Հրաժեշտի ողջույններ – Գրադարան – Mashtoz.org

Հրաժեշտի ողջույններ

ԺԲ. – 1. Ձեզ ողջունում է Տրովադայի եղբայրների սերը: Այնտեղից եմ գրում ձեզ Բուրրոսի միջոցով. նրան – եփեսացիների՝ ձեր եղբայրների հետ համաձայնությամբ – ուղարկեցիք իմ հետ և նա ինձ մխիթարանք եղավ ամեն ինչում: Երանի՜ թե ամեն ոք նրա նման լիներ, քանի որ տիպար օրինակ է, թե ինչպէ՛ս է հարկավոր ծառայել Աստծուն: Տիրոջ շնորհը վարձահատույց կլինի նրան ամեն ինչում:

 

2. Ողջունում եմ Աստծուն արժանի ձեր Եպիսկոպոսին[1], քահանայից սրբազան դասին, սարկավագներին՝ իմ ծառայակիցներին, և բոլորին – անհատաբար և միասին – Հիսուս Քրիստոսի անվամբ, Նրա մարմնով և արյամբ, Նրա չարչարանքներով և հարությամբ, Աստծո և ձեր հետ մարմնի ու հոգու միությամբ: Շնորհ ձեզ, ողորմություն, խաղաղություն և հարատևություն ընդմիշտ:

 

ԺԳ. – 1. Ողջունում եմ իմ եղբայրների ընտանիքներին, կանանց և որդիների հետ միասին, և «այրիներ» կոչվող կույսերին[2]: Անհողդողդ մնացեք Հոգու զորությամբ: Ձեզ ողջունում է Փիլոնը, որ իմ հետ է:

 

2. Ողջունում եմ Տավիայի ընտանիքին և մաղթում եմ, որ հիմնված լինի հավատքի և մարմնավոր ու հոգևոր սիրո վրա: Ողջունում եմ ինձ շատ սիրելի Աղկիային, աննման Դափնոսին, Եվտեկնոսին և բոլորին անուն առ անուն: Անհողդողդ մնացեք Աստծո շնորհի մեջ:

 
[1] Խոսքը վերաբերվում է Պողիկարպոսին, Զմյուռնիայի երիտասարդ Եպիսկոպոսին, որին Իգնատիոսն ուղղելու էր իր հաջորդ և վերջին նամակը:
[2] Ամենայն հավանականությամբ, «կույս» ասելով այստեղ հասկացվում է կուսակրոնության ներկա վիճակը, անկախ այն բանից, թե տվյալ անձը անցյալում ամուսնացած եղել է թե ո՛չ: Այսինքն, Իգնատիոսը ողջույն է հղում այն այրիներին, որոնք իրենց ամուսինների մահից հետո ընտրել են ո՛չ թե կրկին ամուսնանալ, այլ՝ նվիրվել Տիրոջ ծառայությանը կուսակրոնության վիճակում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։