Մեկտեղեք ձեր ջանքերը, միասին պայքարեցեք – Գրադարան – Mashtoz.org

Մեկտեղեք ձեր ջանքերը, միասին պայքարեցեք

Զ. – 1. Եպիսկոպոսի հանդեպ ակնածանք ունեցեք[1], որպեսզի Աստված էլ ձեր հանդեպ հարգանք ցուցաբերի: Ես ինձ որպես զոհ եմ ընծայում նրանց համար, ովքեր հնազանդ են Եպիսկոպոսին, քահանաներին և սարկավագներին: Երանի՜ թե նրանց հետ ես էլ մաս և բաժին ունենայի Աստծո մեջ: Մեկտեղեք ձեր ջանքերը, միասին պայքարեցեք, միասին ընթացեք, միասին տառապանք կրեք, միասին քուն մտեք և միասին արթնացեք, իբրև Աստծո տնտեսներ, սպասավորներ ու ծառաներ:

 

2. Ջանացեք հաճո լինել Նրան, Ում համար մարտնչում եք[2] և Ումից նաև ստանում եք ձեր վարձը: Թող ոչ ոք դասալիք չգտնվի: Ձեր մկրտությունը թող մնա որպես վահան, հավատքը՝ սաղավարտ, սերը՝ նիզակ, իսկ համբերությունը՝ որպես զրահ[3]: Ձեր ավանդները ձեր բարի գործերն են, որպեսզի կարողանաք ետ ստանալ ձեր հասանելիքը պատշաճ չափով: Ուստի, մեկդ մյուսի նկատմամբ մեծահոգի եղեք, հեզությամբ, ինչպես Աստված Ինքն է ձեր նկատմամբ վարվում: Թող որ ես ընդմիշտ կարողանամ վայելել ձեզնից եկող բերկրանքը:

 
[1] Թեև նամակն ուղղված է անձամբ Պողիկարպոսին, այդուհանդերձ՝ Իգնատիոսն այստեղ խոսքն ուղղում է Զմյուռնիայի բոլոր քրիստոնյաներին: Սակավաթիվ տողերում նա խտացնում է իրեն հոգեհարազատ բոլոր հարցերը. հնազանդություն Եպիսկոպոսին, միասնականություն, անսասան հավատարմություն նեղությունների մեջ, փոխադարձ բարյացակամություն:
[2] Հմմտ. 2Տմ 2, 4.
[3] Հմմտ. Եփս 6, 13-17; 1Թղ 5, 8.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։