Հավատքի դավանություն ընդդեմ Դոկետների – Գրադարան – Mashtoz.org

Հավատքի դավանություն ընդդեմ Դոկետների

Թ. – 1. Փակեք, ուստի, ձեր ականջները, երբ ինչ որ մեկը Հիսուս Քրիստոսի մասին ձեզ խոսում է առանց ասելու, որ Դավթի սերնդից էր[1], Մարիամի որդին, որ իսկապես[2] ծնվեց, կերավ և խմեց. իսկապես հալածվեց Պոնտացի Պիղատոսի օրոք. իսկապես խաչվեց ու մահացավ երկնաբնակների, երկրաբնակների ու սանդարամետականների աչքի առաջ:

 

2. Նա իսկապես հարություն առավ մեռելներից, որովհետև Նրա Հայրը Նրան հարություն տվեց: Նույն կերպ Հայրը Հիսուս Քրիստոսի մեջ հարություն կտա նաև մեզ, որ հավատում ենք Նրան: Առանց Նրա մենք չունենք ճշմարիտ կյանքը:

 

Ժ. Եթե ճշմարիտ լիներ այն, ինչ ասում են որոշ անաստվածներ, այսինքն՝ անհավատներ, թե իբր Նա թվացյալ կերպով տառապեց, – մինչ հենց իրենք են թվացյալ գոյություններ[3], – ուրեմն ինչի՞ համար եմ ես շղթաներ կրում, ինչի՞ համար եմ նաև փափաքում կռվել գազանների դեմ: Ի զո՞ւր եմ ես, ուրեմն, մահվան մատնում անձս: Կե՞ղծ է, ուրեմն, Տիրոջ մասին իմ ավետիսը[4]:

 
[1] Հմմտ. Հվհ 7, 42; Հռմ 1, 3; 2Տմ 2, 8.
[2] Սկսվում է առավել ակնհայտ կերպով ջատագովական մի հատված ընդդեմ հերետիկոսների: Դոկետներին, որոնք ուսուցանում էին, թե Հիսուս Քրիստոսը չունեցավ մարդկային իրական, այլ՝ սոսկ երևութական մարմին, Իգնատիոսն ընդդիմանում է Մարդեղության իրականության հանդեպ իր հավատքով, պնդելով «իսկապես» մակբայի գործածման վրա: Երկու դար անց, Աթանաս Ալեքսանդրացին գրում է. «Աստծո Խոսքը մարմին առավ, մեր մարմնին հավասար մարմին, քանի որ Նա չկամեցավ պարզապես բնակվել մի մարմնում կամ սոսկ թվալ մարդ» (Ճառ Խոսքի մարդեղության մասին, Ը):
[3] Հետաքրքրական է Իգնատիոսի միտքը. քանի որ միմիայն Քրիստոսն է այն հաստատուն վեմը, որի վրա արժե կերտել սեփական գոյությունը (հմմտ. Մտթ 7, 24-25), հերետիկոսները անձինք են, որոնց գոյությունը զուրկ է իսկությունից, թվացյալ գոյություններ են, ուրվականներ:
[4] Իգնատիոսի խոսքերն ակնհայտորեն արձագանքում են Պողոս Առաքյալի մտքին, երբ նա կորնթացիներին գրում էր Քրիստոսի հարության մասին: Հմմտ. 1Կր 15, 12-15.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։