներին պատասխանում էի. «Այո՛, գրված է»: Նրանք, սակայն, շարունակում էին. «Բայց հենց այդտեղ է խնդիրը»: Իմ համար գրապահոցը Հիսուս Քրիստոսն է, և անձեռնմխելի գրապահոցներ են Նրա Խաչը, Մահը, Նրա Հարությունը և Հավատքը, որ մեզ գալիս է Նրա միջոցով: Այս իրողություններով եմ ես կամենում արդարանալ, ձեր աղոթքների շնորհիվ:

[1] Ոմանք Ավետարանին հավատալու համար փաստարկներ էին պահանջում հրեական ու հեթանոսական հին գրականությունից, մանավանդ Հուդայականներն էին այդպիսի ապացույցներ պահանջում հինկտակարանյան մարգարեություններից: Իգնատիոսը նախ հաստատում է, որ այդ փաստարկները կան, բայց կտրուկ կերպով ավելացնում է, որ իր հավատքի միակ հիմքը Ինքը Հիսուս Քրիստոսն է Իր Խաչով, Մահվամբ և Հարությամբ: Մյուսներին, մինչդեռ, կարծես թե չի էլ հետաքրքրում ճշմարտության ձեռքբերումը. նրանք հակաճառության մոլուցքից դրդված են միայն խոսում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։